Բայց երբե՛ք չեն հարթվի ՀՀՇ-ՀՅԴ տարաձայնությունները: Սրա մի ապացույցն էլ երեկ «Հայելի» ակումբում կազմակերպված քննարկումն էր:
ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը հանդիպման սկզբում քննադատեց անցած շաբաթավերջին անցկացված «Հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական եւ սոցիալական հետեւանքները» խորագրով միջազգային գիտաժողովը. «Սրա մտահոգիչ մասն այն էր, որ հատկապես հովանավորները կարծես ցանկանում էին հայությանն ասել, որ սահմանների բացման դեպքում ձեր վիճակը բարելավվելու է՝ ենթատեքստում ասելով, թե գնացեք մի քանի քաղաքական զիջումների, որ ստանաք այդ տնտեսական բարիքները: Ենթատեքստից մի քիչ էլ ավելին էր, քանի որ կոնֆերանսի ընթացքում, կողմնակի խոսակցության ժամանակ՝ այդ մասին ուղղակի ակնարկ արեց հովանավոր կազմակերպություններից մեկի՝ USAID-ի երեւանյան գրասենյակի աշխատակիցներից մեկը կոնֆերանսի մասնակիցներից մեկին»: Կիրո Մանոյանը, սակայն, նշեց. «Պարզ է՝ իրար համոզելու կարիք չկա, որ սահմանի բացումը, բաց սահմաններ ունենալը դրական է տնտեսական զարգացման համար»: Իսկ ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանը խիստ դրական գնահատեց նման գիտաժողովները: Ու որպես առաջընթաց գնահատեց. «Փառք Աստծո, որ պրն Մանոյանն ասաց, թե լավ կլինի, որ բացվի Թուրքիայի հետ սահմանը: Դա նշանակում է, որ Ձեր կուսակցությունն այն այլեւս չի դիտարկում որպես ճակատ: Դա ինձ ուրախացնում է»:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացման դիմաց քաղաքական զիջումներին՝ պրն Շահնազարյանն ասաց. «Եթե խոսքն այն մասին է, որ Հայաստանը ժխտի Ցեղասպանության փաստը՝ դա աբսուրդ է, եւ այդ հարցը ենթակա չէ քննարկման: Բայց ուրիշ հարց է, որ սխալ է Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը համարել Հայաստանի արտաքին քաղաքականության թիվ 1 նպատակ: Դրա փոխարեն շատ ճիշտ կլիներ, պրն Մանոյան, որ ձեր կառավարությունը ՀՀ արտաքին քաղաքականության նպատակներից մեկը համարեր (գուցե չարժեր այդ մասին բարձրաձայն խոսել) Թուրքիայի հետ սահմանների բացումը»: Կիրո Մանոյանն առարկեց. «Մինչեւ 1998-ն էլ, երբ Դուք էիք իշխանության՝ սահմանը փակ էր, երբ տակավին արտաքին քաղաքականության օրակարգի վրա չկար Ցեղասպանության ճանաչման խնդիր»: Եվ որպես սահմանը չբացելու իրական պատճառ նշեց՝ Թուրքիային անհրաժեշտ է, որ մեր երկիրը լինի թույլ ու տկար պետություն՝ «դրա համար 40 պատճառ էլ կարող է բերել, որ սահմանները փակ պահի եւ փորձի Հայաստանին խեղճացնել»:
Դավիթ Շահնազարյանը որպես նախկին իշխանության նվաճումներ նշեց, որ ամենածանր տարիներին հաջողվեց հաց բերել Թուրքիայից եւ զերծ պահել նրան ԼՂ խնդրում ռազմական միջամտությունից. «Այսօր, Աստված չանի՝ հանկարծ (որ, իհարկե, չի կարելի բացառել), եթե ձեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի ջանքերի շնորհիվ Հայաստանը հայտնվի մի վիճակում, որ նման ներկրումների անհրաժեշտություն առաջանա՝ չեմ կարծում, թե ձեր իշխանությունը, ցավոք, կարողանա լուծել նման հարցեր: Էլ չեմ ասում, որ եթե ձեր քաղաքականության հետեւանքով, Աստված չանի՝ պատերազմ սկսվի՝ արդեն հնարավոր չի լինի կասեցնել Թուրքիայի միջամտությունը»: Կիրո Մանոյանը բուռն առարկեց մասնավորապես Ռուսաստանի մասին հիշատակմանը: «Դո՛ւք եք ստորագրել ռազմավարական գործընկերության պայմանագիրը»,- հիշեցրեց նա: «Ձեր հավերժական թշնամի Թուրքիա երկրում հայերն իրենց ավելի անվտանգ են զգում, քան ձեր հավերժական բարեկամ Ռուսաստանում, որի կցորդն ենք այսօր դարձել մենք»,- հակադարձեց պրն Շահնազարյանը:
Վերջին գիտաժողովի ընթացքում էլ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը հայտարարել էր. «Հայաստանը բազմիցս նշել է, որ հանդես է գալիս առանց որեւէ նախապայմանի Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու օգտին»: Այս կարգի հավաստիացումները թերեւս հավատ չեն ներշնչում ՀՀՇ վարչության անդամին. «Սահմանը բացելուն ուղղված ջանքերը բավարար չեմ համարում»: Դժգոհ է նաեւ ՀՅԴ ներկայացուցիչը. «Պետք եղածից էլ ավելի՛ն են եղել ջանքերը»
Ասուլիսում բանավեճի առարկա դարձավ նաեւ ԼՂ խնդրի կարգավորումը: Եվ բանակցային գործընթացի մանրամասներին անդրադարձից հետո Կիրո Մանոյանն արձանագրեց. «Որպես ընդդիմության գործիչ՝ բավական լավ տեղեկացված է պրն Շահնազարյանը: Կա՛մ իշխանություններն են տեղեկացնում, կա՛մ չգիտեմ ով: Երկու դեպքում էլ՝ մի բան նշանակում է»: Դավիթ Շահնազարյանը հայտնեց, որ իր տեղեկատվությունը միջազգային եւ ադրբեջանական աղբյուրներից է: «Վա՛յ»,- զարմացավ Կիրո Մանոյանը: Իսկ Դավիթ Շահնազարյանի դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւն ուզում են հնարավորինս ձգձգել բանակցությունները՝ իրենց իշխանությունը երկարաձգելու համար, պրն Մանոյանը արձագանքեց. «Իրե՞նք են մնալու, ընտրությունների չե՞նք գնում»: Լավատեղյակ Դավիթ Շահնազարյանը զարմացավ նույնքան անկեղծորեն. «Հայաստանում ընտրություննե՞ր են լինելու: Ես նման բան առաջին անգամ եմ լսում»: