Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու իրականություն

Հունվար 17,2007 00:00

Ի՞նչ են գրում «Առավոտի» նամակագիրները

«Առավոտին» գրել է արմատներով Կապանի Դավիթ-Բեկ գյուղից՝ Կ. Վ.-ն: Ըստ նամակագրի, արդեն քանի տարի է՝ Կապանից ոչ մի տաքսի չի գնում Դավիթ-Բեկ՝ վատ ճանապարհների պատճառով, որոնք վերջին անգամ ասֆալտապատվել են ԽՍՀՄ տարիներին: Բոլոր մեքենաները, բացառությամբ «Նիվաների» ու «Ջիփերի» (այն էլ՝ եթե հանդիպեն), ուղեւորներին հասցնում են մինչեւ Կարմրաքար, մնացած ճանապարհը՝ 5 կմ-ն, դավիթբեկցին ստիպված է ոտքով հաղթահարել: «Անընդհատ լսում ենք, թե իբր գումար է հատկացվել մեր ճանապարհները բարեկարգելու համար, սակայն այդպես էլ ոչինչ չի փոխվում: Գյուղը Կապան քաղաքի հետ կապող միակ միջոցը օրական 1 անգամ քաղաք գնացող ավտոբուսն է, որից եթե ուշացար, ուրեմն վերջ՝ պիտի ապավինես ոտքերիդ: Հիշեցնեմ, որ Դավիթ-Բեկը սահմանամերձ գյուղ է՝ 5 կմ հեռավորության վրա է գտնվում ադրբեջանական սահմանից, ախր այս գյուղը պիտի ողջ մարզի ուշադրության կենտրոնում լինի… Միայն խայտառակ ճանապարհները չեն մեր ցավը: Գյուղը վաղուց խմելու ջուր չունի, եւ մեքենա ունեցողները երկար ճանապարհ կտրելով՝ ջուր են բերում աղբյուրներից: Որպեսզի մռայլ գույներով ամեն ինչ չնկարագրեմ, ասեմ, որ ապահովված ենք ոռոգման ջրով՝ շնորհիվ դավիթբեկյան լճի: Մեր դպրոցն էլ ապահովված է բարձրագույն կրթությամբ կադրերով, սակայն գրքերի ու գրենական պիտույքների հարցերը լուծված չեն: Դառնալով Դավիթ-Բեկի ճանապարհներին, ավելացնեմ, որ Կարմրաքարում աշխատող զինծառայողների երեխաները եւս ամեն օր 5 կմ քայլում են՝ մեր գյուղ գալու համար, որպեսզի կրթություն ստանան»,- նշում է նամակագիրը: Նա անդրադարձել է նաեւ իրենց գյուղում եղած կուսակցություններին ու նախկին ընտրություններին: Ասում է, որ Դավիթ-Բեկում կան բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներ, սակայն «միայն թղթի վրա»: Գյուղացուն չեն հետաքրքրում նրանք. «Մեզ մոտ մեծամասնությունը ընտրելու չի գնում: Գյուղական ակումբում գտնվող ընտրական տեղամաս են այցելում միայն մեծահասակները՝ լավատեսությամբ, թե իրենց մեկ ձայնը կարող է ինչ-որ բան փոխել: Ընտրությունների ժամանակ ոչ մի երիտասարդ տնից դուրս չի գալիս»:

Ի տարբերություն մեր նախորդ նամակագրի, լավատես է Գ. Մանուկյանը: «Քանդակագործ եմ, նաեւ բանաստեղծություններ եմ գրում: ԱՄՆ քաղաքացի եմ, սակայն արդեն 6 ամիս է՝ ապրում եմ Աշտարակում: Ուրախ եմ, որ թերթում ունեք մշակութային էջ: Շատ կուզենայի իմ բանաստեղծություններից գոնե մեկով ձեր ընթերցողներին ներկայանալ»,- գրել է պրն Մանուկյանը: Տպագրում ենք նրա բանաստեղծությունից մի հատված.

Օմար Խայամի հետ

Իմ հողին, ինձ հովանի

Ունեմ իմ ծիրանին

Ու այգի հնամենի՝ հայ գինու՝ «խարջի»…

Ծնողներիս հոգին ունեմ սուրբ

Ու Օմար Խայամի ոգին…

Եվ մեծ պոետի հետ տարին բոլոր

Խմում ենք իմ գինին կարմիր, ամեն օր…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել