Լրահոս
Օրվա լրահոսը

«Էհ, Սուրբ Սարգիս, մեզի բարով կարգիս»

Հունվար 16,2007 00:00

Փետրվարի 3-ը երիտասարդների եւ սիրո հովանավոր Սուրբ Սարգսի տոնն է

Այժմ այն նույնացվում է ոչ հայկական Սուրբ Վալենտինի տոնի հետ: Ոմանք նույնիսկ չգիտեն էլ, թե ով է այդ Սուրբ Սարգիսը, ինչու է սերը հովանավորում: Երեկ Արարատյան հայրապետական թեմը հրավիրել էր ասուլիս, որտեղ ներկայացրին Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ կազմակերպվելիք մրցույթի մանրամասները, անդրադարձ եղավ տոնի խորհրդին, նրա մասին եղած ավանդապատումներին: Արարատյան հայրապետական թեմի հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը ներկայացրեց դրանցից մեկը, որի համաձայն Սուրբ Սարգիսն օգնել է Աշուղ Ղարիբին հասնել իր սիրածին՝ Շահ-Սանամեին: Քանի որ Ղարիբը աղքատ էր, Սանամեի հայրը հրաժարվել է իր դստերը նրան կնության տալ: Ուստի Աշուղը մեկնել է պանդխտության՝ սիրեցյալին խոստանալով յոթ տարուց վերադառնալ: Մեկ օր ուշացումը նրա համար կարող էր ճակատագրական լինել: Ավանդապատումի համաձայն՝ աշուղը ճանապարհների դժվարությունների պատճառով ուշանում է սահմանված ժամկետից եւ օգնության է կանչում Սուրբ Սարգսին: Նրա շնորհիվ երկու սիրահարները հասնում են միմյանց: Իսկ իրականում Սուրբ Սարգիսը, տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանի հավաստմամբ, կապադովկիացի մի զինվոր էր, որ տեղի կայսրությունում հալածվելով՝ եկել էր Հայաստան: Նա Պարսկաստանում՝ Շապուհ արքայի բանակում ծառայելիս, քրիստոնեություն քարոզելու համար, որդու՝ Մարտիրոսի եւ զինակիցների հետ նահատակվել է:

«Եթե մենք ունենք սիրո հովանավոր, ինչո՞ւ ենք ձգտում այլ կրոնների սրբերին երկրպագել: Չէ՞ որ ազգային ակունքներից հեռանալը ազգի կործանման նախաքայլերից է»,- ասաց քահանան: Երեկ վերջինս անընդհատ նշում էր, թե Սուրբ Սարգիսը երիտասարդներին հովանավորում է սիրո հիմքի վրա ընտանիք կազմելիս: Ասուլիսին ներկա որոշ երիտասարդների հետաքրքրում էր՝ ինչու պետք է ծանրացնել սիրո գաղափարը՝ ընտանիք կազմելու պարտադրվածությամբ, կամ ինչ վատ բան կա սիրո հովանավոր Վալենտինին երկրպագելու մեջ: «Մենք զուտ սեր չենք քարոզում, այլ ամուր սեր, որը ընտանիքի հիմքն է կազմում»,- շեշտեց տեր Շմավոնը: «Բոլոր տոներին պիտի մոտենանք որպես հայերիս համախմբող երեւույթի, քանի որ բոլորիս էլ հայտնի է, թե արտերկրից որքան աղանդավորական հարձակումներ կան մեզ վրա»,- ասաց երգիչ Արսեն Գրիգորյանը, ով փետրվարի 3-4-ին տոնի առիթով տեղի ունենալիք համերգի մասնակիցներից է: Նա հիշեց հնում տարածված հայտնի արտահայտությունը. «Էհ, Սուրբ Սարգիս, մեզ բարի կարգիս»: Լրագրողներին տեղեկացրին, որ համերգին տեղի կունենա մրցանակաբաշխություն՝ հայտարարված մրցույթի տվյալները կամփոփվեն հունվարի 29-ին: Երիտասարդները www.qahana.am կայքին պիտի ուղարկեն սիրո պատմություններ: Լավագույնները կպարգեւատրվեն «սիրո լավագույն բանաձեւ» (250.000 դրամ), «ամենաանկեղծ սեր», «ամենահարատեւ սեր», «ամենառոմանտիկ սեր», «սեր առ Աստված», «սեր հայրենիքի հանդեպ», «սեր մերձավորի հանդեպ» (50.000-ական դրամ) անվանակարգերում: Իսկ որքանո՞վ է նպատակահարմար սերը խրախուսել փողով: Կազմակերպիչները վստահեցրին, թե «խրախուսելու են ոչ թե դրամով, այլ նաեւ դրամով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել