Ասում է «Էրեբունի» հյուրանոցից վտարված 70-ամյա փախստականը
Շուտով իր 70-ամյակը բոլորող Ռուդոլֆ Ստեփանյանը, ով 1989թ. սեպտեմբերի 1-ին է Բաքվից Հայաստան տեղափոխվել ադրբեջանցիների հերթական զոհը չլինելու մտավախությունից, 1990թ.-ից ի վեր Հայաստանում փախստականի կարգավիճակ ու համապատասխան վկայական ունի: Այդ վկայականում իբրեւ «բնակության վայր» այսօր էլ նշված է՝ «ք. Երեւան, հյուրանոց «Էրեբունի» 520»:
Այն, ինչ ներկայացրեց մեզ այս բավականին բարեկիրթ ծերունին՝ իսկական ողբերգություն է: Մարդը մոտ 18 տարի առաջ ճակատագրի բերումով ստիպված է եղել լքել Բաքուն, որտեղ աշխատանք ու տուն է ունեցել: Տեղափոխվել է Հայաստան, ուր նրան ու մորը՝ որպես փախստականների, ՀՀ պատկան մարմինները ժամանակին տեղավորել են նախկին ՀԱՄԽ-ի վարչական շենքի վթարային սենյակներից մեկում: 1990թ. օգոստոսից ի վեր նրանք մի կերպ տեղափոխվել էին, ըստ էության, արդեն չգործող «Էրեբունի» հյուրանոցի դարձյալ վթարային սենյակներից մեկը: Հյուրանոցն այդ ժամանակահատվածում ծառայում էր որպես աղետի գոտու տուժածների ու փախստականների ժամանակավոր կացարան: 98-ին Ռ. Ստեփանյանի մայրը մահացել էր: 2004-ին Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամի սեփականությունը հանդիսացող «Էրեբունի» հյուրանոցի 2-րդ մասնաշենքի ու հիմնադրամի տնօրինությունը ժամանակավոր կենվորներին հավաքել ու ժողով էր արել՝ տեղեկացնելով, որ նրանք պետք է դուրս գան հյուրանոցից, որովհետեւ «Էրեբունի 2»-ը վաճառվում է: Ժամանակավոր բնակիչների հետ պայմանագիր էր կնքվել, ըստ որի, հիմնադրամը պարտավորվել էր հյուրանոցի 2-րդ մասնաշենքի վաճառքից ստացված դրամական միջոցներից «բարեգործական նպատակով փախստականներին գումար նվիրաբերել»՝ նրանց բնակարանային կարիքների ապահովման համար: Ռ. Ստեփանյանին բաժին էր հասել 8750 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, բայց գումարը կարող էր ստանալ միայն հյուրանոցի իր սենյակը ազատելուց հետո: Նա սենյակն ազատել չէր հասցրել, որովհետեւ այդ գումարով կացարան գնել չէր կարող ու տեղափոխվելու տեղ չուներ, գումարն էլ չէր ստացել:
Դրանից հետո հյուրանոցը վաճառվել, ասում են՝ նաեւ վերավաճառվել էր, բայց Ռ. Ստեփանյանին չէին անհանգստացրել մինչեւ անցյալ տարվա հունիսի 19-ը:
«Ես իմ վթարային մի սենյակում ո՛չ ջուր ունեի, ո՛չ հոսանք: Այդ օրը դուրս էի եկել ջուր բերելու: Դուրս գալուց հյուրանոցի անվտանգության աշխատակիցներն ինձ ոչինչ չասացին, բայց երբ վերադարձա՝ նրանք ինձ այլեւս թույլ չտվեցին վերեւ բարձրանալ: Ես մնացի փողոցում՝ առանց հագուստի ու փաստաթղթերի: Ես դիմում գրեցի Կենտրոնի դատախազություն»,- պատմեց Ռ. Ստեփանյանը: Դատախազությունը նրա դիմումը վերահասցեագրել էր Կենտրոնի ոստիկանությանը, որն էլ մեկ ամիս անց միջնորդել էր սեփականատիրոջը, որ փախստականին թույլ տան իրերը վերցնել: Ռ. Ստեփանյանը բարձրացել էր իր սենյակը, բայց նրան թույլ չէին տվել ոչինչ վերցնել՝ ասելով, որ կամ իրերն ամբողջությամբ պետք է վերցնի, կամ՝ ոչինչ: «Ինձ անգամ երկրորդ տաբատը վերցնել թույլ չտվեցին: Դուրս գալուց հետո էլ աշխատակիցներից մեկն ինձ պարտադրեց պայուսակս ցույց տալ, որ տեսնի, թե ինչ եմ տանում»,- պատմեց ծերունին: Այն, ինչ կատարվել է իր հետ՝ նա համարում է անհեթեթություն, սեւ հումոր: Ընդ որում՝ այդ օրը, երբ նրան հաջողվել էր իր սենյակ մտնել, տեսել էր, թե ինչպես է անվտանգության աշխատակիցներից մեկը «քուջուջ» անում իր իրերի մեջ: «Իրենք իրավունք չունեին առանց դատարանի որոշման՝ կալանքի տակ առնել իմ տունը, արգելել ինձ տուն մտնել կամ առանց ինձ մտնել իմ սենյակն ու քրքրել իրերս: Ոստիկանությունում ինձ ասում են՝ կրիմինալ չկա: Դա իմ վրա շատ ազդեց ու դրանից հետո ես նեւրոզով հիվանդանոց ընկա»: Իհարկե, փախստական ծերունին հաջողացրել էր գոնե փաստաթղթերը վերցնել, իսկ հագուստը հիմա նրան տալիս են ծանոթներն ու կարեկցողները, նաեւ ինքն է գնում՝ ինչ կարող է: «Առաջ իմ սենյակում ես գոնե գազ ունեի ու կարտոֆիլ էի եփում, հիմա մեքենայի խցիկում եմ ու ստիպված եմ երշիկ կամ պանիր գնել, որն ավելի թանկ է»,- իր բազմաթիվ խնդիրներից մեկը ներկայացրեց Ռ. Ստեփանյանը: Վերջինս հիմա որպես սոցիալապես անապահով, նպաստ է ստանում՝ 7 հազար դրամ ու եւս 14 հազար դրամ՝ որպես թոշակ: Բայց այս տարվանից կարող է զրկվել նպաստից, որովհետեւ վճարման համար նրանից տեղեկանք են ուզելու, իսկ տեղեկանք ինքը որեւէ տեղից ներկայացնել չի կարող: Իրավիճակից դուրս գալու ելքեր փորձել է որոնել: Ի պատասխան նրան՝ ե՛ւ Միգրացիայի վարչությունը, ե՛ւ դատախազությունն ու ոստիկանությունը ցույց են տվել դատարանի դուռը, որտեղ իրավաբանի հետ խորհրդակցելուց հետո Ռ. Ստեփանյանին ասել են, որ եթե հյուրանոցի սեփականատիրոջ հետ պայմանագիրը կնքել է՝ ուրեմն վերջ:
Իհարկե, Ռ. Ստեփանյանը, իր ասելով, առաջին տարին չէ, որ Հայրենիքում դառնություն է ճաշակում: 2000-ին բժիշկները Ռ. Ստեփանյանի մոտ չարորակ ուռուցք էին հայտնաբերել՝ 3Բ աստիճանի լիմֆոսարկոմա ու հայտարարել էին, թե բուժումն այլեւս անիմաստ է: Իհարկե նա առայժմ, բարեբախտաբար, իրեն վատ չի զգում, թեեւ բժիշկների մշտական հսկողության տակ է: Բայց անգամ այդ օրերին, երբ նա գամված է եղել անկողնուն, հյուրանոցի տնօրինությունը երկու ոստիկանների ուղեկցությամբ այցելել էին իրեն ու հրդեհավտանգ լինելու պատճառաբանությամբ հանել-տարել էին վառարանը՝ հիվանդին թողնելով սառը սենյակում: Ինքը՝ Ռ. Ստեփանյանը, այդ «օպերացիան» շատ պատկերավոր նկարագրեց. «Ինկվիզիտորների «հոպ-կոմպանիան» եկել էր երկու ոստիկանների ուղեկցությամբ՝ վառարանս տանելու: Դրանից հետո ես եւս 5 ամիս հիվանդ պառկած մնացի: Քաշս 83 կգ էր, դարձա 50 կգ»: Բայց անգամ հիվանդության հիշյալ ախտորոշմամբ Ռ. Ստեփանյանին մինչ օրս էլ չի հաջողվում 1-ին կարգի հաշմանդամի կարգավիճակ ստանալ: Նա համարվում է 2-րդ կարգի հաշմանդամ, որովհետեւ 1-ին կարգ ստանալու համար կաշառք չի տվել: «Այս երկրում իմ նկատմամբ բոլոր հնարավոր իրավունքների ոտնահարումները տեղի են ունեցել: Ես եկել էի Հայրենիք, որովհետեւ Բաքվում պատանդ էի, բայց այստեղ էլ, պարզվում է՝ զոհ եմ: Իսկ որեւէ մեկը կարո՞ղ է ասել, որ ինձ մարդավարի ապրել չի կարելի եւ ինչո՞ւ: Փաստն այն է, որ ես 7 ամիս դրսում եմ ու համարյա «բոմժ» եմ դարձել»,- փախստականի այս հարցին պատասխանելու համար քիչ թե շատ խիղճ ունեցող պաշտոնյա է փնտրվում: