Մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ Սահմանադրական իրավունք միության նախագահ Հայկ Բաբուխանյանը զբաղեցնելու է ՕԵԿ-ի համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը:
Երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայկ Բաբուխանյանն անդրադառնալով նման լուրերին՝ ասաց. «Գուշակությունների կարիք չկա: Այսօր դեռեւս բանակցային կամ ավելի ճիշտ՝ նույնիսկ խորհրդատվական փուլ է: Գիտեք, որ մեր կուսակցությունն «Արդարության» մաս է, եւ այսօրվա դրությամբ խնդիր չունենք խզելու մեր կապերը դաշինքի հետ: «Արդարության» շրջանակներում են ընթանում խորհրդատվություններ: Ասեմ, որ դաշինքը կարողացավ (թեեւ գուցե շատերը սպասում էին ավելի մեծ ակտիվություն կամ գործունեության արդյունավետություն), ի տարբերություն շատ ու շատ դաշինքների՝ «Արդարությունը» կարողացավ չփլուզվել»: Հիշեցրեց նաեւ, որ ՕԵԿ-ի հետ են քաղաքական համաձայնագիր ստորագրել. «Այդ համաձայնագիրն ուժի մեջ է: Մենք շարունակում ենք խորհրդատվությունները: Վաղուցվա բարեկամ կուսակցություններ ենք նաեւ «Դաշինք»-ի հետ: Եվ իսկապես՝ այդտեղ էլ ենք շարունակում խորհրդատվությունները: Մտածում ենք՝ ինչպես անել, որ կատարվի հիմնական ծրագիրը՝ ընդդիմությունը մեծամասնություն վերցնի»:
Պատասխանելով հարցին «Նոր ժամանակներ» կուսակցության հետ հարաբերությունների մասին՝ Հայկ Բաբուխանյանը հիշեցրեց, որ 2003-ին ՍԻՄ-ն աջակցեց Արամ Կարապետյանին, «որին ոչ ոք չգիտեր: Եվ ՍԻՄ-ի աջակցությունից հետո, երբ մենք ցույց տվեցինք մեր կարողությունը՝ անհայտ թեկնածուն ստացավ 3 տոկոս ձայն, որ քիչ չէր, եւ գրավեց 4-րդ տեղը: Կարծում եմ, որ նա պետք է շնորհակալ լինի մեր կուսակցությանը: Եվ կարծում եմ, թե այն պահվածքը, որը պրն Կարապետյանը ցուցաբերեց վերջին շրջանում՝ պատիվ չի բերում ոչ մի քաղաքական գործչի, երբ նա փորձեց դատարան գործ տալ, անհիմն թղթեր ուղարկել եւ այլն: Հուսով եմ, որ նախընտրական շրջանում, եթե այդ կուսակցությունն իսկապես ընդդիմադիր է, չի կատարում իշխանությունների պատվերը եւ չի փորձում չթույլատրված մեթոդներով խաղեր տալ ընդդիմադիր դաշտում, ուրեմն՝ պետք է զերծ մնա այլ կուսակցության ներքին գործերի մեջ խառնվելուց, առավել եւս՝ դատարանին գործ տալու պրակտիկայից»: