Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄ»-ԻՑ ՍԱՐՍԱՓՈ՞ՒՄ ԵՆ

Հունվար 16,2007 00:00

«ԱՄ»-ԻՑ ՍԱՐՍԱՓՈ՞ՒՄ ԵՆ

\"\"Արտաշես Գեղամյանը վստահ է, որ իշխանությունները վախենում են իրենից եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունից, այդ պատճառով էլ իր դեմ դավեր են նյութում:

«Սրանց դավադրությունները քնած տեղս եմ կարդում, որովհետեւ իրենք այնքան պարզունակ եւ պրիմիտիվ են, գեղացի են նրանք անգամ իրենց մտածելակերպով, էս են սրանք, եւ բացարձակապես պատահականություն չի, որ հիմա էլ ամեն ինչ անում են «ԱՄ»-ին սադրանքների ոլորտ ներքաշելու համար, որովհետեւ մեր բերված եւ ոչ մի մեղադրանքին ոչ մի պատասխան չեն կարող տալ, ամեն ինչ անում են, որ էլ ավելի պառակտվի հասարակությունը: Ինչ խոսք, իրենց բոլոր փորձերը դատապարտված են ձախողման. մենք, ի հեճուկս իշխանությունների, առաջիկա ընտրություններին հաղթելու ենք, այս ապազգային իշխանությունների լուծը թոթափելու ենք ժողովրդի ուսերից»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Նա վստահ է, որ իշխանությունները «սարսափում» են «Ազգային միաբանությունից». «Սարսափում են հատկապես մեր կուսակցությունից ու ինձնից, եւ ճիշտ էլ անում են, որովհետեւ իրենք ինչ փորձ կատարեցին՝ մեզ ներքաշել զանազան սադրանքների մեջ, բացահայտեցինք՝ փլուզվեց, փորձեցին շառուշուռ անել՝ փլուզվեց, հիմա գնացել էին ամենաստոր եւ ամենանենգ ճանապարհով, բայց դրա առաջն էլ մենք առանք եւ դեկտեմբերի 20-ին այս բոլոր զարգացումների մասին մենք հայտարարությամբ հանդես եկանք: Եվ երբ մենք մեր հայտարարությունը տվեցինք որոշակի մարդկանց, ովքեր Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի ջատագովներ, դրոշակակիրներ էին հանդես գալիս, քար լռություն տիրեց, որովհետեւ սադրանքը արդեն իսկ ձախողվել էր»: «Առավոտի» հարցին ի պատասխան, թե ում նկատի ունի «ԱՄ» նախագահը, երբ խոսում է «ջատագովների» մասին, Արտաշես Գեղամյանը մատնանշեց Ժիրայր Սեֆիլյանի տեղակալ Արմեն Աղայանին:

Պարոն Գեղամյանը ասուլիսի ժամանակ անդրադարձավ բոլոր այն հայտնի պատմություններին, որ կապվում են նրա անվան հետ, եւ որոշ մահափորձերի եւ Մոսկվայից եկող փողերի եւ այլնի հարցերին (մանրամասն չենք անդրադառնում, քանի որ այդ ամենի մասին 2003-ից ի վեր բազմիցս գրվել է), ասելով, թե իրենք կարողացել են ժամանակին եւ շատ խելոք դրանց դեմն առնել եւ բացահայտել «իշխանությունների սադրանքները»: «ԱՄ» նախագահի համեմատաբար նոր պատմությունը կապված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծման հետ:

«ԲՀ»-ն ստեղծվել է մի իրավիճակում, երբ պարոն Գագիկ Ծառուկյանին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանի հարազատների կողմից պատրաստվում է սպանություն, քիլլեր էր վարձվել, որ սպանի Գագիկ Ծառուկյանին, այս գործը բացահայտվել էր, համենայնդեպս՝ համառորեն այդ լուրերը գնում էին: Այդ ամենի մասին տեղեկացվել է պարոն Քոչարյանը, առերեսում էր տեղի ունեցել, որի արդյունքում հանգստի, թոշակի գնաց Կառլոս Պետրոսյանը, որի արդյունքում շինարարական իր բիզնեսը Սաշիկ Սարգսյանը սկսեց իրականացնել արդեն ԱՄՆ-ում, էլի՞ ասեմ: Տարօրինակ պայմաններում սպանվեց աշտարակցի Մուշեղը, որը փայատեր էր Հրազդանի «ցեմզավոդի»: Մի հատ էդ բոլորը համադրեք, եւ, բնականաբար, մարդիկ գիտակցեցին, թե ինչ ահավոր իրավիճակ կստեղծվի ՀՀ-ում, Աստված մի արասցե, եթե հանկարծ Սերժ Սարգսյանը դառնա երկրի նախագահ: Ահա սա է «ԲՀ»-ի ստեղծման պատճառը»,- երեկ հայտարարեց Արտաշես Գեղամյանը:

Արտաշես Գեղամյանն ասաց նաեւ, որ «այսօր իշխանությունների համար վտանգ կազմող կուսակցություններից առաջիններից մեկը «Ազգային միաբանությունն» է, որի վառ ապացույցն են այն վայրագ հարձակումները, որոնք իշխանական լրատվամիջոցների կողմից իրականացվում են մեր դեմ: Որոշ թերթեր, ի դեմս իրենց խմբագրի, անցել են հայհոյախոսության, կգա օրը, կգա պահը, օրենքի շրջանակում անպատասխան ոչ մի հերյուրանք, ոչ մի լուտանք չի մնա, կպատժվեն ընկերները: Հիմա դրա ժամանակը չի, հիմա մենք մտածում ենք ժողովրդին փրկել այս մղձավանջից, որի մեջ գցել են իշխանությունները»: «Առավոտի» հարցին՝ «ԱՄ»-ն ակնկալում է, որ ընդդիմադիր դաշտը համախմբվի հատկապես «ԱՄ»-ի՞ շուրջը, պարոն Գեղամյանը պատասխանեց. «Մենք ակնկալում ենք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը կհամախմբվեն ժողովրդի շուրջ եւ կգլխավորեն ժողովրդին»:

 Հ. Գ. Երեկվա ասուլիսում Արտաշես Գեղամյանի կողմից արված հայտարարություններին արձագանքել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը, որը նշել է. «Այդ քանակի անհեթեթություններ եւ պատրանքներ պարունակող հայտարարությունը կարող է մեկնաբանել միայն համապատասխան բժիշկը»։ «Մեդիամաքսին» տված հարցազրույցում նա ասել է նաեւ, որ, ըստ ամենայնի, նախընտրական տարվա մեկնարկը վատ է անդրադարձել պրն Գեղամյանի վրա։

Գեղամյանի հայտարարություններին արձագանքել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը աբսուրդ համարելով Գեղամյանի հայտարարությունները՝ ասել է. «Ես առաջին անգամ եմ լսում այն ամենի մասին, ինչ պատմել է Արտաշես Գեղամյանը: Նրա այդ պատմությունները որեւէ կապ չունեն իրականության հետ։ Եթե պրն Գեղամյանը ինչ-ինչ քաղաքական խնդիրներ ունի, ապա լավ կլինի, որ նա չփորձի լուծել դրանք այլ քաղաքական ուժերի եւ գործիչների՝ սադրանքով միմյանց դեմ հանելու միջոցով»։

Ի դեպ, կուսակցության գրասենյակից հայտնեցին նաեւ, որ ԲՀԿ-ի համագումարը տեղի կունենա փետրվարի 15-ին, ժամը 10-ին, Կառավարության նիստերի դահլիճում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել