Դժվար կլիներ ենթադրել, թե ՀՀԿ-ում ունկնդիր չեն իրենց ղեկավարի՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքին, որը 2006-ի դեկտեմբերի 22-ի ասուլիսում հայտարարել էր. «Կուսակցություններն իրավունք չունեն օգնություն բաժանել մարդկանց»:
Համադրենք այս պնդումը ՀՀԿ-ի պաշտոնական կայքէջում միայն երեկ տեղադրված այս տեղեկությունների հետ. «Հանրապետական կուսակցությունը նոր տարվա կապակցությամբ ամանորյա նվերներ է բաժանել Հայրենական պատերազմի վետերաններին, զոհված, ինչպես նաեւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին: Միջոցառման շրջանակներում բաժանվել է նվերների 71 փաթեթ Եղվարդում եւ 120 փաթեթ՝ Եղվարդի շրջակա գյուղերում: ՀՀԿ-ն նվերներ է բաժանել նաեւ սոցիալապես անապահով ընտանիքներին՝ թվով 19 փաթեթ: ՀՀԿ-ի ուշադրությունից դուրս չեն մնացել նաեւ Եղվարդի դպրոցների աշակերտները: Հանրապետականը նրանց համար նախապատրաստել էր ամանորյա տոպրակներ»:
Առավել ծավալուն է ՀՀԿ Կոտայքի մարզային խորհրդի ներկայացրած տեղեկատվությունը՝ իր «ինքնատիպ» միջոցառումների եւ բազմաթիվ ձեռնարկների մասին, որոնք բոլորն էլ կազմակերպված էին «ՀՀԿ բարձր հովանավորությամբ»: Այս շարքում առաջինը զոհված եւ վիրավոր ազատամարտիկների 680 ընտանիքներին նվիրված միջոցառումներն են, որոնց ընթացքում նրանց են հանձնվել «ՀՀԿ-ի զինանշանը կրող ամանորյա փաթեթներ»: Հաջորդը Հայրենական մեծ պատերազմի եւ աշխատանքի վետերանների մասնակցությամբ իրականացվող միջոցառումներն են, «որոնք մեծ բավականություն պարգեւեցին եւ կուսակցության հանդեպ երախտագիտության ջերմ խոսքերի առիթ ստեղծեցին մարզի 520 վետերանների»: ՀՀԿ Չարենցավանի տարածքային կազմակերպության կանանց խորհուրդն էլ այցելել է 25 ընտանիքների, «որոնց նորածին փոքրիկներն իրենց առաջին ճիչն էին արձակել դեկտեմբերի 31-ից հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածում: Չարենցավանցի հանրապետական կանանց կողմից այս մանուկներին հանձնվեցին նորածինների համար նախատեսված տարբեր հագուստների փաթեթներ»:
Շարքը դեռ ամբողջական չէ: Եվ ակնհայտ է, որ այս թափով շարունակելու դեպքում ՀՀԿ-ն կգերազանցի «Բարգավաճ Հայաստանին»՝ իրականացված բնավ ոչ քաղաքական նպատակներ հետապնդող «բարեգործությամբ»: