Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՔՍԻ ԱՎԵԼԱՑՈՒՄԻՑՕԴԸ ՉԻ ՄԱՔՐՎԻ

Հունվար 16,2007 00:00

\"\"Մթնոլորտի մաքրման մասին մտածող մեր կառավարությանը պարզապես փող է պետք

2007-ի հունվարի 1-ից Հայաստանն օդի աղտոտվածությունից փրկելու անվան տակ «հայրենի բնության սիրահարներն» օրենսդրական դաշտում այնպիսի փոփոխություն կատարեցին, որը կոռուպցիոն նոր ռիսկեր ստեղծելուց բացի, վնասելու է մեր երկրի տնտեսությանը, հարվածելու է բնակչության աղքատ եւ միջին խավին եւ, որ ամենակարեւորն է՝ դրանից Հայաստանի օդը, մաքրության առումով, որեւէ փոփոխություն չի կրելու:

Այսպես, այս տարվա հունվարի 1-ից «Բնապահպանական վճարումների դրույքաչափերի» մասին նոր օրենքի համաձայն, հանրապետություն ներկրվող հին ավտոմեքենաների համար ներկրողները պետք է վճարեն ավելի բարձր մաքսատուրք. 5-10 տարվա ավտոմեքենաների համար՝ մաքսային արժեքի 2 տոկոսի, 10-15 տարվա ավտոմեքենաների համար՝ 10 տոկոսի, իսկ ավելի քան 15 տարվա ավտոմեքենաների համար՝ 20 տոկոսի չափով գումար: Նախկինում արտասահմանյան ավտոմեքենաների ներկրման համար գանձվում էր 20 տոկոս ԱԱՀ եւ 10 տոկոս պետական տուրք:

Հին մեքենաների ներկրման մաքսերի ավելացմամբ՝ բնապահպանների ասելով, Հայաստանի մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի քանակը կկրճատվի, հին մեքենա ներկրելը թանկ կնստի, մարդիկ ավելի նոր թվերի արտադրության մեքենա կբերեն եւ աստիճանաբար Հայաստանը հին մեքենաների աղբակույտից կդառնա շքեղ, նոր մեքենաներ ներկրող զարգացած երկիր: Այս ամենը, իհարկե, շատ սիրուն է հնչում, բայց գործնականում դրա իրականացումը, մեղմ ասած՝ անհեռանկարային է: Հայաստանի օդը չի կարող մաքրվել մի քանի պատճառներով. նախ, մթնոլորտի աղտոտվածությամբ անհանգստացած մեր իշխանությունները մաքսատուրքը ավելացնելու միջոցով հին մեքենաների ներկրումն արգելելու փոխարեն՝ կարող էին արգելել վատորակ վառելիքի ներկրումը: Ներկայումս մեր երկիր մտնում է «ճ» կլասի, ծծմբի բարձր պարունակությամբ բենզին, որի մուտքը Եվրոպա արգելվում է: Բայց քանի որ վառելիք ներկրողները «ներսի» մարդիկ են եւ կառավարությունը չի կարող «Միկայի», «Ֆլեշի» դաշտ մտնել ու նրանց առաջ ինչ-որ արգելքներ դնել, բռնացրել են ցածր եւ միջին խավից. բնապահպանների մտածած նոր օրենքի ընդունումը հենց այդ խավերի գրպանին է հարվածելու, որովհետեւ խոշոր ընկերությունները եւ հարուստ խավը հին մեքենաների ներկրմամբ չեն զբաղվում, իսկ հին արտադրության մեքենաների մաքսերի ավելացումը, որի պատճառով արդեն իսկ շուկայում մեքենաների գները բարձրացել են, դուրս է գալու միջին եւ ցածր խավի գրպանից, որոնք այդ մեքենաների հիմնական գնորդներն են: Եթե նույնիսկ մեքենան 2006-ի արտադրության է, բայց շահագործվում է առանց չեզոքացուցիչի եւ վատորակ բենզինով, Հայաստանի օդը չի մաքրվելու: Իսկ մեր երկրում չեզոքացուցիչի ստուգման որեւէ հնարավորություն չկա: 2006-ի հունվարի 1-ից կառավարությունն արգելել էր առանց չեզոքացուցիչների մեքենաների ներկրումը, բայց մինչ օրս մեր երկիրը հնարավորություն չունի ստուգելու՝ մեքենայի վրա առկա չեզոքացուցիչը գործո՞ւմ է, թե՞ ոչ:

Ռուսական արտադրության մեքենաները հիմնականում լինում են կարբյուրատորային շարժիչով, որոնք չեզոքացուցիչներ չունեն: Մաքսային պետական կոմիտեի տվյալներով՝ անցյալ տարի Հայաստան է ներկրվել 26 հազար 157 ավտոմեքենա, որից 7 հազար 302-ը՝ ռուսական արտադրության: Բայց եթե նույնիսկ մեքենան ոչ թե ռուսական, այլ արտասահմանյան արտադրության լինի, ոչ ոք չի կարող ասել՝ շահագործվելիս որքա՞ն է այն աղտոտում շրջակա միջավայրը, քանի որ մեր երկիրը կարող է միայն խլացուցիչից արտանետվող CO գազի քանակը ստուգել: Թեեւ կառավարությունը նույն օդի աղտոտվածությունը վերացնելու անվան տակ մեքենաների էկոստուգում մտցրեց՝ իր 2500 դրամներով, սակայն դա փող ուտելու հերթական ձեւերից մեկն էր, որովհետեւ էկոստուգողներն իրականում մեքենայի չեզոքացուցիչի աշխատանքը ստուգել չեն կարող, պարզապես ճշտում են մակնիշը ու կողմնորոշվում, ասենք, «Նիվայի» արտադրողը չեզոքացուցիչ դնո՞ւմ է, թե՞ ոչ: Չեզոքացուցիչը մի քանի տարին մեկ պետք է փոխել, որովհետեւ այն ժամանակի ընթացքում լցվում է, խցանվում եւ վատ է ազդում մեքենայի աշխատանքի վրա, ուստի վարորդներից քչերը հայրենի բնության համար 100-150 հազար դրամի ծախս կանեն ու անընդհատ նոր չեզոքացուցիչ կգնեն. նրանք պարզապես մեքենան շահագործելու ընթացքում անջատում են չեզոքացուցիչը՝ ավելորդ ծախս չանելու համար:

Նոր արտադրության մեքենան առանց չեզոքացուցիչի 10 ագամ ավելի CO գազ կարող է արտադրել, քան հին, ռուսական արտադրության մեքենան:

Այնպես որ, «Բնապահպանական վճարումների դրույքաչափերի» մասին օրենքի ընդունումը, որը ոչ մի կերպ չի վնասում «ջիպեր» ու «համմերներ» քշող կառավարության ներկայացուցիչներին, պարզապես ժողովրդից փող հավաքելու հերթական տարբերակն է՝ «մթնոլորտի մաքրում» անվան տակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել