ՀՀ քաղաքացիներից շատերն իրենց խոսքում պատեհ-անպատեհ հղում են անում գործող ՀՀ սահմանադրությանը, ապացուցում, որ այնտեղ է գրված, որ խախտվել են իրենց իրավունքները:
Երեկ մենք փորձեցինք յուրօրինակ հարցում անցկացնել 50-ից ավելի քաղաքացիների շրջանում՝ արդյոք նրանք ունե՞ն երկրի հիմնական օրենքն իրենց մոտ, տեղյա՞կ են գործող Սահմանադրությունից: 50 քաղաքացիներից 42-ին հարկ եղավ բացատրել, թե ինչ է նշանակում երկրի հիմնական օրենքը:
Արայիկ Խաչատրյան (ուսանող, 21 տարեկան)- Ես տանը Սահմանադրությունը չունեմ, որովհետեւ անհրաժեշտություն չեմ համարել օգտվել դրանից: Ինձ համար երկրի հիմնական օրենքը փողն է, որը ձգտում են ունենալ՝ ոչնչի առաջ կանգ չառնելով:
Սիրուշ Կարապետյան (թոշակառու, 67 տարեկան)- Առաջին անգամ եմ լսում երկրի հիմնական օրենքի մասին: Դա սոցիալական քարտը չի՞:
Սամվել Սահակյան (գործազուրկ, 32 տարեկան)- Սահմանադրություն տանը չեմ պահում ու չեմ էլ հավատում, թե սահմանադրությամբ ինչ-որ բան կփոխվի: Համ էլ ինչպես հավատամ այդ Սահմանադրությանը, երբ ամեն օր Սահմանադրական դատարանում սխալ է հանվում այս կամ այն հոդվածը:
Արամ Համբարձումյան (ուսանող, «Երամ» երիտասարդական կազմակերպության անդամ, 20 տարեկան)- Մենք տանը 3000 կտորից ավելի գիրք ունենք: Սահմանադրություն չկա: Ծախո՞ւմ են: Անձամբ բախտ չի վիճարկվել տեսնել Սահմանադրությունը: Օգտվել չեմ փորձել:
Մանիկ Առաքելյան (դատապարտյալի կին, 46 տարեկան, գործազուրկ)- Սահմանադրությունը տանը չունեմ, չեմ պահել: Սակայն ամուսնուս դատի ժամանակ նրա պաշտպանը ինչքան ասում էր, որ սահմանադրությամբ խախտվել է նրա իրավունքները, որ սահմանադրությամբ ամուսնուս հարազատներն իրավունք չունեն նրա դեմ ցուցմունք տալ, դատարանը բանի տեղ չդրեց, դեռ ձեռ առավ փաստաբանին, ասելով. «Սահմանադրությունը մենք էլ ենք կարդացել, դրանով մեզ չվախեցնես»:
Սոնա Սաֆարյան (42 տարեկան, գործազուրկ)- Հիմնական օրենքը ո՞րն է, էն որ թալանո՞ւմ են, աշխատատեղից զրկո՞ւմ մարդուն: Ինչու կարդամ մի բան, որը ինձ ոչինչ չի տալիս, որը ինձ չի պաշտպանում: Ձեր տուն աղանդավորները գրականություն չե՞ն բերում: Նույն աղանդավորներն էլ գրել են այդ Սահմանադրությունը, որը, կարծեմ, բաժանեցին ընտրությունների ժամանակ: Այդ Սահմանադրությունը երբեք չպաշտպանեց ինձ, որ երեք երեխա եմ մեծացնում, որոնց ուսման, բժշկական հարցերը լուծվում են փողով: Կարծեմ անվճար է այդ ամենը բիրդան աղաների համար:
Կարինե Մանուկյան (գիտաշխատող, 51 տարեկան)- Ոչ, տանը Սահմանադրություն չեմ պահում, բայց գիտեմ, որ մեր իրավունքները պաշտպանվում են դրանով: Գիտությունը պաշտպանվում է սահմանադրությամբ, արվեստը ծաղկում է դրանով, բոլորը պաշտպանվում են դրանով: Սակայն հարցն այն է՝ ինչպես: