ՍԴ-ն պաշտպանեց սպառողների շահերը
Երեկ Ազգային ժողովի ընդդիմադիր դաշտի 30 պատգամավորների ստորագրությամբ Սահմանադրական դատարան դիմումով էր ներկայացել ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը: Վերջինիս համոզմամբ, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» գործող օրենքի 12 հոդվածի երկրորդ նախադասության մեջ ամրագրված ակտը, որով մեր երկրում սպառողները իրավունք չունեն դատական կարգով բողոքարկել սակագները (հեռահաղորդակցում, ջուր, էներգիա) եւ դրանց հաշվարկման մեթոդիկան, հակասահմանադրական է: Այս դրույթը հակասահմանադրական ճանաչելու համար էլ պրն Մարգարյանը դիմել էր ՍԴ: Ըստ ԱԺ պատգամավորի, վերոնշյալ հոդվածը հակասում է Սահմանադրության 5, 18, 27.1, 31.1 հոդվածներին, քանի որ խախտվում են օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների բաժանման եւ հավասարակշռության սկզբունքները՝ դատարանը չունի այնպիսի իրավասություն՝ չընդունել նման հայցեր: Ըստ գործող Սահմանադրության 31.1 հոդվածի, սահմանվում է, որ պետությունը պաշտպանում է սպառողների շահերը, իրականացնում է օրենքով նախատեսված միջոցառումներ՝ մի շարք ծառայությունների, ապրանքների, աշխատանքների որակի վերահսկողության ուղղությամբ, մինչդեռ, ըստ վերոհիշյալ օրենքի, սպառողը չի կարող դատարան դիմել՝ մասնավորապես պահանջելով փոփոխման ենթարկել սպասարկման սակագնի չափը: Պրն Մարգարյանը հակասություն տեսնում էր նաեւ հենց այս դրույթի առաջին երկու նախադասությունների միջեւ. առաջինում ասվում է, որ սպառողները իրավասու են բողոքարկել հանձնաժողովի ընդունած իրավական ակտերը, իսկ երկրորդում՝ սակագները, որոնք հաստատված են հանձնաժողովի որոշումների համաձայն, փոփոխման ենթակա չեն: Հովհաննես Մարգարյանը վկայակոչեց նաեւ դրամ-դոլար փոխարժեքի տատանումները, ինչի հետ կապված՝ հանձնաժողովի մտքով էլ չի անցնում սակագների փոփոխություն կատարել:
Պատասխանող կողմը ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության բաժնի պետ Աշոտ Խաչատրյանն էր, որը հանձնաժողովին «փրկելու» համար հայտարարեց հետեւյալը. «Հանձնաժողովը ուղղակի գործում է ինքնուրույն, իսկ ինչ վերաբերում է սպառողներին, ապա նրանց շահերը բոլորովին չի ոտնահարվում, նրանց շահերի պաշտպան հասարակական կազմակերպությունները ներկա են լինում հանձնաժողովի նիստերին եւ հայտնում են իրենց առաջարկությունները»: «Այո, գուցեեւ հնչում են առաջարկություններ, բայց դրանք որեւէ կերպ չեն իրագործվում, իսկ սակագների բարձրացման մասին էլ մարդիկ պատահական են իմանում»,- պատասխանեց պրն Մարգարյանը: ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը հանձնաժողովին տվեց հետեւյալ որակավորումը. «Փաստորեն, դուք ձեր գլխին գործադիր, օրենսդիր, դատական իշխանություններ եք»:
Դիմումատու Հ. Մարգարյանին ի պատասխան, Սահմանադրական դատարանը որոշեց. վիճարկվող օրենքի 12 հոդվածի երկրորդ նախադասությունում ամրագրված դրույթը, որի համաձայն հանձնաժողովի սահմանած սակագների մեծությունները դատական կարգով բողոքարկման ենթակա չեն, հակասում են Սահմանադրության 18 հոդվածի առաջին մասին եւ 43 հոդվածի երկրորդ մասին, ինչի արդյունքում էլ այն ճանաչվեց անվավեր: Վերոնշյալ որոշումը ուժի մեջ մտավ հրապարակման պահից: