Լրահոս
Օրվա լրահոսը

Ընկել են կերակրողին կորցնողի ընտանիքի ետեւից

Հունվար 16,2007 00:00

\"\"Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարան է հրավիրվել Ագրարային համալսարանի դոցենտ, Գ. Լուսավորչի թիվ 3 շենքի 18 բնակարանի բնակիչ Հասմիկ Ոսկանյանը: Նա քաղաքապետարանի հետ միասին ճանաչվել է պատասխանող:

Հայցվորները հարեւաններն են՝ Արտյուշա Մուրադյանը, Ջեմմա Գյուլզադյանը, Նոնա Զոտովան, Վահրամ Մարտիրոսյանը, Մեդեա Եփրեմյանը, Աստղիկ Կարապետյանը, որոնք դատարանից պահանջում են անվավեր ճանաչել քաղաքապետարանի անցյալ տարվա սեպտեմբերի 28-ի 1547-Ա որոշումը, ըստ որի, վերոնշյալ շենքի բակում ավտոտնակ կառուցելու նպատակով Հ. Ոսկանյանին տրամադրվել է 20 քմ մակերեսով հողամաս: Հարեւան հայցվորները գտել են, որ խախտվել են իրենց շահերը: Ըստ նրանց, վիճելի տարածքը եղել է ծառայողական ավտոմեքենայի ավտոկայան, ապա 2005-ին ցանկապատը քանդվել է, այն օգտագործվել է կանաչապատման գոտի, երեխաների խաղահրապարակ: Ոսկանյանն ասում է, որ տարածքում ցանկապատ եւ խաղահրապարակ երբեք չի եղել:

Ճակատագրի բերումով Ոսկանյանի մինուճար աղջիկը Ա-320 ինքնաթիռի բորտուղեկցորդուհի Մարինե Հասրաթյանն է, ում իրերը մայիսի 3-ին զոհվելուց հետո, գտնվեցին եւ վերադարձվեցին. պայուսակում ավտոմեքենայի բանալիներն էին ու վարորդական վկայականը: Մարինեի որդու՝ 12-ամյա Նարեկի եւ մոր՝ Հ. Ոսկանյանի համար խնդիրը բարդ էր, քանի որ ավտոմեքենան ամեն օր վարձով կանգնեցվում էր վարձակալված ավտոտնակում: Ուստի տատիկը դիմեց քաղաքապետարան՝ բակի ավտոտնակների կողքին ստանալով ավտոտնակ կառուցելու իրավունք: Քաղաքապետարանը կառուցապատման իրավունք Ոսկանյանին տվել է 5 տարի ժամկետով, հոկտեմբերի 20-ին կնքել է պայմանագիր, որի կետերից մեկով Ոսկանյանն զգուշացվել է, որ եթե 2 տարվա ընթացքում շինարարական աշխատանքները չսկսեն, «շինարարության թույլտվությունը կճանաչվի առոչինչ»: Հայցվոր հարեւաններն իրենց հայցում հղում են անում ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածին, դատարանին ներկայացնելով, թե «այդ կարգի հողամասերը այլ անձանց փոխանցվել չեն կարող»: Սակայն նրանք չեն հիմնավորում, թե իրոք այդ տարածքը պատմամշակութայի՞ն է, բնության հատուկ տարածքների՞ց, ազգային զբոսայգի՞ էր, բուժիչ-առողջարանային վա՞յր, ինչը հաստատվելու դեպքում, կպարզվի, որ հարեւան ավտոտնակներն էլ են ապօրինի: Նշենք, որ ավտոտնակների շարք այնտեղ կա եւ Ոսկանյանի ավտոտնակն էլ գտնվելու է դրանց միջեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել