Երեկ այս կուսակցության վարչության անդամ Արամ Մանուկյանն ասաց, թե ՀՀՇ-ն առաջիկա ընտրությունների ժամանակ այլ աջ-ազատական ուժերի հետ դաշինքներ կազմելու նախադրյալներ տեսնում է:
Այն, որ Հայոց համազգային շարժումը, որը հայաստանյան քաղաքական ներկապնակում իր որդեգրած գաղափարներով որակապես տարբերվում է այլ կուսակցություններից, առաջիկա խորհրդարանական ընտրություններում ակտիվ մասնակցություն ու դերակատարում է ունենալու՝ ՀՀՇ առաջնորդները հայտարարել էին դեռ անցյալ տարի: Ինչպես շատ այլ կուսակցություններ, ՀՀՇ-ն էլ թեեւ առայժմ անաղմուկ, բայց թեւակոխել է նախընտրական համարվող փուլն ու հիմա «տնտղում» է քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումները, նաեւ առաջիկա ընտրապայքարում հնարավոր դաշնակիցներ գտնելու նպատակով խորհրդակցում է ընդդիմադիր այլ աջ-ազատական ուժերի հետ: ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանի հայտնած տեսակետներից պետք է եզրակացնել, որ միայն այդ խորհրդակցություններից հետո ու դրանց արդյունքում կորոշակիացվի, թե այս կուսակցությունն առաջիկա ընտրություններին ինչ ձեւաչափով կմասնակցի: Ա. Մանուկյանի փոխանցմամբ, թեեւ առայժմ լուրջ դաշինքներ չեն ձեւավորվել, բայց նման նախադրյալներ կան, իսկ կուսակցությունն այս ամենի առնչությամբ իր որոշումը կհրապարակի, հավանաբար, փետրվարի վերջին կամ մարտի սկզբին տեղի ունենալիք ՀՀՇ համագումարում: Այդուհանդերձ, այս տարեսկզբին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էր հայտարարել ՀՀՇ-ի հետ համագործակցության միանշանակ հնարավորության մասին՝ ընդգծելով, որ «չգիտես ինչու, բոլորը վախենում են ՀՀՇ-ի անունը տալուց՝ այն դեպքում, երբ ՀՀՇ-ն իսկապես ընդդիմադիր կուսակցություն է»:
Այդ համագործակցության հնարավորությունը չբացառեց նաեւ Ա. Մանուկյանը: Ըստ նրա, «որեւէ արգելք չկա «Հանրապետության» հետ համատեղ նախընտրական արշավ ծավալելու համար»: Սակայն, ինչպես երեւում է, ո՛չ ՀՀՇ-ում, ո՛չ «Հանրապետությունում» համագործակցության այս մտահղացումը տակավին միս ու արյուն չի ստացել: Այսպես, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը երեկ ասաց, թե ՀՀՇ-ի հետ «համագործակցության որեւէ արգելք չկա, բայց կուսակցության՝ ընտրություններին մասնակցելու ձեւը դեռեւս հստակեցված չէ»: «Հանրապետությունն» էլ իր վերջնական դիրքորոշումն այս մասով կհրապարակի, հավանաբար, փետրվարի սկզբին: Ըստ նրա, «առհասարակ հիմա կուսակցությունում քննարկվում է ընտրություններին մասնակցության երեք ձեւ. ինքնուրույն, զուտ գաղափարա-քաղաքական դաշինք եւ տեխնոլոգիական միավորում՝ կոնկրետ խնդրի շուրջ ու ավելի լայն ձեւաչափով, որի հիմնական ու, թերեւս, միակ խնդիրը ապօրինի վարչախմբին հեռացնելն է»: Ընդ որում, «Հանրապետություն» կուսակցությունը կարծում է, որ «ընդդիմության միասնականությունը ոչ թե ինչ-որ ձեւաչափերով պետք է դրսեւորվի, այլ կոնկրետ գործընթացով»: «Այսինքն, եթե, օրինակ՝ ընդդիմադիր առանցքային կուսակցությունները ընդհանուր հայտարարի գան 41 ընտրատարածքներում միասնական թեկնածուներ առաջադրելու հարցում, ապա՝ անկախ ձեւավորվելիք բլոկներից, ընդդիմության գործողությունները կլինեն նպատակային եւ համակարգված»,- կարծիք հայտնեց «Հանրապետության» ներկայացուցիչը: ՀՀՇ-ն այս գաղափարին դեմ չէ եւ այդ մասին հայտարարելու առիթ ունեցել է: Երեկ էլ Ա. Մանուկյանը հաստատեց, որ այս գաղափարին կուսակցությունը նորմալ է վերաբերվում եւ կմասնակցի այդ նախաձեռնությանը: Իհարկե, հիշյալ երկու կուսակցություններում էլ հեռու են այն մտքից, թե այս նախաձեռնությունն առաջիկա ընտրությունների հետ կապված բոլոր հարցերը կլուծի, որովհետեւ երկուսն էլ վստահ են, որ այդ ընտրություններն էլի կեղծվելու են, որ իշխանություններն օգտագործելու են ե՛ւ հանցագործ աշխարհը, ե՛ւ պետական վարչական ռեսուրսը, ե՛ւ օլիգարխներին, բայց անգամ այդ պարագայում, ըստ Ա. Մանուկյանի, 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ չեն իրականանա դրանց հետ կապված ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի ծրագրերը, որոնց իրագործմանը, ՀՀՇ ներկայացուցչի ասելով, խոչընդոտելու են ե՛ւ հասարակության մեծ ակտիվությունը, ե՛ւ մեր տարածաշրջանում գերտերությունների շահերի բախումները: «Կարծում եմ, մինչեւ 2008 թվականը տարածաշրջանը վերջնականապես կազատվի ռուսական ազդեցությունից, եւ որ աջ ուժերը հաղթանակի կհասնեն»,- ասաց Ա. Մանուկյանը՝ իր այս կարծիքը փաստարկելով նրանով, որ մեր երկրի համար «ավելի ներքեւ անկում ապրելու համար էլ տեղ չկա»: Ըստ նրա, «ցանկացած խորը անկման հաջորդում է վերելքը. դա բնական զարգացման կանոնն է: Ե՛վ միջազգային կառույցների, ե՛ւ հայ ժողովրդի համբերությունը չափ ունի, ու այդ ընտրությունները, փուլային զարգացումների իմաստով, նոր փուլ ու նոր սկիզբ են լինելու Հայաստանի համար»:
Իսկ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում ՀՀՇ-ն, Ա. Մանուկյանի մատուցմամբ, մտադիր է «նպաստավոր դաշտ ապահովել 2008-ի նախագահական ընտրություններում իր թեկնածուի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ակտիվ քաղաքական գործունեության համար», որին, ի դեպ, պաշտպանելու տեսական պատրաստակամության մասին հայտարարել է նաեւ «Հանրապետության» առաջնորդը: