Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԵՆ

Հունվար 19,2007 00:00

\"\"Ովքեր են ընտրվելու երկու հիմնական իշխանամետ կուսակցությունների ցուցակներում

Բոլոր կուսակցություններում այսօր թիվ մեկ խնդիրը խորհրդարանական ընտրություններն են եւ կուսակցությունների համամասնական ցուցակների կազմումը: Այս հարցը շատերին թշնամացնում է, ոմանց էլ անսպասելիորեն բարեկամ դարձնում։ Այսօր գրեթե բոլոր կուսակցությունները համամասնական ցուցակների մասին հարցին պատասխանելով՝ ասում են հերթապահ նախադասություններ, եւ ձեւ են անում, թե այդ հարցերը դեռ չեն քննարկվում: Սակայն իրականում, հատկապես իշխանական կուսակցություններում, բուռն թափով ընթանում են ցուցակագրման աշխատանքներ: Հիմա շատերն են փորձում ինքզինքը ներկայացնել, «բազարների» մեջ մտնել, «շեֆին» համոզել, կուրծք ծեծել, թե կուսակցության գործերը իրենից լավ ոչ ոք չի կարող իրականացնել, փորձում են ապացուցել, որ իրենք երբեք սխալ կոճակ չեն սեղմել եւ ի վիճակի են ընտրություններում կուսակցությանը բերել հազարավոր ձայներ։

Բնականաբար, առավել հետաքրքրություն են ներկայացնում երկու իշխանամետ կուսակցությունների ցուցակները։ Ըստ իշխանական թվաբանության, ՀՀԿ-ն համամասնականով ստանալու է մոտավորապես 30 տեղ, եւ այս կուսակցության միայն խորհուրդն արդեն մի հսկա մարմին է՝ «գաղափարականների» կողքին այստեղ կան գործարարներ, հեղինակություններ եւ այլն։ ՀՀԿ-ում քննարկումները շարունակվում են, բայց դրանք ընթանում են ոչ թե կուսակցության խորհրդում կամ նիստերում, այլ Սերժ Սարգսյանի եւ Անդրանիկ Մարգարյանի միջեւ: Այս երկու հանրապետականներն են որոշում, թե ով որ տեղում է լինելու, ով է մեծամասնականով ընտրվելու եւ ով է հրաժեշտ տալու պատգամավորի աթոռին ընդհանրապես: Մեզ հաջողվեց պարզել, որ, այնուամենայնիվ, որոշ հստակություն արդեն կա: Պարզ է, որ կուսակցության ցուցակը կգլխավորի Անդրանիկ Մարգարյանը: Հին նոր տարին նշելու հրավիրված լրագրողների հարցին պատասխանելով՝ վարչապետը դա չթաքցրեց: Երկրորդ տեղը, ինչպես եւ նախորդ ընտրություններում, կզբաղեցնի Սերժ Սարգսյանը: Երրորդը կլինի Տիգրան Թորոսյանը: Ըստ մեր աղբյուրների, առաջնային տեղ կզբաղեցնի «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը: Այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով վերջինիս մոսկովյան կապերը, ֆինանսական հնարավորությունները, ռուսաստանյան հայերի տրամադրությունները։ Առաջին հնգյակում կլինի նաեւ համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը: Մեզ հայտնի դարձավ, որ Հանրապետականը իր սկզբունքներին հավատարիմ՝ այս անգամ էլ խորհրդարան կբերի ակտիվ երիտասարդների, այդ թվում՝ սոցիալական ապահովության հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանի տիկնոջը՝ մշակույթի այսօրվա փոխնախարար Լիլիթ Ասատրյանին, նաեւ երիտասարդական թեւի նախագահ Կարեն Ավագյանին, Արտակ Զաքարյանին, Էդիկ Շարմազանովին: Պատգամավորական մանդատին, ըստ ամենայնի, հրաժեշտ կտան նրանք, ովքեր Հանրապետական էին դարձել Վազգեն Սարգսյանի օրոք եւ նրա կողմից էին ժամանակին նշանակվել պետական պաշտոնների: Այդ շարքում են սոցիալական ապահովության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Մարտիրոսյանը եւ առողջապահության նախկին նախարար, պատգամավոր Արարատ Մկրտչյանը: Պատգամավոր չեն լինի նաեւ գաղափարական թեւի այլ ներկայացուցիչներ՝ Վազգեն Կարախանյանը (վերջինիս, ըստ ամենայնի, ընտրություններից հետո մի գործ կտրվի), խորհրդարան չի գա նաեւ Եղեգնաձորից ընտրված պատգամավոր Վարդգես Մաթեւոսյանը: Փոխարենը՝ Հանրապետականը տեղեր կավելացնի կանանց համար: ՀՀԿ-ի ցուցակով դարձյալ խորհրդարան կգա Հերմինե Նաղդալյանը, Հրանուշ Հակոբյանը ՀՀԿ-ի հետ կլինի, բայց խորհրդարան կգա մեծամասնականով, իսկ նրա «զեմլյակ» Տիգրան Արզաքանցյանին կբացատրեն, որ ինքն այս անգամ ցուցակով է գնալու: Խորհրդարան կգա նաեւ գործարար-բանկիր Նարինե Կարապետյանը: Ըստ ամենայնի, ՀՀԿ-ն ընտրություններից առաջ որոշ փոփոխություններ կանի նաեւ գործադիր մարմնում. ըստ այդմ, բնապահպանության փոխնախարար կնշանակվի Արման Սահակյանը: Ըստ մեր տեղեկությունների, ընտրություններից հետո գործադիրում պաշտոն կտրվի նաեւ Գալուստ Սահակյանին: ՀՀԿ-ի համար բավականին դժվարին վիճակ է նաեւ մեծամասնական տեղերի հարցում: Այստեղ է, որ Սերժ Սարգսյանը եւ Անդրանիկ Մարգարյանը լուրջ քննարկելու հարցեր ունեն: Հիշեցնենք, որ դեռեւս տարեվերջին նորաթուխ հանրապետական Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյովիկը) իմանալով, որ «Բարգավաճ Հայաստանը» Երեւանում իր կողմից «սեփականաշնորհված» ընտրատարածքում (թիվ 6) իր թեկնածուն է ունենալու, հայտարարել էր. «Ես գիտեմ, վերջը այդ հարցերը կրակոցներով են լուծվելու»: Քանի դեռ գործը դրան չի հասել, իշխանական ուժերը փորձում են իրար հետ լեզու գտնել:

Անցնենք «Բարգավաճ Հայաստանին»: Այս կուսակցության համամասնական ցուցակի մասին ոչ ոք ոչինչ չգիտի: Հայտարարված է, որ «Բարգավաճ Հայաստանը» մոտ կես միլիոն անդամ ունի, այդուհանդերձ, ցուցակը կազմելու գործում Գագիկ Ծառուկյանի համար դժվարին ընտրություն է լինելու: Հիշեցնենք, որ որպես կուսակցության նախագահ, իր տված առաջին հարցազրույցում պարոն Ծառուկյանը հայտարարել էր, որ իր կուսակցության ցուցակում չեն լինելու վարկաբեկված մարդիկ, չեն լինելու պաշտոնյաներ, այլ կլինեն բացառապես հասարակության կողմից ընդունված եւ սիրված մարդիկ: Եթե այդպես է, ուրեմն ԲՀԿ-ի ցուցակում չեն լինի նախարարներ Վարդան Օսկանյանն ու Դավիթ Հարությունյանը։ Սակայն որոշ անուններ եւս արդեն հայտնի են. մասնավորապես, ասում են, հենց «ԲՀ»-ի ցուցակում են լինելու կապի եւ տրանսպորտի փոխնախարար Վարդան Վարդանյանը, Սպորտկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանը։ Ըստ մեր տեղեկությունների, չի բացառվում, որ վերջինս խորհրդարանական ընտրություններին կմասնակցի մեծամասնականով, քանի որ Գագիկ Ծառուկյանի` կուսակցական ցուցակը գլխավորելու դեպքում, վերջինիս ընտրատարածքը ազատվում է։ Հավանաբար, «ԲՀ»-ի ցուցակում կլինեն նաեւ նախկին ՀԺԿ-ական Էմմա Խուդաբաշյանը եւ «Գարուն» կարի արտադրական միավորման տնօրեն Գոհար Ենոքյանը։

Հ. Գ. Մյուս կուսակցությունների ցուցակների մասին՝ ավելի ուշ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել