Լրահոս
Օրվա լրահոսը

Սարկոզին ու հայերը

Հունվար 16,2007 00:00

Անցած կիրակի Ֆրանսիայի իշխող «Ժողովրդական շարժում միավորում» կուսակցության համագումարը երկրի նախագահի միասնական թեկնածու հռչակեց ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզիին՝ վերջ դնելով արդեն մի քանի ամիս շարունակվող ներկուսակցական տարաձայնություններին: Այսպիսով, Սարկոզին դարձավ Ֆրանսիայի աջերի միանձնյա առաջատարը, որը պետք է մասնակցի առաջիկա ապրիլի 22-ին կայանալիք նախագահական ընտրություններին:

52-ամյա բավականաչափ խարիզմատիկ այս քաղաքական գործչի կերպարը ֆրանսիական հանրության շրջանում միանշանակ չի ընդունվում: Եվ ինչպես հաճախ է պատահում ոչ այնքան օրդինար գործիչների պարագայում, նրա լիդերության հեռանկարը երկրի բնակչությանը բաժանել է երկու՝ ընդգծված կողմնակիցների եւ ընդգծված հակառակորդների բանակների: Սարկոզիին համակրողների շարքում են, այսպես կոչված, եվրասկեպտիկներն ու եվրոպական պահպանողական արժեքների կրողները: Նրանք, ովքեր հույս ունեն, որ Սարկոզիի գալստյամբ նոր զարկ կտրվի ազգային դիմագիծը գլոբալիզացիայի համահարթեցնող ազդեցությունից փրկելու ջանքերին ու այդ ջանքերի համատեքստում, մասնավորաբար, կխստացվի Ֆրանսիայի համար իսկական պատուհաս դարձած անօրինական միգրանտների դեմ պայքարը: Այս առումով տեղին է մեջբերել մի քանի ամիս առաջ Սարկոզիի թույլ տված մի արտահայտություն, որն այս օրերին, մի դեպքում՝ հաճույքով, մյուս դեպքում՝ ատելությամբ, վերհիշում են ֆրանսիացիները. «Մենք կմաքրենք մեր երկիրն ամեն տեսակ աղբից»: Հասկանալի է, որ աջերի միասնական թեկնածուն բացարձակապես ընդունելի չէ Ֆրանսիայի ոչ բնիկ համարվող բնակչության (գլխավորապես եկվոր արաբների) եւ սոցիալիստական կողմնորոշում ունեցող շրջանակների համար, որոնց ազդեցությունը Ֆրանսիայում ավանդաբար զգալի է եղել:

Սարկոզիի հնարավոր նախագահության նկատմամբ, օրինաչափորեն, անտարբեր չեն նաեւ հայկական շրջանակները: Որքանո՞վ է նրա թեկնածությունը հրապուրիչ հատկապես հայերին առնչվող հարցերի տեսանկյունից: Պարզվում է, գոնե ֆրանսահայության կարծիքով, շատ էլ հրապուրիչ է, եւ ահա թե ինչու: Ըստ «Կոմերսանտի», Սարկոզին հայտարարել է, որ Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում: «Եվրոպան ունի որոշակի սահմաններ, եւ ոչ բոլոր երկրները կարող են դառնալ վերջինիս լիիրավ անդամ: Դա վերաբերում է նաեւ Թուրքիային, որը տեղ չունի Եվրամիությունում»,- ասել է նա: Ֆրանսիայի աջերի թեկնածուի այս հայտարարությունն արդեն իսկ դրվատանքի է արժանացել Եվրոպայի որոշ հայկական կազմակերպությունների կողմից: Վերջիններս, սակայն, դեռեւս սպասողական վիճակում են եւ սպասում են մյուս ծանրակշիռ թեկնածուի՝ Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Սեգոլեն Ռուայալի խոսքին: Մարդ ես՝ մեկ էլ տեսար նա ավելի ուժգին կհայհոյի թուրքերին, ինչով միանգամից կվերագրավի հայերի համակրանքը:

Իսկ հայերի քվեները, հարկ է նշել, երկու թեկնածուներին շատ են անհրաժեշտ, քանի որ, ըստ սոցհարցումների, նրանք ընտրվելու հավասար հնարավորություններ ունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել