Նախագահի հնարավոր թեկնածուների մասին ասում է պաշտպանության նախկին նախարար, «Ազգային վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Վաղարշակ Հարությունյանը:
– Ազգային անվտանգության հայեցակարգն արդեն բերվել է վերջնական տեսքի: Ձեր կարծիքով, այն իրոք կարո՞ղ է հիմք դառնալ, որ արտաքին քաղաքական հարցերում մեր պաշտոնյաները հանդես գան միասնական դիրքորոշմամբ, թե՞ այս փաստաթուղթն ուղղակի Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի մի բաղկացուցիչն է:
– Անկախ ամեն ինչից, թե ինչի մաս է սա կազմում՝ ես դրական եմ համարում նման հայեցակարգի ստեղծումը: Ե՛վ ես, ե՛ւ մեր կուսակցությունն արդեն երկար տարիներ է, ինչ խոսում ենք նման փաստաթղթի անհրաժեշտության մասին: Եվ անկախ նրանից, թե ինչ որակի է այն, դրական եմ համարում, որ ի վերջո՝ ծնվեց նման փաստաթուղթ, եւ որ դրա քննարկմանը մասնակցեցին լայն շրջանակներ՝ ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր: Այն ունեցավ իր դրական ազդեցությունը:
Որպես բացթողում պիտի նշեմ, որ այս փաստաթուղթը ոչ թե «ներքեւից» է եկել, այլ ծնվել է «վերեւում», եւ այդ պատճառով էլ առկա են սխալներ՝ Հայաստանի տնտեսական եւ այլ ոլորտներում իրավիճակի հստակ նկարագրության ու սպառնալիքների առումով:
Փաստաթուղթը պիտի չմշակեր պաշտպանության նախարարության մի ստորաբաժանումը, քանի որ ռազմական անվտանգության ոլորտը հայեցակարգի բաղկացուցիչներից ընդամենը մեկն է: Հայեցակարգի ստեղծման գործում առավել առանցքային դերակատարություն պիտի ունենար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը:
– Ձեր կանխատեսմամբ՝ այս հայեցակարգը կամ ասենք Գառնիկ Իսագուլյանի ղեկավարած Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի չհրապարակվող վերլուծությունները կարո՞ղ են ազդեցություն ունենալ, որ վերանայվի վարվող ներքին եւ արտաքին քաղաքականությունը:
– Սա պայմանավորված է ավանդույթներով: Համոզված եմ, որ լիարժեք չեն ղեկավարվի այս հայեցակարգով: Եթե Սահմանադրությունն է Հայաստանում խախտվում եւ օրենքները՝ բնական է, որ ազդեցություն չի ունենա նաեւ մի փաստաթուղթ, որն ընդունվում է իբրեւ կառավարության որոշում: Ի դեպ, սա էլ եմ համարում սխալ: Այս փաստաթղթով պիտի նաեւ ՀՀ նախագահը ղեկավարվեր, ուստի հայեցակարգը պիտի ընդունվեր իբրեւ օրենք կամ գոնե նախագահի հրամանագիր:
– Եվ այնուամենայնիվ, համարո՞ւմ եք, որ պաշտպանության ներկա նախարարն արդեն իսկ սկսել է նախագահական քարոզարշավը: Սերժ Սարգսյանն ինքն անընդհատ հերքում է դա՝ նշելով, թե այդ լրագրողներն են սկսել ավելի շատ լուսաբանել իր գործունեությունը:
– (Վերջին փաստարկը լսելով՝ հարցին պատասխանելուց առաջ Վաղարշակ Հարությունյանը նախ ծիծաղեց.- Ա. Ի.): Միանշանա՛կ երեւում է ակտիվությունը: Հիմա դա ինչպես կպատճառաբանեն՝ երկրորդական է, բայց ակնհայտ է, որ կա ակտիվություն տարբեր ոլորտներում՝ հանդիպումներ տարբեր դպրոցներում եւ այլ միջոցառումներ, որոնք կապված չեն նախարարության ներկայիս գործունեության հետ:
– Ակնհա՞յտ է, որ Ռոբերտ Քոչարյանը կավարտի իր պաշտոնավարումը՝ այդպես էլ չլուծելով Ղարաբաղի հարցը, որը նրան 1998-ին բերեց իշխանության: Թե՞ գուցե հնարավորություն կա այն ժառանգություն չթողնել Հայաստանի հաջորդ նախագահին եւ, ասենք, խորհրդարանական ընտրություններին հաջորդող մի քանի ամիսների ընթացքում, մինչեւ նախագահական ընտրությունների քարոզարշավի սկիզբը՝ հասնել վճռական բեկման:
– Հարցի լուծումը պայմանավորված չէ միայն հայկական կողմի ցանկություններով: Եվ գնահատելով ներքին իրավիճակն Ադրբեջանում, նաեւ նրանց նախագահի հայտարարություններն ու պահվածքը՝ ես վստահ եմ, որ մոտակա ժամանակներս՝ առնվազն մինչեւ Հայաստանի նախագահական ընտրությունները, այդ հարցը չի լուծվի:
– Իսկ Ձեզ համար հստա՞կ է՝ իշխանությունը որոշե՞լ է իր «ժառանգորդին»: Միանշանա՞կ է, թե այն հենց Սերժ Սարգսյանն է, թե՞ գուցե այնուամենայնիվ հնարավոր են անակնկալ լուծումներ՝ Վարդան Օսկանյանի, Դավիթ Հարությունյանի կամ որեւէ այլ թեկնածուի տեսքով:
– Քաղաքական բարդ գործընթացների ընթացքում միշտ մշակվում են մի քանի տարբերակներ: Համոզված եմ, որ մեզ մոտ էլ է հիմա գործում նույն տրամաբանությունն իշխանական դաշտում: Կա հիմնական թեկնածու, կան նաեւ երկրորդական՝ պահեստային տարբերակներ: Չեմ ուզում ասել, թե Ձեր տված անուններից ո՛ր մեկը ո՛րն է: