Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտպանել բարոյականությունը»

Հունվար 19,2007 00:00

Այդպիսի կոչով երեկ հանդես եկավ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը

Երեկ Հայաստանի մտավորականների ֆորումի այս տարվա անդրանիկ նիստն անցավ ընդլայնված կազմով, որին ի թիվս ֆորումի ժողովներին մշտապես ներկա քաղաքական ուժերի՝ մասնակցում էին նաեւ «Այլընտրանք», «Անհնազանդություն» եւ «Հակակրիմինալ» շարժումների, նաեւ՝ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» ու «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունների ներկայացուցիչները:

Առանձնապես նոր ասելիք ու նոր գնահատականներ այս նիստի ընթացքում չհնչեցին, թերեւս այն պատճառով, որ ֆորումի՝ դեռ անցյալ տարի տեղի ունեցած վերջին նիստից հետո Հայաստանում տիրող իրավիճակում ոչինչ չի փոխվել: Իսկ այդ իրավիճակը ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը շատ պատկերավոր մատուցեց. «Իշխանամետ կուսակցությունների գործը հեշտ է: Նրանք համոզում են, թե՝ ինչպես է ժողովուրդը երկրպագում եւ օրհնում պաշտոնյաներին, նրանց մայրիկներին, որոնք մեզ պարգեւեցին այդ պաշտոնյաներին: Դժվար չէ նաեւ ընդդիմության գործը: Մոռանալով, որ նա չկարողացավ իր մեջ հաղթահարել անձնականը եւ միավորվել այնպես, ինչպես պետք է, ցույց է տալիս եւ համոզում, թե ժողովուրդն ինչպես է ատում պաշտոնյաներին եւ նորից հիշում նրանց մայրիկներին»: Ռ. Ղազարյանի ասելով, ֆորումը մտադիր չէ հետեւել ո՛չ մեկ եւ ո՛չ էլ երկրորդ օրինակներին. «Մենք փորձում ենք պաշտպանել բարոյականությունը»: Իսկ երկրում տիրող բարոյականության մասին մի-երկու կծու խոսք ասաց ֆորումի ներկայացուցիչ Հրաչյա Մաթեւոսյանը, ով նկատեց, որ այսօր հասարակության մեջ նստած է քծնողն ու ստրուկը: Նկատի ունենալով դեռ անցյալ տարվա ընթացքում ֆորումի՝ Հայաստանում կրիմինալի վերաբերյալ հնչեցրած գնահատականների ու այդ առնչությամբ արված հայտնի հայտարարության առնչությամբ մի խումբ այլ՝ «պետականամետ» մտավորականների կոշտ ու կոպիտ արձագանքը՝ պետք է ենթադրել, որ քծնողներ ու ստրուկներ կան նաեւ մտավորականության շարքերում: Համենայնդեպս, ֆորումի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը, խոսելով երկրում տիրող վիճակի մասին, կարծիք հայտնեց, թե Հայաստանում չկա քաղաքական որեւէ ուժ, որը կվայելեր հասարակության վստահությունն ու համակրանքն այն աստիճանի, որ ի վիճակի լիներ հեղափոխություն անել: Ըստ նրա, նման իրավիճակներում սովորաբար մտավորականներն են կարողացել հասարակությանը համախմբողի դերը ստանձնել, բայց այսօր, ըստ նրա, թեեւ «մտավորականներ ունենք, բայց չունենք մտավորականություն»:

Այն, որ երկիրը, ինչպես Խորեն Պալյանն ասաց՝ «օրհասից» փրկելու համար միայն կուսակցությունների ուժը չի պատի, ֆորումի նիստին մասնակցող, թերեւս, բոլոր ներկաներն էին ընդունում: «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի ասելով էլ՝ եթե ամեն մի հայ չզինվորագրվի «ռեժիմի դեմ պայքարի գործին»՝ իշխանափոխությանը, առաջիկա ընտրություններում էլ կկրկնվի այն, ինչ եղել է նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ:

Ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալու համար ԱԺՄ ներկայացուցիչն իր հերթին առաջարկեց ստեղծել ընդդիմադիր կուսակցությունների խորհուրդ՝ առաջիկա ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու եւ 41 մեծամասնական ընտրատարածքներում ընդդիմության թեկնածուներին պաշտպանելու համար:

Երեկ ֆորումի նիստում հնչած այս եւ այլ առաջարկները քննարկելուց հետո՝ արդեն հունվարի 22-ին, Մտավորականների ֆորումը կձեւակերպի իր դիրքորոշումն ու մոտեցումները դրանց առնչությամբ ու հանդես կգա հայտարարությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել