Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին «տուժողը»՝ «մեղադրյալ»

Հունվար 16,2007 00:00

Վաղը Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների 1-ին ատյանի դատարանում կմեկնարկի «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի արտահաստիքային ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի դեմ հարուցված քրգործի դատաքննությունը:

Հիշեցնենք, որ 2006թ. օգոստոսի 17-ին նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով, որոնցով նա մեղադրվում է խարդախության՝ «խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը», վիրավորանքի՝ «ուրիշի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձեւով ստորացնելը» եւ «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ» շորթման մեջ: Ընդ որում, այս մեղադրանքները Գ. Շամշյանի դեմ առաջադրվել էին այն բանից հետո, երբ վերջինս հուլիսի 12-ին Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ոստիկանությունում հայտարարություն էր տվել իր՝ որպես լրագրողի, դեմ նույն օրը կատարված բռնարարքի մասին՝ դրա կազմակերպման ու իրականացման մեջ մեղադրելով Նուբարաշեն համայնքի թաղապետ Մհեր Հովհաննիսյանի հարազատներին ու ընկերներին, մասնավորապես նրա հորը՝ Անդրանիկ Հովհաննիսյանին, եղբորը՝ Ռուբեն Հովհաննիսյանին, թաղապետի տեղակալ Վարդան Հարությունյանին ու օգնական Գուրգեն Գասպարյանին: Հարուցվել էր քրգործ, որտեղ Գ. Շամշյանը հանդես էր գալիս որպես տուժող: Թղթակցի դեմ դեռ քրգործի հարուցումից հետո էր ակնհայտ, որ դա արվում է ի հակակշիռ այն քրեական գործի, որով նա անցնում էր որպես տուժող: Ամբողջ տրամաբանությունը հետեւյալն էր. Գ. Շամշյանը կհրաժարվի հիշյալ անձանց դեմ տված իր ցուցմունքներից՝ իր դեմ հարուցված քրգործն էլ «կջրվի», եթե ոչ՝ քարը նրա գլուխը: Ի դեպ, նախաքննության ընթացքում իր ցուցմունքները փոխելու նպատակով Գ. Շամշյանի նկատմամբ բարոյական ճնշումներ էլ էին եղել: Անցյալ տարվա հոկտեմբերի 10-ին այն քրգործը, որում Գ. Շամշյանը ներգրավված էր իբրեւ տուժող, կարճվեց անհեթեթ պատճառաբանությամբ՝ «…հանցագործություններ կատարելու վերաբերյալ այլ ապացույցներ ձեռք չեն բերվել եւ սպառվել են այդ առթիվ նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները», իսկ մատնանշված անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր «վերջիններիս գործողություններում հանցակազմի առկայությունը հիմնավորող բավարար ապացույցների բացակայության հիմքով»: Ու թեեւ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազությունը լրագրողի մասնագիտական պարտականություններին խոչընդոտելուն ուղղված ակնհայտ հանցանքը հաջողությամբ պարտակեց, այդուհանդերձ, իշխանությունները որոշեցին Գ. Շամշյանին պատժել նրա համառության համար: Այն մեղադրանքները, իսկ դրանք պարունակում են 5 դրվագներ, որոնք առաջադրվել են ֆոտոթղթակցին, վերաբերում են 1998-2003թթ.-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած դեպքերին, որոնք, սակայն, ժամանակին քրգործ հարուցելուն չեն հասել, որովհետեւ այն ժամանակ ոչ ոք, ովքեր, իբր, տուժել էին Գ. Շամշյանի գործողություններից, երբեք պատիվ պահանջելու եւ իրավունք վերականգնելու պահանջ չի ներկայացրել: Նրանք այդ մասին հիշել են այն բանից հետո, երբ Նուբարաշենի թաղապետն է նրանց հուշել, մոբիլիզացրել ու իր ծառայողական ավտոմեքենայով ուղեկցել ոստիկանություն՝ թղթակցի դեմ հետին թվով հայտարարություն անելու համար:

Գ. Շամշյանի պաշտպան, փաստաբան Զարուհի Փոստանջյանի փոխանցմամբ, «նախաքննության՝ մեղադրանք առաջադրելու եւ Գ. Շամշյանի տան խուզարկության ընթացքում տեղի են ունեցել ապօրինի գործողություններ, քրգործի նյութերը կարված ու համարակալված չեն եղել: Բացի այդ, իբր, տուժող հանդես եկած մարդիկ, ովքեր Գ. Շամշյանի դեմ ցուցմունքներ են տվել, բոլորը ինչ-որ կերպ կապված են Նուբարաշենի թաղապետի հետ, որից ակնհայտ է իմ պաշտպանյալի դեմ հարուցված քրգործի կապը այն գործի հետ, որում նա տուժող էր հանդես գալիս, ակնհայտ է նաեւ այն, որ այս քրգործով «տուժողներին» ուղղորդել են»: Զ. Փոստանջյանի ասելով, թղթակցին առաջադրված մեղադրանքներում ոչ մի «թարմ» դեպք չկա, ու բացի այդ էլ, դրանք իրավական հիմք չունեն, բոլոր մեղադրանքները միջնորդավորված են, ու ապացույցներ չկան, որ Գ. Շամշյանը գումար է շորթել, ծախսել է իր նպատակների համար ու չի վերադարձրել կամ՝ որ խարդախությամբ ուրիշի ունեցվածքին է տիրացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել