Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ» ԻՐԱԿԱՆ ՇԱՐԺԱՌԻԹԸ

Հունվար 18,2007 00:00

\"\"«Առավոտի» ընթերցողը մեկնաբանում է Արտաշես Գեղամյանի վերջին հայտարարությունները

Վերջին շրջանում ներքաղաքական զարգացումների նկատմամբ ընդդիմության որդեգրած կրավորական կեցվածքը հավանական է դարձնում այն կանխատեսումները, որ թե՛ 2007թ. խորհրդարանական, թե՛ 2008թ. նախագահական ընտրություններում հաղթելու են իշխանության մոտ կանգնած ուժերն ու նրանց առաջադրած նախագահի թեկնածուն։ Իսկ ընդդիմության բողոքները, թե ընտրությունները կեղծվել են, հավանաբար, այլեւս չեն հետաքրքրելու ո՛չ հասարակությանը, ո՛չ էլ, մեծ հաշվով, միջազգային հանրությանը։ Այս համոզմանը կարող ենք գալ՝ ծանոթանալով միջազգային կազմակերպությունների անցկացրած սոցհարցումներին, համաձայն որոնց՝ ընդդիմության վարկանիշն անհամեմատ նվազել է նախորդ տարիների համեմատ։

Ընդդիմությունը, ինչպես իրենք՝ ընդդիմադիրներն են պնդում, զբաղված է տարբեր քաղաքական ուժերի հետ նոր միավորումներ ստեղծելու շուրջ բանակցություններ վարելով: Ցավալի է, բայց ընդդիմադիրները փաստորեն անգործության են մատնված: Գուցե նրանք սպասում են, որ եղանակները տաքանան, բայց դա էլ, կարծես թե, անգործության պատճառ չէ, որովհետեւ մինչեւ եղանակները տաքանան, կգա խորհրդարանական ընտրությունների ժամանակը։ Այդ ժամանակ էլ նրանք հաստատ կսկսեն տրտնջալ, թե հեռուստաընկերություններն իրենց առջեւ փակ են, ու դրա պատճառով իրենք չեն կարողանում հանրությանը ներկայացնել իրենց դիրքորոշումները։ Այսինքն՝ կսկսվի ավանդական բողոքների շարքը։ Բայց դա էլ պայքարի ձեւ չի, որովհետեւ ժողովուրդը կարծես թե հոգնել է անընդմեջ պարտություն կրողներից եւ դրանից տրտնջացողներից։

Այսօրվա ընդդիմության տիպիկ ներկայացուցիչն է Արտաշես Գեղամյանը, որը վերջերս հայտարարեց. եթե «ազգային շահն» իրեն թելադրի, ապա իր ղեկավարած «Ազգային միաբանություն» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի որեւէ քաղաքական ուժի հետ միասին։ Այսինքն՝ դաշինք կկազմի մեկ այլ քաղաքական կուսակցության հետ։ Բայց պարոն Գեղամյանի «դաշնակից լինելու» փորձը արդեն կա: Հիշենք 2003թ. նախագահական ընտրությունները, երբ նա, մի կողմ դնելով նույն «ազգային շահը» եւ փաստորեն մեծ ծառայություն մատուցելով իշխանություններին, ընտրությունների երկրորդ փուլում չսատարեց Ստեփան Դեմիրճյանին։ Այն դեպքում, երբ հենց այդ ժամանակ էր, որ «ազգային շահն»՝ ի դեմս բազմահազարանոց հանրահավաքների, թելադրում էր նրան իր ընտրազանգվածն ուղղել քվեարկելու ընդդիմության այն թեկնածուի օգտին, ով կարող էր հաղթել: Այսպիսով՝ նաեւ պարոն Գեղամյանի ջանքերով Ռոբերտ Քոչարյանը եւս մեկ անգամ դարձավ Հայաստանի նախագահ։

Այս համատեքստում պետք է դիտել նույն Արտաշես Գեղամյանի վերջին ասուլիսը. նա այդ օրն ամեն ինչ անում էր, որպեսզի արժանանա Գագիկ Ծառուկյանի ուշադրությանը, սակայն պարզվեց՝ պարոն Ծառուկյանը ավելի խելացի էր, քան կարող էր Ա. Գեղամյանը պատկերացնել։ Վերջինս ասուլիսում հայտարարեց, թե գործարարն իր կուսակցությունը ստեղծել է, որովհետեւ վախենում է Սերժ Սարգսյանից։ Գեղամյանին թվում էր՝ դա դուր կգա պարոն Ծառուկյանին, ու վերջինս վազելով կզանգի իրեն ու հանդիպման կհրավիրի, իսկ ինքն էլ Գ. Ծառուկյանին կառաջարկի միասին դաշինք կազմել հանուն «ազգային շահի»։ Կարծում եմ, Գեղամյանի՝ ասուլիս հրավիրելու նպատակը հենց սա էր։ «ԱՄ» նախագահին թվում էր, թե Սերժ Սարգսյանի եղբորն իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ մեղադրելով, Գագիկ Ծառուկյանը կհամբուրի իր ճակատը, բայց հակառակը եղավ. նույն օրը Գ. Ծառուկյանն օպերատիվորեն հերքեց Արտաշես Մամիկոնովիչի հայտարարությունները՝ այն համարելով սադրանք։ Փաստորեն, Գ. Ծառուկյանր հասկացել էր, թե իրականում պարոն Գեղամյանն իր անունը շահարկելով ինչ շահ է հետապնդել։ Գ. Ծառուկյանի այդ հայտարարությունից հետո Արտաշես Գեղամյանը լռություն է պահպանում՝ թերեւս սպառելով իր փաստարկները:

Իհարկե, գործնականում բացառվում է, որ Գ. Ծառուկյանը կփորձի համագործակցել Գեղամյանի հետ: Բայց «ԱՄ» նախագահին ուրիշ ոչինչ չէր մնում անելու, քան այդ համագործակցությունն առաջարկել «Բարգավաճ Հայաստանին»: Չէ՞ որ արդեն հայտնի է, որ Գեղամյանի փայլուն հռետորական տաղանդն այլեւս պետք չի գա իշխանություններին՝ ի դեմս, մասնավորապես, Սերժ Սարգսյանի (ի դեպ, հիշենք, թե ինչպիսի հզորությամբ է այդ տաղանդը դրսեւորվել 98-99-ին, երբ պարոն Գեղամյանը անողոք պախարակում էր «նախկին իշխանություններին»՝ ի նպաստ «ներկաների»): Իսկ ընդդիմությունն այլեւս նրան չի վստահում ու, բնականաբար, չի կարող նրան համարել հուսալի գործընկեր կամ դաշնակից։ Ճարպիկ մարդ լինելով՝ դա, բնականաբար, հասկացել է նաեւ Արտաշես Գեղամյանը: Սրանով են, իմ կարծիքով, բացատրվում նրա վերջին «դետեկտիվային բնույթի» բացահայտումները:

Բնականաբար, պատրաստակամ ենք հրապարակել նաեւ պարոն Գեղամյանի մեկնաբանությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել