ՄԱԿ-ի ղեկավար Գուրգեն Արսենյանը կարծում է, որ «Ազգային-ազատագրական պայքարի փուլն ավարտվել է 1992-ին»:
Այս փաստարկով է նա հակադարձել Չարենցավանի քաղաքապետի ընտրություններում ՄԱԿ-ի թեկնածուին՝ կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Արթուր Գալստյանին, երբ նա ընտրողների հետ հունվարի 14-ի հանդիպման ժամանակ խոստացել է, թե հունվարի 28-ին կայանալիք այդ ընտրություններով կազատագրվի Չարենցավանը:
Ինքը՝ Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը, Չարենցավանի քաղաքապետի ընտրությունը համարում է ԱԺ ընտրություններից առաջ իր քաղաքական ակտիվացման առաջին փուլ։ Երեկ «Փաստարկ» ակումբում նա նաեւ ասաց, որ այդ ընտրությունների արդյունքում հնարավոր կլինի գնահատական տալ, թե որքանով է արդյունավետ գործում հունվարի 17-ից ուժի մեջ մտնող փոփոխված «Ընտրական օրենսգիրքը»: Կոչ արեց քաղաքական ուժերին եւ ընտրական կառույցներին ուշադիր ուսումնասիրել այդ օրենսգիրքը, որով արձանագրված ցանկացած խախտում տեղափոխվում է «Քրեական օրենսգրքի» ոլորտ: Միջանկյալ նկատենք, որ մինչ այժմ էլ էին դե-յուրե քրեորեն պատժելի ընտրական զեղծարարությունները, սակայն՝ ոչ դե-ֆակտո:
ՄԱԿ-ի թեկնածու Արթուր Գալստյանն իր մրցակցի՝ Կոտայքի մարզպետի որդի Հակոբ Շահգալդյանի մասին արդեն իսկ ասել է, որ նրա տրամադրության ներքո են լինելու մարզի բոլոր վարչական լծակները: «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս է մինչ այժմ ընթացել քարոզարշավը, գործադրվե՞լ են վարչական լծակներ հօգուտ մարզպետի որդու՝ Գուրգեն Արսենյանը պատասխանեց. «Շատ հանգիստ է ընթանում գործընթացը: Առայսօր չունեմ որեւէ փաստ, որ հռչակեմ, թե որեւէ մեկի կողմից խախտվում է հավասարակշռությունը: Չմոռանանք, որ ՄԱԿ-ը երկրի իշխանության բաղկացուցիչ է: Եվ գտնում ենք, որ ի վիճակի ենք ապահովել ընտրությունների անցկացման ե՛ւ թափանցիկությունը, ե՛ւ հավասարակշռված անցկացնելու հնարավորությունը, ե՛ւ տարբեր տեսակի լծակների չարաշահման բացառումը»: Նա չհամաձայնեց այն հրապարակումներին, ըստ որոնց՝ ՄԱԿ թեկնածուին ոչ պաշտոնապես սատարում է նաեւ «Բարգավաճ Հայաստանը» եւ հաղթանակի դեպքում դա կվերագրվի ԲՀԿ-ին: «Եթե Եվրոպայի գավաթակիրների առաջնության եզրափակիչում Լիվերպուլը հանդիպում է Մանչեստեր Յունայթեդի հետ՝ դա ոչ մի դեպքում չի կարելի դիտարկել որպես Ռեալ Մադրիդի հաղթանակ»,- ֆուտբոլային զուգահեռ տարավ պրն Արսենյանը:
Եվ արդեն պատմական զուգահեռ տարավ, երբ լրագրողները փորձեցին պարզել՝ արդյոք նա համամի՞տ է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հերթական կանխատեսմանը, թե Հայաստանում չի լինի «կարտոֆիլի հեղափոխություն»: Գուրգեն Արսենյանի զուգահեռը ոչ այնքան նպաստավոր համեմատություն էր ԲՀԿ-ի առաջնորդի համար. «Քաղաքական միտքը կարտոֆիլային հեղափոխության կամ կարտոֆիլային գործոնի ազդեցություն արձանագրել է միայն հայտնի ծովահեն Դրեյկի արձանի կանգնեցմամբ, որը բացի ծովահենությունից՝ համաշխարհային պատմության մեջ իր դերն ամրագրեց նաեւ նրանով, որ Եվրոպա ներմուծեց կարտոֆիլը որպես բույս եւ դրանով բավական լուրջ ազդեցություն ունեցավ մարդկանց սովից փրկելու գործում»:
Գալուստ Սահակյանը խոստացել էր, թե իրենք ընդդիմությանը նոր խորհրդարանում կհատկացնեն 30 տեղ: Հարցին, թե ՄԱԿ-ը ՀՀԿ-ի հետ քննարկե՞լ է՝ քանի տեղ են տալու ՄԱԿ-ին, Գուրգեն Արսենյանն այսպես հակադարձեց. «Հայաստանը բաժնետիրական ընկերություն չէ, որտեղ կան բաժնետերեր, որոնք իրականացնում են դիվիդենդների բաշխում»: