Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՄԵԼ ԵՆ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ

Հունվար 18,2007 00:00

Դարթմունդյան համաժողովի տարածաշրջանային հակամարտությունների հարցերով աշխատանքային խմբի համանախագահողներ Վիտալի Նաումկինը եւ Հարոլդ Սոնդերսը Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակիչների միջեւ երկխոսության մասնակիցների անունից դիմել են Մինսկի խմբի համանախագահողներին:

Ըստ նամակի՝ երկխոսության մասնակիցները խորապես մտահոգված են այն հանգամանքով, որ «հասարակությունն անբավարար է տեղեկացված պաշտոնական բանակցությունների բովանդակության մասին, ներգրավված չէ կարգավորման գործընթացում, ուստի պատրաստ չէ ընդունել կամ աջակցել բանակցությունների հավանական արդյունքներին»: Երկխոսության մասնակիցները համանախագահողներին են ներկայացրել իրենց մշակած «Շրջանակային համաձայնագրի» նախագիծը: Երեկ ասուլիսում երկխոսության մասնակիցներից մեկը՝ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը հիշեցրեց, որ այդ համաձայնագրի մասին դրական կարծիք է հայտնել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Ի դեպ՝ նա հայ պաշտոնյաներից միակն է, որն արձագանքել է այս փաստաթղթին: Ըստ Արամ Սարգսյանի՝ մեր իշխանավորները չեն ուզում նման հարցերում հաշվի առնել ընդդիմադիրների տեսակետները: Սրանից հետո զուգահեռ տարավ Ադրբեջանի հետ, որի ե՛ւ պաշտոնական, ե՛ւ ընդդիմադիր ներկայացուցիչները ԼՂ հարցում հանդես են գալիս համակարգված դիրքորոշումներով:

Երկխոսության նաեւ ադրբեջանցի մասնակիցների անունից ուղարկված այս նամակում մտահոգություն է արտահայտված, որ ԼՂ ներկայացուցիչները չեն մասնակցում բանակցություններին, նաեւ, որ պարզություն չկա ԼՂ վերջնական կարգավիճակը որոշող հանրաքվեի անցկացման ժամկետի եւ մեխանիզմների շուրջ: Նամակում առաջարկ կա, որ Մինսկի խումբը ձեռնարկի մի շարք առաջնահերթ քայլեր: Դրանցից է ինչպես բարձրագույն մակարդակով համաձայնությունը բռնությունը եւ թշնամական քարոզչությունը փոխադարձաբար մերժելու վերաբերյալ, այնպես էլ աշխատանքային ստաժի, բնակության վայրի եւ փախստականներին ու տեղահանվածներին թոշակներ կամ փոխհատուցումներ ստանալու համար անհրաժեշտ արխիվային այլ փաստաթղթերի փոխանակում կազմակերպելը:

Արամ Սարգսյանը հայտնեց, որ համանախագահողներն արդեն ստացել են այս նամակը եւ որոշել այն քննարկել հունվարի կեսից հետո կայանալիք իրենց հերթական հանդիպման ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել