Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Հունվար 16,2007 00:00

\"\"Այս տարի էլ ամանորյա միջոցառումները չստացվեցին

Շաբաթ օրը Հանրապետության հրապարակում տոնական միջոցառում էր նախատեսված՝ նշվում էր հին Նոր տարին: Ներկա լինելով հրապարակի տոնակատարությանը, այս էլ որերորդ անգամ համոզվեցինք, որ հայերը, չնայած ծախսած գումարներին, տոն ստեղծելու կուլտուրա չունեն: \"\"

Հունվարի 13-ին հրապարակը լիքն էր տարբեր տարիքի Ձմեռ պապերով ու Ձյունանուշներով: Ըստ հեքիաթների եւ երեխաների ունեցած պատկերացումների, Ձյունանուշը Ձմեռ պապի թոռնուհին է, մինչդեռ մեր տեսած Ձյունանուշների տարիքը երբեմն անցնում էր 40-ից, համեմատաբար երիտասարդներն էլ այնպես էին շպարվել, որ կարող էին վախեցնել փոքրիկներին: Բազմատեսակ Ձմեռ պապերը քաշքշում էին այն անցորդների թեւերից, ովքեր երեխաների հետ էին: Նվերները «նաղդում» էին փոքրիկների վրա, հետո նրանց ծնողներից բարձրաձայն գումար պահանջում՝ սպառնալով, թե հակառակ դեպքում տվածները երեխաների ձեռքից ետ կվերցնեն: Նրանք հաճախ առանց թույլտվության հայտնվում էին իրենց բալիկներին լուսանկարողների ֆոտոխցիկների առջեւ, ինչի համար եւս դրամ էին պահանջում: Մեզ էլ Խոտաբիչի տեսքով մի Ձմեռ պապ հանդիպեց, առանց թույլտվության լուսանկարվեց քրոջս 4-ամյա փոքրիկի հետ, հետո էլ թե՝ «բա պապիկին չե՞ք նայում»: Պապիկին «նայելը», պարզվեց՝ արժեր 500 դրամ: Նրան հաջորդեց կեղտոտ շորերով անճոռնի Միկի Մաուսը: Նա 10 դրամանոց մի փուչիկ խոթեց երեխայի ափի մեջ ու իսկույն 200 դրամ պահանջեց:

Հանրապետության հրապարակում «քաղաքակիրթ» եղանակով աշխատող Ձմեռ պապիկներ ու հեքիաթների այլ հերոսներ էլ կային: Նրանք, ի տարբերություն իրենց որոշ «կոլեգաների», չէին քաշքշում ու «չամռվում», պարզապես ջերմ մաղթանքներով ու լայն ժպիտներով էին փորձում երեխաներին իրենց կողմը գրավել: Նրանց  դեպքում վճարման «կարգն» այլ էր՝ ծնողից գումարը վերցնում էին ամանորի խորհրդանիշների «վստահված» անձինք: Այդ օրը Հանրապետության ձնակոլոլ հրապարակը վերածվել էր մեծ ու փնթի արեւելյան շուկայի՝ ամենուր փոփ-կորն, «ուտելու բամբակ», արեւածաղիկ, տնային պայմաններում պատրաստված անուշեղեն ու ինքնաշեն խաղալիքներ էին վաճառվում: Փոքրիկների ծնողները ստիպված էին նրանց սիրտը չկոտրելու համար սառցակալած կարուսելներ նստեցնել, որոնք նույնպես անվճար չէին: Հրապարակը հագեցած էր գոմաղբի հոտով, որովհետեւ բացի կենտրոնում հավաքված ու իրարից «կլիենտ փախցնող» տաքսիներից, այլ երթեւեկության «միջոցներ» էլ կային՝ չխնամված ձիեր ու կառքեր՝ «էստի համեցեք» անող կառապաններով:

Երեւանի քաղաքապետարանը ամեն տարի շեփորում է, թե ինչ ջանքեր է ներդրել հատկապես Հանրապետության հրապարակին Ամանորի շունչ հաղորդելու համար: Փոխվում են դրանք իրականացնող պաշտոնյաներն ու կազմակերպիչները, սակայն ձեռագիրը միշտ նույնն է մնում: Հիշեցնենք, որ փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը իր ասուլիսում հայտարարել էր, թե

այս տարի Հանրապետության հրապարակում տոնական միջոցառումներն իրականացվել են մրցութային կարգով: Ընդ որում, դրանք ստանձնել է հաղթող ճանաչված «Էլ Էյ Ջի» կազմակերպությունը, որը, իբր, ինչ-ինչ «նորամուծություններ» է կատարել: Նորամուծությունն էլ այն էր, որ բեմը դրվել էլ տոնածառի դիմաց, իսկ շատրվանների հարեւանությամբ խաղեր էին տեղադրվել: Մի բան էլ կար՝ ուշացումով սկսված համերգներ, որոնց հանդիսատեսը մշտապես հատուկենտ կիսահարբած անչափահասներն են լինում ու քննությունների պատճառով Երեւանում մնացած մարզաբնակ ուսանողները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել