Մշակույթի նախարարների փոփոխության պատճառով նրան պետական կարգավիճակ շնորհելու հարցը «բացվել» ու փակվել է:
«Առավոտը» երեկ հյուրընկալեց Երեւանի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյանին: Զրույցի սկզբում խնդրեցինք պարզաբանել, թե ինչո՞ւ անցյալ տարվա ընթացքում պետական կարգավիճակ ունեցող երգչախումբը Հայաստանում այդպես էլ չունեցավ ոչ մի մենահամերգ, սակայն քանիցս հանդես եկավ արտերկրում (Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան): Պարոն Թոփիկյանը հայտնեց, որ իր ղեկավարած երգչախումբը այդպես էլ պետական կարգավիճակ չստացավ: Երբ հիշեցրինք, որ մեր օրաթերթում 2005թ. նոյեմբերին գրվել է երգչախմբի պետական կարգավիճակ ստանալու մասին, հիմք ունենալով մշակույթի նախարարությունից ստացած տեղեկատվությունը եւ մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանի՝ ասուլիսներում արած հայտարարությունը, մեր զրուցակիցը պատմեց իրենց ոդիսականի մասին: «2005թ. նոյեմբերին երգչախմբին տրվեց պետական կարգավիճակ: Նույն թվականին, մինչեւ հարցի թղթաբանական լուծումը, Գերմանիայում արդեն հանդես էինք եկել որպես Հայաստանի պետական կամերային երգչախումբ: Երբ Գերմանիայից վերադարձանք, Հովիկ Հովեյանն արդեն աշխատանքից ազատվել էր: Ինձ հրավիրեց հաջորդ նախարար Գեւորգ Գեւորգյանն ու ասաց, որ նախարարությունում հաստատված չէ երգչախմբի պետական լինելը: Նա ներողություն խնդրելով ավելացրեց, որ ոչ մի իրավական հիմք չկա, որի վրա հնարավոր կլինի շարունակել պետական կարգավիճակ շնորհելու գործընթացը, որ սկսել էր Հովեյանը»,- պատմեց պարոն Թոփիկյանը: Հարցին՝ իսկ այսօրվա մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ինչպե՞ս է պատրաստվում լուծել խնդիրը, Հ. Թոփիկյանը պատասխանեց. «Տիկին Պողոսյանի հետ խոսվել է երգչախմբի կարգավիճակի մասին, ու թեեւ նախարարի կողմից զգացել եմ ծայրաստիճան հոգածություն, բայց այդ հարցը դեռ մնում է օդում կախված: Հասկանում եմ, որ նախարարին ժամանակ է հարկավոր այդ գործընթացին նոր շունչ տալու համար: Այնուամենայնիվ, երգչախմբի 18 արտիստների հետ հավատացած ենք, որ նա կփրկի երգչախումբը»: Տեղեկացնենք, որ երգչախումբն այսօր, ինչպես նախորդ տարիներին, կրում է Երեւանի կամերային երգչախումբ անունը:
Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է հաջողվում ղեկավարին առանց աշխատավարձի ոչ միայն պահել կոլեկտիվը, այլեւ շրջագայությունների մեկնել: «Մեր արտերկրյա համերգների ֆինանսավորումը մշտապես իր վրա է վերցրել հրավիրող կողմը, իսկ արտիստները դրսում ստացել են նաեւ հոնորար»: Անդրադարձ եղավ նաեւ ժամանակին Ամենայն հայոց կաթողիկոսների կողմից կոլեկտիվի հովանավորվելուն: «Մեր երգչախումբը ստեղծվել է 1996թ., Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինի օրհնությամբ եւ պատգամով՝ ձայնագրել եւ ներկայացնել Կոմիտաս վարդապետի աշխարհիկ բոլոր խմբերգերը, որոնք մեզ հասել են անվանի երաժշտագետ Ռոբերտ Աթայանի կոմիտասյան աշխատությունից: Երջանկահիշատակ կաթողիկոսի գործը շարունակեց նաեւ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը, որը մեզ հովանավորեց մինչեւ 2004թ.: Արդյունքում թողարկվեց 5 CD»: Նշենք նաեւ, որ երգչախումբը պրոպագանդում է նաեւ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում՝ Էդգար Հովհաննիսյանի Տերյանական շարքը, 40-ից ավելի ժողովրդական երգերի մշակումները եւ, ինչպես պարոն Թոփիկյանն ասաց, հայ կոմպոզիտորների հետ տեւական աշխատանքից ծնվում են բարձրարժեք գործեր. «Օրինակ՝ Մանսուրյանի չարենցյան երգչախմբային կոնցերտը 5 տարվա ստեղծագործական բարեկամության արդյունք է»: Երգչախումբը, ինչպես զրույցի ավարտին հավաստիացրեց գեղարվեստական ղեկավար Հ. Թոփիկյանը, աշխատում է բարձր ոգեւորությամբ. «Աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւի կողմից հրավիրված ենք ապրիլին Մոսկվայում մասնակցելու իր հիմնած ու արդեն ավանդական դարձած «Հարության փառատոնին»: