Իսկ «Jane՚s» հետազոտական կենտրոնը Հայաստանի մեկուսացում է կանխատեսում
Երեկ Նյու Յորքում հրապարակվել է «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցը, որի համաձայն՝ ինչպես անցած, այնպես էլ այս տարի Հայաստանը «մասամբ ազատ» երկրների խմբում է: «Freedom House»-ի հետազոտությունների գծով տնօրեն Քրիս Ուոքերը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է, թե Հայաստանն այս խմբի ամենաթույլ պետություններից մեկն է. «Հայաստանն ընդհուպ մոտեցել է այն սահմանագծին, որը բաժանում է «մասամբ ազատ» եւ «ոչ ազատ» երկրները: Սա մի շարք կարեւոր ոլորտներում առկա թույլ ցուցանիշների արտացոլումն է: Այդ ոլորտներից են՝ մամուլում տիրող վիճակը կամ, ասենք՝ քաղաքական գործընթացներին մասնակցելու քաղաքացիների հնարավորությունը»: Ըստ «Freedom House-ի», «մասամբ ազատ» պետությունների խմբում ընդգրկված երկրներում քաղաքացիական ազատություններն ու մարդկանց քաղաքական իրավունքները լիովին չեն ապահովվում: Բացի այդ՝ այս խմբում հայտնված երկրներում հաճախ կոռուպցիոն մթնոլորտ է տիրում, ձեւական բազմակարծության ֆոնին քաղաքական մեկ ուժ է գերիշխում, իրավական պետությանը բնորոշ ատրիբուտները թույլ են:
Քրիս Ուոքերը վերջին շրջանում ՀՀ-ում արձանագրված մտահոգիչ միտումներից հատկապես հիշատակել է օլիգարխների ակտիվացումը՝ 2007-ի ընտրությունների շեմին: Ըստ նրա, «Freedom House»֊ը ուշադրությամբ է հետեւելու առաջիկա խորհրդարանական ընտրարշավին: «Առաջիկա ընտրությունները շատ դիտորդներ գնահատում են որպես որոշիչ ու առանցքային: Սա, իրոք, իշխանություններին ընձեռված շատ կարեւոր հնարավորություն է՝ ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու առումով: Եվ սա միայն ընտրությունների օրվան չի վերաբերում: Շատ կարեւոր է, որ քվեարկությանը նախորդող ամիսներին իշխանությունները ստեղծեն ազատ ու արդար ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ բոլոր հնարավորությունները»,֊ նշել է Քրիս Ուոքերը:
Առաջիկա ընտրությունների նախօրեին «Freedom House»-ը կհետեւի նաեւ լրագրողների հանդեպ իշխանությունների որդեգրած քաղաքականությանը: «Վերջին շրջանում արձանագրում ենք լրագրողների դեմ հարձակումների աճ, ինչը շատ լուրջ զարգացում է: Կարծում եմ, շատ կարեւոր է, որ առաջիկա ամիսներին լրագրողները հնարավորություն ստանան լուսաբանել երկրում տեղի ունեցող իրադարձությունները՝ չվախենալով ֆիզիկական եւ այլ տեսակի հաշվեհարդարից կամ ահաբեկումից: Սա մի խնդիր է, որին մենք ուշի-ուշով հետեւելու ենք առաջիկա ամիսներին»,- ասաց Քրիս Ուոքերը:
Միջազգային մեկ այլ կազմակերպության՝ «Jane’s» հետազոտական կենտրոնի երեկ հրապարակած կանխատեսմամբ, «այս տարի, հավանաբար, լուրջ փոփոխություն կկատարվի Հարավային Կովկասի նկատմամբ ՌԴ վերաբերմունքում, քանի որ Ադրբեջանի էներգետիկ պաշարները եւ Վրաստանի շարունակվող ձգտումը դեպի Արեւմուտք նրանց ավելի անկախ են դարձնում Մոսկվայից: Միեւնույն ժամանակ Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը, ամենայն հավանականությամբ, կխորանա: Սա կարող է բացասական ազդեցություն ունենալ տարածաշրջանի անջատողական հակամարտությունների վրա՝ լարվածությունը կշարունակվի, իսկ ԼՂ-ի դեպքում՝ կսաստկանա տարվա ընթացքում»,- կանխատեսել են կենտրոնի փորձագետները՝ արձանագրելով, թե՝ «բոլոր դեպքերում, ամենայն հավանականությամբ, դրսի ուժին է պատկանելու վճռորոշ խոսքը՝ ո՞ր ուղղությամբ է շարժվելու Հարավային Կովկասը 2007 թվականին: Տարածաշրջանը բախտի քմահաճույքին թողնելը դժվար թե համապատասխանի որեւէ մեկի շահերին»: