Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՍՏԻՏՈՒՏՆ ԱՆՏԵՍՎԱԾ Է 90-ԱԿԱՆՆԵՐԻՑ

Հունվար 17,2007 00:00

Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում երանությամբ են հիշում կոմունիզմի տարիները

Օրերս առիթ ունեցանք շրջայց կատարել Գիտությունների ազգային ակադեմիայի՝ Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում: Այն հիմնադրվել է 1955 թ. եւ զբաղվում է սինթեզված բնական միացությունների կենսաբանական ակտիվության բացահայտմամբ եւ նոր դեղամիջոցների ստեղծման համար դրանց կիրառմամբ: Ինստիտուտն ունի 10-12 մասնաշենք. ստույգ թիվն այդպես էլ չկարողացանք ճշտել, որովհետեւ այնտեղ ղեկավարներից ոչ ոք չկար, եղած աշխատողներն էլ ճշգրիտ չգիտեին:

Ինստիտուտը նախկին հզորությամբ, ճիշտ է, չի աշխատում, բայց որոշ մասնաշենքեր, ինչպես ինքներս համոզվեցինք, պարզապես «պլոմբված» էին: Թեեւ չպլոմբվածներում էլ գրեթե շունչ չկար: Գլխավոր մասնաշենքում հանդիպեցինք փոխտնօրենին, որը իմանալով, որ «Առավոտից» ենք, խուսափեց անգամ ամենաանմեղ հարցերին պատասխանել, նույնիսկ չներկայացավ (թեեւ հետո իմացանք նրա ազգանունը՝ Քեհյան): Չկային մի քանի ամիս առաջ ընտրված տնօրեն Վիգեն Թոփուզյանը, նախկին տնօրեն, ներկայիս տնօրենի խորհրդական Բագրատ Ղարիբջանյանը, եւ ընդհանրապես բոլոր սենյակներն ու լաբորատորիաները փակ էին: Իսկ շենքում պարզապես անհնար էր երկար մնալ՝ անտանելի ցրտի պատճառով: Միջանցքներում հատուկենտ մարդիկ, ովքեր վերարկուներով հետուառաջ էին անում, ասում էին, որ ձմռան ամիսներին միշտ էլ այսպես է, դեռ 90-ականների սկզբից այստեղ ջեռուցման համակարգը չի գործում. բոլորն արձակուրդները վերցնում են հենց այս շրջանում, դե, մի քիչ էլ իրենց հաշվին են երկարացնում, մինչեւ տաքերը կընկնեն:

Մի քանի հոգու հանդիպեցինք այն մասնաշենքում, որտեղ կյանքի վերջին տարիներին աշխատել է որդի Մնջոյանը: Շենքի թիվ 1 լաբորատորիայում, որտեղ սինթեզում են սրտանոթային համակարգի վրա ազդող նյութեր, լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մարգարյանը ծանոթանում էր գրանտային ինչ-որ ծրագրի մանրամասներին: Նա ասում էր, որ այս շրջանում գրականություն են կարդում, ուրիշ ոչինչ հնարավոր չէ անել: Նրա լաբորատորիայում հավաքված գիտաշխատող կանայք կատակում էին, որ ինչքան էլ միացնում են էլեկտրական տաքացուցիչները, միեւնույն է՝ ջերմաստիճանը +0-ից չի անցնում:

Ընդհանուր առմամբ, տպավորություն էր ստեղծվում, որ այս ինստիտուտը լրիվ անտեսված է: Բնական գիտությունների բաժանմունքի ղեկավար Վիլեն Հակոբյանը մեզ հետ զրույցում միայն հաստատեց իրավիճակը եւ փաստեց, որ ինստիտուտը չի կարողանում ինքնուրույն ֆինանսավորում հայթայթել, «իսկ նախագահությունն էլ ո՛չ բավարար լրացուցիչ ֆինանսավորում ունի, ո՛չ էլ ֆոնդեր, որպեսզի կարողանա նրանց ջեռուցումն ապահովել, ամեն ինստիտուտ իրենը պետք է անի: Հատկացվող գումարներով վերանորոգել կարող ենք տանիքը, բայց ոչ՝ ջեռուցման համակարգը»: Առաջիկայում, ինչպես նշեց բաժանմունքի ղեկավարը, ինստիտուտը կմիանա Անօրգանական քիմիայի ինստիտուտին ու Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնին, եւ երեքը միասին գուցե կարողանան ֆինանսապես հզորանալ՝ ունեցած գրանտներով: Աստիճանաբար այս ինստիտուտները կմիանան նաեւ ֆիզիկապես: Բայց քանի որ այս ոլորտում իրականացվող բարեփոխումները կրիայի քայլերով են առաջ շարժվում, առաջիկայում նախատեսվում է նախ դատարկ մասնաշենքերը վարձակալության տալ, ինչը, ըստ բաժանմունքի ղեկավարի, եւս կօգնի նրանց ոտքի կանգնելուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել