Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՉԻ ԲԱՐԳԱՎԱՃԻ

Հունվար 19,2007 00:00

Ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի փորձագետները համարում են, որ ԼՂ հակամարտության դիվանագիտական կարգավորումը մոտ ապագայում քիչ հավանական է, փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն:

«Ադրբեջանը էապես ավելացրել է էներգետիկ նախագծերից ստացվող իր եկամուտները եւ խոստացել է 2007-ին պաշտպանության համար ծախսել $1 մլրդ՝ 2006-ի 700 մլն-ի փոխարեն: Թեեւ Ադրբեջանի բանակը զիջում էր ՀՀ զինված ուժերին, սպառազինության մրցավազքը կարող է ահագնացնել առճակատումը հայերի կողմից վերահսկվող ԼՂ շուրջ»,- ասված է Stratfor֊ի՝ նախօրեին հրապարակած 2007 թ. կանխատեսումների մեջ: Վերլուծականի հեղինակները նաեւ նշում են, որ ինչպես եւ Վրաստանի անջատողական շրջանների պարագայում, Կոսովոյի կարգավիճակի հստակեցումը կհանգեցնի ԼՂ հակամարտության սաստկացման: «ՄԱԿ-ը գրեթե հաստատ անկախություն կշնորհի Կոսովոյին, եւ դա կդրդի Ռուսաստանին նույնը պահանջել իր սահմաններից դուրս գտնվող անջատողական տարածքների համար: ՌԴ-ն ձգտելու է մեծացնել իր ներկայությունը Աբխազիայում եւ Հարավային Օսիայում՝ խաղաղապահ գործողությունների անվան տակ, իսկ Վրաստանը համարժեք պատասխան է տալու: Հաշվի առնելով Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ լարված հարաբերությունները՝ հակամարտությունը կարող է վերաճել պատերազմի նման մի բանի»,- կանխատեսում են ամերիկացի վերլուծաբանները: Ամփոփելով, Stratfor-ի մասնագետները եզրակացնում են, որ 2007-ին «լարվածությունը Հարավային Կովկասում աճելու է»:

Երեկ ԼՂ-ի շուրջ հավանական զարգացումներին է անդրադարձել նաեւ ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթը, մասնավորաբար՝ անդրադառնալով հունվարի 23-ին Մոսկվայում կայանալիք Օսկանյան-Մամեդյարով հանդիպմանը: «ՆԳ»-ի հրապարակման հեղինակները կարծիք են հայտնել, թե այդ հանդիպումից առանձնապես մեծ հույսեր՝ կապված առաջընթացի հետ, չպետք է ակնկալել: «Ոչինչ չի հուշում «մոսկովյան ճեղքման» մեծ հավանականության մասին, եթե համադրենք Հայաստանից ինչ-որ զիջումների՝ Բաքվի սպասումները արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարության հետ, որում ասվում է հիմնախնդրի լուծման հարցում քաղաքականության անփոփոխության մասին»,- նշված է հոդվածում: Դրանում մեջբերված է նաեւ Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովի այն միտքը, թե «գնդակն այժմ հայկական կողմում է, քանի որ մենք մեր խոսքն ասել ենք»: Ազիմովը նշել է նաեւ, թե «կառուցողական փոփոխությունների հասնելու համար Բաքուն արդեն արել է հնարավոր ամեն ինչ»: Նա կոչ է արել միջնորդ երկրներին՝ ՌԴ-ին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, մանրակրկիտ մշակել կարգավորման սկզբունքները եւ դրանք թղթին հանձնել հետագա իրականացման համար: «Այդ աշխատանքը կարելի է անել մեկ ամսում, մինչդեռ կարող է հինգ տարում էլ ոչինչ չփոխվել: Ամեն ինչ կախված է քաղաքական կամքից»,- հայտարարել է Ազիմովը, հավելելով, որ իր երկրի նախագահ Ալիեւն այդ կամքը ցուցաբերել է, եւ այժմ նույնպիսի մոտեցում պետք է ցուցաբերի Հայաստանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել