Լրահոս
Օրվա լրահոսը

Թոշակառուների զեղչը շատ են համարել

Հունվար 19,2007 00:00

Կառավարությունն անհատական թոշակառուների արտոնությունները սահմանափակել է

Դեռ խորհրդային տարիներից մի այսպիսի ավանդույթ էր գործում, ըստ որի՝ Հայաստանում անհատական թոշակառուների ընտանիքները կոմունալ ծախսերը վճարելիս օգտվում էին 50% զեղչի արտոնությունից: Այդպիսի արտոնություն ունեին, օրինակ, Հայրենական պատերազմի վետերանները, Սոցիալիստական աշխատանքի, Մարտական փառքի շքանշանակիրները, ՀՀ ազգային հերոսները եւ այլք: Նրանք մինչեւ վերջերս ջրի համար վճարում էին ջրաչափի ցուցմունքի ուղիղ կեսը: Սակայն ինչ մայրաքաղաքի ջրամատակարարումը ստանձնել է ֆրանսիական «Երեւան ջուր» ընկերությունը, արտոնությունները վերացել են, ինչի հետեւանքով շատ ընտանիքներ փաստի առաջ են կանգնել. «Երեւան ջուրը» անհատական թոշակառու ունեցող ընտանիքներին պարտքերի ցուցակ է ներկայացրել՝ տեղեկացնելով, որ այսուհետեւ զեղչը ոչ թե ամբողջ ընտանիքի, այլ միայն թոշակառուի սպառած ջրի համար է գործում:

Աբովյան 26 հասցեի 85 բնակարանում ապրող անհատական թոշակառու Էդուարդ Մարգարյանը բոլորովին պատահական է պարզել, որ արդեն քանի ամիս է՝ իրենց ընտանիքն այլեւս արտոնություն չունի եւ որ իրենք ջրմուղին 12 հազար դրամ պարտք ունեն: Ավելի ուշ թոշակառուին «Երեւան ջրից» պարզաբանել են, որ 50 տոկոս զեղչի կարգը գործել է մինչեւ 2006-ի հունիսը, այդ ամսից սկսած՝ ընտանիքը պետք է իր ծախսած ջրի համար վճարի 100 տոկոսով, եւ միայն թոշակառուն՝ 50 տոկոսով:

Նկատենք, որ անհատական թոշակառուների համար կիրառվող զեղչերի դիմաց ջրմուղին փոխհատուցել է ՀՀ կառավարությունը, սակայն 2006-ի հունիսից, կառավարության որոշմամբ՝ փոխհատուցման չափը փոխվել է:

«Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ թոշակառուները ժամանակին չեն ծանուցվել, որ իրենց արտոնությունները մասամբ են գործում եւ այդ մասին իմացել են միայն 2007-ի հունվարին, «Երեւան ջուր» ընկերության ֆինանսական բաժնի տնօրեն Հովհաննես Մարությանը պատասխանեց. «Այո, մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք, բայց բնակիչներն էլ են մեղավոր, հեռուստատեսությամբ եւ թերթերով այդ որոշման մասին ասվել է, մենք էլ մոռացել էինք, որ մեր ազգը հեռուստացույց համարյա չի նայում, թերթ քիչ է կարդում, որպեսզի հավելյալ զգուշացնեինք»: Պարոն Մարությանի պարզաբանմամբ՝ «քանի որ «Երեւան ջուրը» եկել է 2006-ի հունիսին, այդ ժամանակից ի վեր ՀՀ կառավարությունն այլեւս անհատական թոշակառուների ընտանիքների համար զեղչ չի անում, դրա համար էլ մենք նոր հաշվարկներ ենք կատարել՝ միայն անհատական թոշակառուի ջրի վարձը զեղչով գանձելու»:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ բնակիչներին անակնկալի են բերել եւ ընտանիքները չեն կարող պարտքերը միանգամից մարել, «Երեւան ջրից» խոստացան՝ «թող դիմեն մեզ, հնարավոր է՝ ընդհանուր համաձայնության գանք, եւ նրանք վճարումները մաս-մաս կատարեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել