Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏԱՎՏՈՏԵՍՈՒՉԻ ԳՈՐԾԻՆ ԽՓԵՑԻՆ

Հունվար 18,2007 00:00

\"\"Ոստիկանական համակարգը կբարեփոխվի՞

Ներկայումս ոստիկանությունում մեծ խառնաշփոթ է. նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ՝ համակարգում այնպիսի փոփոխություններ են եղել, որոնք անակնկալ էին ոչ միայն քաղաքացիների, այլեւ հենց իրենց՝ ոստիկանության աշխատակիցների համար: Համակարգի փոփոխությունները սկսեցին մասնավորապես պետավտոտեսչության անցակետերի փակումից: Հունվարի 1-ից սկսած՝ այլեւս պետավտոտեսուչները, որոնք այժմ վերանվանվել են ճանապարհային ոստիկաններ, փողոցում կանգնելու եւ մեքենա կանգնեցնելու իրավունք չունեն:

Ոստիկանության պաշտոնյաները պետավտոտեսչությունում տեղի ունեցած այս փոփոխությունը ներկայացնում են իբրեւ բարեփոխում՝ վստահեցնելով, որ էլ կոռուպցիա չի լինի, երթեւեկությունը կկարգավորվի, վարորդները թույլ տված խախտումների համար վճարումները կկատարեն ավելի քաղաքակիրթ տարբերակով եւ այլն: Բայց առայժմ ոչ ոք չի կարող ասել՝ նոր համակարգի ներդրումը մեր երկրի համար որքանո՞վ նպատակահարմար կլինի, եւ ընդհանրապես որեւէ դրական բան կտա՞ մեր քաղաքացիներին, թե՞ ոչ: Վարորդները մտավախություն ունեն, որ շատ ավելի վատ է լինելու. եթե նախկինում «մուծվում» էին պետավտոտեսուչին ու 500-1000 դրամով պրծնում, հիմա «մուծվելու» են ավելի վերեւների ու այդ ժամանակ արդեն 1000 դրամով ոչ մի հարց չեն կարգավորի, ընդ որում՝ փոփոխությունից էլ կոռուպցիան ոստիկանական համակարգում չի կրճատվի:

Թե ինչո՞ւ հենց հիմա իշխանությունները որոշեցին փոփոխել ոստիկանական համակարգի արատավոր կողմերը՝ կարծիքները տարբեր են: Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում շուրջ 570 պետավտոտեսուչ կա: Նրանց տված «նալոգները», ըստ երեւույթին, վերեւներին չեն գոհացրել ու վերջիններս էլ միանգամից տուն-տեղ դնելու շանս ստանալով՝ որոշել են «ճանապարհային երթեւեկության բարեփոխումներ» անվան տակ ոստիկանական համակարգում հեղաշրջում անել: Իսկ նման շանս ոստիկանությանը տվել է Համաշխարհային բանկը. հավատալով մեր իշխանությունների խոստումներին, թե իբր կոռուպցիան կրճատելու են, ՀԲ-ն 40 մլն դոլար է հատկացրել՝ կաշառակեր ոստիկաններին վերափոխելու համար: Այդ 40 մլն-ով նախատեսվում է ձեռք բերել շատ թանկարժեք սարքավորումներ, մեքենաներ, տեսախցիկներ: Տեսականորեն հնարավոր է, որ այդ սարքավորումները ձեռք բերվեն «հայկական տարբերակով»՝ գնեն ավելի էժան ու ՀԲ-ին ցույց տան ավելի մեծ գումար: Բայց եթե նույնիսկ 40 մլն-ը ծախսվի շատ արդյունավետ ու իսկապես ձեռք բերվեն շատ թանկարժեք սարքավորումներ, հարց է, թե այդ փոփոխություններն ինչպե՞ս կգործեն մեր երկրում:

Օրինակ, նախատեսված է, որ ճանապարհային ոստիկանների մեքենաներում եւ փողոցներում տեղադրվեն թաքնված տեսախցիկներ, որոնք կարձանագրեն խախտումները: Բայց անհայտ է, թե այդ տեսախցիկներն ո՞վ է սպասարկելու: Իրենց աշխատանքում միայն ռետինե ձողերի եւ սուլիչների սովոր ոստիկանները հավանաբար պետք է օպերատորական դասընթացների գնան՝ տեսախցիկի աշխատանքին տիրապետելու համար: Ճանապարհային ոստիկանը մեքենան պետք է կանգնեցնի «ծայրահեղ» դեպքում՝ ներկայացնելով խախտումի ապացուցողական նյութերն ու ձայնագրությունը: Բայց մի ոստիկանի համար ծայրահեղ կարող է համարվել արագությունը գերազանցելը, մյուսի համար՝ հետիոտնին վթարի ենթարկելը: Բացի այդ, եթե, ենթադրենք, մեքենաներից մեկը գերազանցում է տվյալ փողոցի թույլատրելի արագությունը կամ «կարմիրի տակով է անցնում», դժվար է պատկերացնել, թե տեսախցիկն ինչպե՞ս է միաժամանակ ֆիքսելու մեքենայի պետհամարանիշը, 5 մետր բարձրությամբ տեղադրված ճանապարհային երթեւեկության նշանը, ոստիկանի գործողությունները եւ այլն:

Ոստիկանությունը նախատեսում է, որ եթե թաքնված տեսախցիկը մեքենայի պետհամարանիշը ֆիքսի, վարորդի խախտումը կտրոնով կուղարկվի մեքենայի տիրոջ հասցեով: Բայց մեր երկրում մեքենաների մեծ մասը վաճառված է գլխավոր հավաստագրով, ու դրանց տերերը կարող են խոպանում լինել, այդ դեպքում ո՞վ է կատարելու վճարումը՝ պարզ չէ: Տեսախցիկով ոստիկանության աշխատանքը կարող է նաեւ այլ խնդիրներ ստեղծել: Մասնավորապես, մարդն ունի սահմանադրությամբ ամրագրված անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունք: Մեքենան մարդու անձնական իրն է, որտեղ ուրիշի մուտքը, գաղտնի նկարահանումն արգելվում են: Հաշվի առնելով հայ տղամարդկանց՝ սիրուհի պահելու թուլությունները, մի ճանապարհային կանոնի խախտումը կարող է մարդու ընտանիք քանդել ու խախտել վերջինիս սահմանադրական իրավունքը:

Նախատեսվում է նաեւ, որ ճանապարհային ոստիկանները պետք է շրջեն փողոցներում, ուստի հանրապետությունը ոստիկանների միջեւ պետք է հատվածավորեն: Այս դեպքում էլ՝ այն ոստիկանները, ովքեր «վերեւների» հետ մոտ են, «չալաղաջ» հատվածները կնայեն, օրինակ՝ Օպերայի շրջակայքը, որտեղ խախտումներ շատ են լինում, իսկ ոչ թափովները, ասենք՝ Բանգլադեշի կարճ փողոցներից մեկը, որտեղ օրը 10 մեքենա չի անցնում:

Ոստիկանությունը նախատեսում է համակարգի այս բոլոր «բարեփոխումներն» իրականացնել մինչեւ 2007-ի ավարտը, բայց հաշվի առնելով վերը նշված բոլոր խնդիրները, հավանաբար սահմանադրությունից սկսած՝ պետք է փոփոխություններ կատարվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել