Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՁՄԵՌ ՊԱՊԵՐ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հունվար 17,2007 00:00

\"\"Իշխանամետ կուսակցությունները «Հազարամյակի մարտահրավերների» հաշվին խոստումներ են տալիս

Արդեն քանի ամիս է՝ Գյումրիում իշխանամետ կուսակցությունները բուռն գործունեություն են ծավալում: Նրանք իրենց բուն գործը թողած՝ բարեգործություններ են անում: Եթե ամռանը կուսակցությունները մրցակցում էին, թե ով ավելի շատ շոր ու կոշիկ կբաժանի մանկատներին կամ ավելի ճոխ «վերջին զանգ» կկազմակերպի դպրոցների շրջանավարտների համար, ապա ձմռանը մրցակցության թեման ավելի զավեշտալի է: Այժմ գրասենյակների ղեկավարները կուսակիցներից պահանջում են Ձմեռ պապի ու Ձյունանուշի շորեր հագնել ու գյումրեցիներին իրենց բնակարաններում զվարճացնել:

Թեեւ ամանորյա տոնակատարությունները վաղուց ավարտվել են, սակայն մինչ օրս որոշ կուսակցականներ Ձմեռ պապի ու Ձյունանուշի շորերը դեռ չեն հանել եւ շարունակում են տնետուն շրջել ու իրենց «անձնվեր» աշխատանքի մասին տեղական հեռուստատեսությամբ հաղորդումներ հեռարձակել: Պարզվում է՝ կուսակցությունների «բարեգործությունը» Ձմեռ պապ խաղալով չի սահմանափակվում, վերջիններս գյուղեգյուղ ընկած՝ ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հաշվին միամիտ գյուղացիներին աներեւակայելի խոստումներ են տալիս:

Օրերս Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը փաստեց, որ ծրագիրը «մանր, խուլիգանական» շահարկումների է ենթարկվում, կուսակցականներն այցելելով գյուղեր՝ գյուղացիների հետ պայման են կապում, որ իրենց ընտրելու դեպքում գյուղի հազար տարվա ավերակ ճանապարհների կամ կամրջի վերանորոգման հարցը կմտցնեն «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի մեջ: Մինչդեռ, ըստ Լեւոն Բարսեղյանի, այդ ճանապարհների նորոգման հարցն արդեն տարիուկես է՝ ընդգրկված է տվյալ ծրագրի մեջ. «Ցավալի է, որ ծրագիրը քաղաքական շահարկումների առիթ են դարձնում նաեւ որոշ պատգամավորներ, օրինակ՝ Գալուստ Սահակյանը. դեկտեմբերի յոթին նա ռադիոյին հարցազրույց տալիս, ի պատասխան այն հարցին, թե Գյումրիի վերականգնման համար ի՞նչ ծրագրեր ունեն, ոչ ավել, ոչ պակաս՝ ասաց, թե շուտով «Հազարամյակի մարտահրավերները» կլինի եւ Գյումրին կվերականգնվի»:

Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի տնօրեն Սեյրան Մարտիրոսյանի ներկայացմամբ էլ, կուսակցությունները սկսել են կուսակցականացնել նաեւ Գյումրիի հ/կ-ներին, քանի որ իրենց բարեգործությունները նրանց միջոցով են անում. «Ցավոք, հ/կ-ները մուտացվելու նշաններ են ցուցաբերում: Իշխանությունները լավ գտել են տեղական հ/կ-ներին սիրաշահելու, դրանք իրենց հովանոցի տակ առնելու եւ իշխանամետ դարձնելու ձեւը»: Այս հանգամանքը խիստ անհանգստացնում է նաեւ Գյումրիի ընդդիմադիր կուսակցություններին:

Սակայն Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության մարզային գրասենյակի ղեկավար Վահան Թումասյանի խոսքերով՝ «Ընդդիմությունը պայքարի մեջ մտնելու համար չունի նույն ռեսուրսներն ու լծակները: Էսօր Շիրակի մարզի ընդդիմադիր կուսակցությունները գրասենյակների ծախսերն անգամ չեն կարողանում հոգալ, ովքե՞ր են էսօրվա ընդդիմադիրները. ինչքան ընչազուրկ, գործազուրկ ու պաշտոնազուրկ կա, գործարարները երբեք չեն ընդգրկվի ընդդիմադիր կուսակցության շարքերում, որովհետեւ վախենում են բիզնեսը կորցնելուց, ճաղերի հետեւում հայտնվելուց: Չմոռանանք, որ, ինչպես փորձն է ցույց տալիս, ընդդիմադիր ակտիվիստներին միշտ էլ սպառնացել են հաշվեհարդարները թե՛ պետական համակարգի եւ թե՛ կիսակրմինալ ուժերի կողմից: Որքան էլ իշխանությունները խոստանան թափանցիկ ընտրություններ՝ Շիրակի մարզում կուսակցությունների համար ստեղծված անհավասար պայմաններից արդեն իսկ ակնհայտ է, որ ընտրությունները կեղծվելու են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել