Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-Ն ԲԱՎԱՐԱՐ ՈՒԺ ՈՒՆԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏԱԼՈՒ»

Հունվար 18,2007 00:00

\"\"Վստահեցնում է ՀՀԿ խորհրդի անդամ
Արտակ Գրիգորյանը

– Ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, եւ, ըստ որոշ գնահատականների, այս խորհրդարանական ընտրությունները շատ ավելի թեժ են լինելու, քան նախորդները, այս իրավիճակում ինչո՞վ են զբաղված հանրապետականները:

– Հանրապետականը այս փուլում ավելի է ամրապնդում իր կուսակցական կառույցները՝ առաջիկա ընտրություններին արժանապատիվ ներկայանալու համար: Սպասվում է համեմատաբար թեժ մրցակցություն: Մի շարք սոցհարցումների արդյունքում երեւում է, որ ԱԺ-ում մեծամասնություն կազմելու երկու բեւեռ է հստակեցվում՝ Հանրապետական կուսակցությունը եւ «Բարգավաճ Հայաստանը», բնականաբար կլինի մրցակցություն այս երկու ուժերի միջեւ: Այսօր ոմանց կողմից շահարկվում է ընտրությունների կեղծման հարցը: Կարծում եմ՝ քաղաքական դաշտի շատ ուժեր արդեն լուրջ կասկածներ ունեն, որ չեն կարող հաղթահարել գոնե հինգ տոկոսը, եւ այդ պատճառով այժմվանից սկսել են շահարկել ընտրությունների արդար անցկացման հարցը: Ընդդիմությունը փոխանակ զբաղվի ընտրողներին իր օգտին տրամադրելով, շահարկում է այս հարցերը: Հիմիկվանից իրենք զենքը վայր են դնում. ամենահեշտ բանն է, որ ընդդիմությունը այսօր անում է: Ավելի լուրջ պատասխանատվություն իրենց վրա վերցնելուց խուսափում են, նույնը՝ ինչ արեցին 2003-ից հետո: Իսկ այն քաղաքական ուժերը, որոնք ունեն բավարար մարդկային, տնտեսական եւ այլ կարգի հնարավորություններ, առաջին հերթին դա Հանրապետական կուսակցությունն է, ամենից շատն են շահագրգիռ արդար եւ ազատ ընտրությունների անցկացման հարցում: Ուրիշ ո՞ւմ է այսօր հարկավոր ազատ, արդար ընտրությունների անցկացումը, եթե ոչ՝ Հանրապետականին:

– Դուք քիչ առաջ ձեր խոսքում ասացիք, որ զարմանում եք, թե ինչո՞ւ ընդդիմությունը չի փորձում մարզերում իրենով անել ընտրազանգվածի չկողմնորոշված մասին, բայց մոռանում եք, որ նույն լծակներից, ինչ դուք ունեք, ընդդիմությունը զրկված է: Այնպես որ, հիմա դուք ուժեղի դիրքերից մի դատեք թույլին:

– Համաձայն եմ, եթե մարդը քաղաքականացված չէ, ավելի շատ հակում ունի մղվել դեպի ուժեղը, քան դեպի թույլը, այսինքն՝ մարդիկ այսօր ուզում են հաղթողի կողքին լինել, եւ դա մեկ անգամ եւս ապացուցում է, որ մեր կուսակցությունը բավականաչափ ուժեղ է եւ ավելի մեծ վստահություն է ներշնչում մարդկանց, քանի որ մեզ տարիներ շարունակ տեսել են գործադիրում եւ հավատում են: Մենք երբեք տոտալ անդամարշավով չենք զբաղվել՝ ի տարբերություն ոմանց, ովքեր իրենց անդամների թիվը ներկայացնում են հարյուր-հազարներով: Եթե այսօր բոլոր կուսակցությունների նշած անդամների թվերը գումարենք իրար, ապա կստացվի, որ Հայաստանում բնակիչների թիվն անցնում է 10 միլիոնը:

– Արդեն մամուլում տեղեկություններ կան այն մասին, որ ՀՀԿ համամասնական ցուցակում գաղափարական նժդեհականներ գրեթե չեն լինելու, եւ դա ներկուսակցական դժգոհությունների առիթ է տալիս: Դա չի՞ նշանակում, որ Հանրապետականը իր գաղափարական ուղղությունից շեղվել է:

– Հանրապետականը որդեգրել է ազգային-պահպանողական գաղափարախոսությունը, այո, մեր կուսակցության ծրագրում ամրագրված է ցեղակրոն-տարոնական ուսմունքները որպես ազգային գաղափարախոսության հիմք, սակայն դա ամենեւին չի նշանակում, որ բոլոր կուսակցականները անխտիր պետք է լինեն փայլուն նժդեհագետներ կամ հրաշալի պատկերացնեն գաղափարական հիմնադրույթները՝ ծայրից-ծայր: Ուղղակի նրանք էության մեջ ընդունում են այդ գաղափարական առանցքները:

– Ուզում եք ասել, որ բոլոր այն հանրապետականները, որ հայտնի համագումարից հետո մտան կուսակցություն եւ կուսակցության խորհուրդ, իրենց էությամբ լրջորեն կիսո՞ւմ են նժդեհականությունը:

– Այո, ազգային-պահպանողականությունը կարող է բնորոշ լինել ամենատարբեր մարդկանց:

– ԲՀԿ-ի հետ ՀՀԿ-ի հարաբերությունները մինչեւ ո՞ւր կարող են սրվել, գործը, կարծում եմ, կհասնի մինչեւ կրակոցներ, ծեծկռտուք, կոմպրոմատների հրապարակում եւ այլն:

– ԲՀ-ի հետ չենք բացառում ո՛չ մրցակցությունը, ո՛չ էլ համագործակցությունը: Իհարկե, կա մրցակցություն եւ չի էլ կարող չլինել: Մենք ձգտելու ենք հաղթել ընտրություններում եւ լինել խորհրդարանական մեծամասնություն՝ ինչպես ենք երկու գումարում: Թե մրցակցությունը մինչեւ որ աստիճան կարող է սրվել՝ դժվարանում եմ ասել, ամեն դեպքում իր ամբողջ պատմության մեջ հնարավոր չէ նշել թեկուզ մեկ դեպք, երբ Հանրապետականը անցած լինի քաղաքակիրթ պայքարի սահմանները: Մենք այդ սաhմանները չենք անցնի նաեւ հիմա: Մենք գնում ենք քաղաքակիրթ մրցակցության՝ ընդդիմադիր եւ իշխանամետ ուժերի, այդ թվում նաեւ ԲՀ-ի հետ, բայց միաժամանակ մենք թույլ չենք տա շահարկել ինչ-ինչ հանգամանքներ: Այդ դեպքում մենք համապատասխան հակահարված կարող ենք տալ, դրա համար ունենք բավարար կամք, ուժ եւ հնարավորություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել