Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՆՀԱՋՈՂ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ

Հունվար 18,2007 00:00

Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող շախմատի 19-րդ կարգի միջազգային կարգի ավանդական գերմրցաշարի մասնակիցներն անցան մարաթոնյան ճանապարհի քառորդ մասը: Երեկ մրցաշարում առաջին հանգստյան օրն էր:

Չորրորդ տուրում ուժեղագույնների «A» խմբում հանդես եկող Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի արեց ռուսաստանցի Ալեքսանդր Մոտիլյովի հետ: Մյուս պարտիաներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Մագնուս Կարլսեն-Վիշվանաթան Անանդ՝ 1/2, Պյոտր Սվիդլեր-Ռուսլան Պոնոմարյով՝ 1/2, Վլադիմիր Կրամնիկ-Դավիդ Նավարա՝ 1/2, Թեյմուր Ռաջաբով-Սերգեյ Տիվյակով՝ 1:0, Վեսելին Տոպալով-Ալեքսեյ Շիրով՝ 1:0, Լյուկ վան Վելի-Սերգեյ Կարյակին՝ 1/2:

Չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի.

1. Թեյմուր Ռաջաբով՝ 3,5 միավոր,

2. Վեսելին Տոպալով՝ 3,0,

3-7. Դավիդ Նավարա, Վիշվանաթան Անանդ, Լեւոն Արոնյան, Պյոտր Սվիդլեր, Վլադիմիր Կրամնիկ՝ 2,5-ական,

8-9. Սերգեյ Կարյակին, Ռուսլան Պոնոմարյով՝ 2,0-ական,

10. Ալեքսանդր Մոտիլյով՝ 1,5,

11-13. Լյուկ վան Վելի, Սերգեյ Տիվյակով, Մագնուս Կարլսեն՝ 1,0-ական,

14. Ալեքսեյ Շիրով՝ 1/2:

Այսօր հինգերորդ տուրի զույգերն են. Կարյակին-Մոտիլյով, Շիրով-վան Վելի, Տիվյակով-Տոպալով, Նավարա-Ռաջաբով, Պոնոմարյով-Կրամնիկ, Անանդ-Սվիդլեր, Արոնյան-Կարլսեն:

Եթե ուժեղագույնների պայքարում Արոնյանի գործերը վատ չեն ընթանում, առայժմ նույնը չի կարելի ասել «B» խմբում հանդես եկող գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի մասին: Լեւոնի մտերիմ ընկերն ու մշտական մարտավկան կայացած չորս տուրերում տարել է ընդամենը մեկ հաղթանակ, մեկ պարտիայում բաժանել է միավորը եւ կրել երկու պարտություն: Հինգերորդ տուրից առաջ Գաբրիելը 1,5 միավորով 14 մասնակիցների մեջ բաժանում է 10-11-րդ հորիզոնականները: Այսօր նա ուժերը չափելու է մակեդոնացի Վլադիմիր Գեորգիեւի հետ:

Գաբրիել Սարգսյանը, ումից սովորաբար գեղեցիկ եւ արդյունավետ խաղ ենք ակնկալում, ինչպես երեւում է, առայժմ պատշաճ մարզավիճակում չէ: Ամենայն հավանականությամբ զգալ է տալիս նաեւ այն, որ նա վերջին շրջանում շատ քիչ միջազգային մրցումների է մասնակցել, հետեւաբար, մրցափորձի պակաս ունի: Այս մասին անցած տարվա վերջին «Առավոտին» տված հարցազրույցում ասել էր նաեւ Լեւոն Արոնյանը: Հուսանք, որ Վեյկ ան Զեեի մրցաշարի մնացած հատվածում Գաբրիելը կվերագտնի իր իսկական խաղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել