Լրահոս
Օրվա լրահոսը

Զինդատախազությունը որոշումը չի ստացել

Հունվար 17,2007 00:00

«ՀՀ զինվորական դատախազությունը դեռեւս չի ստացել Մատաղիսի գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի որոշումը»՝ երեկ «Առավոտի» հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Հիշեցնենք, որ պալատը 2006 թվականի դեկտեմբերի 22-ին բեկանել էր Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 18.05.05թ. եւ ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 30.05. 06թ. դատավճիռները եւ գործը Մուսա Սերոբյանի, Արայիկ Զալյանի եւ Ռազմիկ Սարգսյանի մասով ուղարկել լրացուցիչ նախաքննության, իսկ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը փոխել էր եւ նրանց անհապաղ ազատ էր արձակել:

«Առայժմ դատախազության համար պարզ չէ, թե կոնկրետ ի՞նչ հիմնավորմամբ է պալատը քրեական գործը վերադարձրել լրացուցիչ նախաքննության՝ հայտնաբերել է որեւէ խախտո՞ւմ, որը կարելի էր վերացնել միայն լրացուցիչ նախաքննությամբ, թե՞ առկա էր լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն: Դատական նիստերի դահլիճում հնչեցվել է որոշման եզրափակիչ մասը, որով կարծես ուղղակի փոխվել է երեք անձանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը, քանզի խոսքը վերաբերում է ոչ թե արդարացնելուն, այլ ուղղակի նրանց վերաբերող մասը լրացուցիչ նախաքննության վերադարձնելուն»,- մեր թերթին հայտնեց մամուլի քարտուղարը:

«Վճռաբեկ պալատը խախտել է կողմերի հավասարության իրավունքը, եւ զինվորական դատախազությունը պատշաճ ժամանակին տեղեկացված չի եղել դատական նիստի օրվա մասին: Վերաքննիչ դատարանի դատավճռի դեմ վճռաբեկ բողոքներ էին ներկայացրել ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները: Դատական նիստը նշանակված է եղել 20.12.06թ., սակայն այն հետաձգվել է եւ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի անդամների կողմից ՀՀ զինվորական դատախազությանը բանավոր հայտնվել է, որ դատական նիստը տեղի է ունենալու 2007 թվականի հունվար ամսվա ընթացքում:

Այդուհանդերձ, պալատը 22.12.06թ., ժամը 12-ին, առանց մեղադրողների մասնակցության, մոտավորապես մեկ ժամ տեւողությամբ քննության է առել պաշտպանական կողմի բողոքները՝ զրկելով մեղադրողներին դրանց դեմ առարկություններ ներկայացնելու իրավունքից: Դատական նիստի ծանուցագիրը ՀՀ զինվորական դատախազությունում ստացվել է 22.12.06թ., ժամը 12:50-ին, այսինքն՝ այն պահին, երբ դատարանը մտել էր խորհրդակցական սենյակ՝ որոշումը կայացնելու: Ծանուցումը ՀՀ զինվորական դատախազությունում մուտքագրվելուց հետո՝ ժամը 13:10-ին, ՀՀ զինվորական դատախազի տեղակալի կողմից պալատին գրություն է ուղարկվել՝ խնդրելով հետաձգել դատական նիստը եւ հնարավորություն տալ մեղադրողին մասնակցելու դատական նիստին՝ բողոքի դեմ առարկություններ ներկայացնելու համար, սակայն դատական նիստը, ինչպես հետագայում պարզվել է, արդեն ավարտված է եղել»,- «Առավոտին» ասաց Ս. Տռուզյանը՝ ի պատասխան մեր այն դիտարկման, թե մամուլում դատավարության օրվա մասին պարբերաբար հաղորդումներ եղել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել