Պրովայդերները վստահեցնում են, որ «ԱրմենՏելի» նոր գլխավոր տնօրենը զղջալու է ասուլիսում արած իր հայտարարության համար:
«Հայաստանում IP հեռախոսակապի ծառայություններ մատուցող պրովայդերները գործում են առանց լիցենզիայի: Նրանք իրավունք չունեն զբաղվելու այդ բիզնեսով: Նրանք պարզապես գողանում են մեր փողերը: Եթե ձեզանից մեկի գրպանից փող գողանային, դուք գողի ձեռքից կբռնեիք, չէ՞, չէիք ասի՝ թող մի քիչ էլ գողանան: Մենք պրովայդերներին թույլ չենք տալու մեզնից գողություն անել»,- երեկ հրավիրած ասուլիսում «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկն այսպես արտահայտվեց Հայաստանում արդեն 2-3 տարի գործող ինտերնետ հեռախոսակապի ծառայություններ մատուցող ընկերությունների մասին: Ըստ Բլիզնյուկի, ներկայումս Հայաստանում անլեգալ գործող շուրջ 300 ինտերնետ հեռախոսակապի ծառայություն մատուցող պրովայդեր կա:
Երեկ «Առավոտը» մի շարք պրովայդերներից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է «ԱրմենՏելն» իրենց գողի տեղ դրել եւ ունե՞ն նման գործունեություն ծավալելու լիցենզիա: Պրովայդերներից մեկը՝ «Ավրորա» ընկերության նախագահ Արթուր Երզնկյանը վստահեցրեց, որ Օ. Բլիզնյուկը զղջալու է իր խոսքերի համար եւ հրապարակավ ներողություն է խնդրելու՝ սխալ արտահայտվելու համար. «Մենք բոլոր լիցենզիաներն էլ ունենք եւ ոչ մեկից գողություն չենք անում: Հունվարի 25-ին ուժի մեջ է մտնելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, ըստ որի՝ մեր կապը պիտի անջատեն, բայց մենք մինչեւ ամսի 25-ը բողոքարկելու ենք հանձնաժողովի որոշումը, պայքարելու ենք մինչեւ վերջ՝ բոլոր ատյաններում»: Ըստ պրովայդերների, մի քանի տարի առաջ, երբ իրենք ստացել են համապատասխան թույլտվությունը, կառավարությունը դեռ հստակեցրած չի եղել, թե որն է ձայնային ծառայությունը: Լիցենզիայում նշված է, որ լիցենզառուն լիազորվում է մատուցել տվյալների փոխանցման ծառայություններ, իսկ տվյալի մեջ մտնում է նաեւ ձայնը: Այդ լիցենզիան մինչեւ 2003-ը տվել է տրանսպորտի եւ կապի նախարարությունը, 2003-ից հետո՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը, ընդ որում՝ անժամկետ: Սակայն երբ ռուսները գնեցին «ԱրմենՏելը», ձայնային ծառայություններ մատուցելն «ԱրմենՏելի» լիցենզիայում ամրագրվեց որպես նրա մենաշնորհ՝ առանց հաշվի առնելու նախարարությունների տված թույլտվությունները:
«Դաշինք» կադրային կենտրոնի տնօրեն Արտյոմ Խաչատրյանի խոսքերով՝ «Մենք ստեղծված իրավիճակի համար «ԱրմենՏելին» չենք մեղադրում, ամբողջ «կաշան» մեր կառավարությունն է սարքել: Եթե ընդունենք, որ Բլիզնյուկն այսօր ճիշտ է, եւ մենք գողություն ենք արել, ուրեմն այդ գողությանը մասնակցել է նաեւ մեր կառավարությունը, որը մեզ հետ մտել է ապօրինի գործարքի մեջ: Մենք հենց այնպես բիզնես չենք արել, կաշառք չենք տվել՝ նորմալ հարկ ենք վճարել»:
«Պաստել» ընկերության նախագահ Արմենակ Խաչատրյանի ներկայացմամբ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը կարելի է վիճարկել հենց միայն այն առումով, որ ինչո՞ւ «ՎիվաՍելլին» այդ նույն ծառայությունների մատուցման համար բացառություն արեցին: «Պարզ է, որ «ՎիվաՍելլին» օգնել էր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի քավորությունը, բայց հանձնաժողովի առջեւ բոլորս պետք է հավասար լինենք»,- ասաց Արտյոմ Խաչատրյանը:
Օլեգ Բլիզնյուկի ասելով՝ «մենք կարող էինք պարզապես վերցնեինք ու անջատեինք նրանց կապը, բայց չարեցինք, այդ ճանապարհով չգնացինք, մենք պատրաստ ենք նրանց հետ գնալ համագործակցության»: Ըստ պրովայդեր Արմենակ Խաչատրյանի, «այդ համագործակցություն ասվածը Բլիզնյուկն այսպես է պատկերացնում՝ մեզ առաջարկում է իր ընկերությունում դառնալ իզի քարտ ցրող, ինչը մեր գործունեության հետ ընդհանրապես չի առնչվում»: