Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

Հունվար 18,2007 00:00

\"\"Ասում է «Արժանապատվություն» կուսակցության նախագահ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Լյուդմիլա Հարությունյանը:

Շատերն են արձանագրում, որ քաղաքական գործընթացներն այժմ Հայաստանում տեղափոխվել են այլ հարթություն, եւ իր տեղը զգալիորեն զիջել է գաղափարների ու ծրագրերի մրցակցությունը: Գուցե սա օբյեկտի՞վ գործընթաց է՝ հաշվի առնելով, որ «Գելափի» հարցումների համաձայն, ժողովուրդն առանձնապես չի էլ կարեւորում քաղաքական խնդիրները: Մեր այս հարցադրումներին ի պատասխան՝ Լյուդմիլա Հարությունյանն ասաց. «Եթե մի կողմ թողնենք քաղաքական խարդավանքը, որը շատ լայն տարածում է ստացել՝ կտեսնենք, որ կուսակցությունների մեծ մասն իրականում լուծում է 3 խնդիր: Առաջինը Հայաստանի աշխարհաքաղաքական խնդիրների լուծման այս կամ այն եղանակն է իր մեջ պարունակում կամ գոնե կարծիքը դրա վերաբերյալ: Երկրորդն իշխանության վերարտադրության խնդիրն է, կամ այն, թե ո՛ր կլանը կամ քաղաքական ուժը պետք է կանգնած լինի իշխանության գլխին: Իսկ երրորդն անձնական խնդիրներն են, որոնք վերջին հաշվով հանգում են լիդերի անձնական ճակատագրին կամ բիզնեսի, սեփականության պաշտպանությանը:

Այս 3 խնդիրներից առաջինն ամենակարեւորներից է: Ղարաբաղյան պատերազմն այս խնդրի շատ կարեւոր հանգրվան էր: Եվ հիմա էլ շարունակվում են լուծման փնտրտուքները, չնայած կուսակցությունները, վերջին հաշվով՝ ոչինչ չեն կարող ավելացնել այդ խնդրի լուծմանը, քանի որ աշխարհաքաղաքական խնդիրները լուծվում են ավելի բարձր մակարդակներում՝ գերտերությունների պայքարում, գլոբալիզացիոն գործընթացներում: Սակայն քաղաքական ուժերը փորձում են մտնել այդ գործընթացների մեջ՝ ոչ թե լուծելու, այլ՝ աջակցություն ստանալու իմաստով:

Սակայն հարցեր են առաջանում՝ ո՞վ է ընտրողը, եւ արդյոք նա կանգնա՞ծ է նման խնդիրների առջեւ: Հասարակ ընտրողն արդյոք լուծո՞ւմ է աշխարհաքաղաքական խնդիր: Ո՛չ: Հասարակ ընտրողն իշխանությա՞ն խնդիր է լուծում այսօր, թե՞ իր գոյատեւման խնդիրը: Եվ վերջապես՝ հասարակ ընտրողն ինչո՞ւ պետք է լուծի այս կամ այն քաղաքական գործչի կամ բիզնեսմենի ճակատագրի խնդիրը, արդյոք նա ուզո՞ւմ է լուծել այդ խնդիրները: «Գելափի» մեթոդոլոգիական աջակցությամբ անցկացված հետազոտությունը, որին մասնակցել էին Հայաստանի ընտրողները (միայն 18-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիները.- Ա. Ի.), վկայում է, որ ընտրողն ունի բոլորովին այլ հետաքրքրություններ, ակնկալիքներ ու շահեր: 1-ին տեղում սոցիալական խնդիրներն են, 2-րդ տեղում՝ ընտրողի անվստահությունը, 3-րդ տեղում՝ հոռետեսությունն ընտրությունների նկատմամբ: Այս առումով՝ մի շատ կարեւոր հարց է առաջանում. ինչքանո՞վ է համապատասխանում քաղաքական դաշտում տեղի ունեցողն ընտրողի ցանկություններին, քանի որ՝ ժողովրդավարության «այբուբենի» համաձայն, ընտրո՛ղը պիտի որոշեր կուսակցությունների գործելաոճը, ծրագրերը եւ ճակատագիրը:

Եթե այս ամենից ելնելով պատասխան տրվի Ձեր հարցին, ապա կարելի է ասել, թե քանի որ ընտրողը չի վստահում կուսակցություններին (միայն 26%-ն է վստահում նրանց), ընտրողին չի էլ հետաքրքրում կուսակցության ծրագիրը: Փորձից արդեն գիտեն, որ կուսակցությունները ոչ մի արձագանք չեն տալիս սոցիալական խնդիրներին, որոնք ամենաարդիականն են ընտրողի համար:

Այստեղից մի քանի հետեւություն: Հետեւություն 1-ին. կուսակցություններն ընտրողի համար չեն աշխատում, եւ նրա շահը, հետաքրքրությունները եւ ակնկալիքներն ուղիղ ձեւով չեն ազդում կուսակցության ո՛չ ոճի, ո՛չ էլ ծրագրի վրա: 2-րդ հետեւությունն այն է, որ կուսակցությունների հակվածությունն այս 3 խնդիրների լուծմանը նրանց դնում է շատ դժվարին իրավիճակի մեջ. այն է՝ նրանք հայտնվում են պատմությունից դուրս, քանի որ այսօր պատմությունը լուծում է ոչ թե աշխարհաքաղաքական, այլ ժամանակաքաղաքական եւ տեխնոռազմավարական խնդիրներ: Փոփոխությունների արագությունն ու տեխնիկական նորամուծությունների յուրացումը դարձել են ավելի կարեւոր գործոններ, քան աշխարհաքաղաքականությունը: Այս առումով՝ մեր կուսակցությունները չեն պատասխանում աշխարհում տեղի ունեցած այս կարեւորագույն փոփոխություններին: Եվ 3-րդ հետեւությունն է՝ երբ ընտրողը թերահավատություն է արտահայտում մեր ընդդիմության վերաբերյալ, պատճառը ոչ թե այն է, որ ընդդիմությունը վատն է, այլ այն, որ նրա՛նք էլ չեն պատասխանում ընտրողի սոցիալական ակնկալիքներին»:

Լյուդմիլա Հարությունյանը գտնում է, որ այսօր Հայաստանում սոցիալ-ժողովրդավարական գաղափարախոսությունն իրապես կրող ուժերի պահանջ կա. «Եթե ելնեք քաղաքական ուժերի այս 3 նպատակներից՝ կտեսնեք, որ դրանցում լիբերալիզմն առկա է՝ հանձինս բիզնեսի եւ սեփականության պաշտպանության: Բայց չկա եւ ոչ մի ուժ, որը կպաշտպաներ հասարակ մարդու շահը՝ հավասարությունը, սոցիալական արդարությունը եւ կլուծեր սոցիալ-ժողովրդավարական խնդիրներ»: Մեր հարցին, թե արդյոք նման ուժ չէ՞ սոցիալիստական գաղափարախոսություն դավանող ՀՅԴ-ն՝ տիկին Լյուդմիլան պատասխանեց. «ՀՅԴ-ն իր ռազմավարության եւ մարտավարության մեջ առավել շեշտում է ազգայնական, Հայ Դատի խնդիրները: Եվ բավարար ուշադրություն չի դարձնում սոցիալ-ժողովրդավարական խնդիրներին: Թեեւ նկատել եմ, որ ՀՅԴ-ն վերջերս փորձում է արձագանքել երեխաների, կանանց ու ժողովրդագրական խնդիրներին: Սակայն եթե նայեք պրակտիկ գործունեության տեսանկյունից՝ կտեսնեք սոցիալական պահանջների բավարարմանն ուղղված գործողությունների շատ մեծ սակավություն»:

Մեր դիտարկմանը, որ սոցիալ-ժողովրդավարական ուժի խորշը գրավելու հավակնություն ունի ՕԵԿ-ը՝ Լյուդմիլա Հարությունյանն այսպես արձագանքեց. «Այ սա շատ հետաքրքիր է՝ ՕԵԿ-ը կգրավի՞ այդ խորշը, թե՞ ոչ: Ես մեծ տրամաբանություն տեսա նրանում, որ ՕԵԿ-ը դուրս եկավ իշխանությունից: Թվում է, թե ՕԵԿ-ն անհամաձայնություն հայտնելով կտրուկ ազատական կուրսին՝ վերադարձավ իր գաղափարախոսական ակունքներին եւ փորձեց խոսել այն ամենի մասին, որոնք իր ծրագրում են, եւ որոնցով նա շահել էր ընտրություններ ու ակնկալիքներ առաջացրել ընտրողի մոտ: Սակայն դեռ չեմ տեսել որեւէ ապացույց նման վերադարձի: Միգուցե պատճառն այն է, որ ՕԵԿ-ին ժամանակ է պետք իր խորշում հավասարակշռվելու համար: Շատ դժվար է անցումն իշխանությունից դեպի ընդդիմություն, եւ ՕԵԿ-ին գուցե դեռ չի հաջողվել հաղթահարել այդ անցումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել