Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղնախարարությունը գյուղացուն չի հավատում

Հունվար 15,2007 00:00

Շարունակվող երկարատեւ ցրտերի պատճառով մարզերում բերքը ցրտահարվել է: Հանրապետությունում տուժել են խաղողի, դեղձի եւ ծիրանի այգիները: Օրերս այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի ագրարա-գյուղատնտեսական միության նախագահ Հրաչյա Բերբերյանը: «Առավոտի» հետ զրույցում էլ միության նախագահի տեղակալ եւ Արմավիրի մարզի մասնաճյուղի տնօրեն Սուրիկ Ասմարյանը հավաստիացրեց, որ իրենք ուսումնասիրություն են արել եւ պարզել, որ Արարատյան դաշտի այգիների մեծ մասը, մասնավորապես՝ Արմավիրի մարզի Էջմիածնի, Հոկտեմբերյանի, Բաղրամյանի եւ Մյասնիկյան գյուղերի այգիները ցրտահարվել են. «Պտղատու ծառերից ճյուղեր ենք պոկել եւ ստուգելու համար՝ ցրտահարվե՞լ են, թե՞ ոչ, դրանք տաքացրել ենք: Որոշ ժամանակ անց բողբոջների տեղերը ամբողջությամբ սեւացել են, իսկ դա նշանակում է, որ ծառը ցրտահարվել է: Խաղողի այգիները ցրտահարվում են մինուս 18 աստիճան ցրտի դեպքում, իսկ ծիրանենին ու դեղձենին՝ 20 աստիճանի, իսկ այսպիսի ջերմաստիճան հարթավայրում արդեն գրանցվել է»: Չնայած սրան՝ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում պնդում էր, որ ոչ մի ցրտահարություն էլ չի եղել, եւ որ միության տարածած տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում. «Որպես պարտադիր կանոն, Արարատյան հարթավայրում խաղողի այգիները թաղվում են, եւ եթե որեւէ մեկը իր այգին չի թաղել ու ցուրտը տարել է՝ դա իր ծուլության հետեւանքն է, ինչ վերաբերում է պտղատու այգիներին, ապա կարող եմ ասել, որ ծիրանենիները մինչեւ 28-30 աստիճան ցրտին կարող են դիմանալ, դեղձենիներն էլ՝ մինչեւ 25. մինչ այս պահը Արարատյան հարթավայրում նման ցածր ջերմաստիճան չի գրանցվել եւ անհանգստանալու առիթ չկա: Սյս տարվա բերքին ոչ մի վտանգ չի սպառնում»: Սրան ի պատասխան, միության նախագահը նկատեց. «Արարատյան դաշտավայրում այգեգործների մեծ մասը հնարավորություն չի ունեցել այգիները թաղելու, քանի որ շատ հաճախ ոռոգման ջուր չեն ունեցել, իսկ չոր հողի մեջ չէին կարող խաղողի վազերը թաղել, հետեւաբար ցրտահարությունն անխուսափելի էր»: Երեկ այս առնչությամբ Հայհիդրոմետից պարզաբանեցին, որ Արարատյան դաշտավայրում 10 օր շարունակ աննախադեպ ցուրտ է եղել՝ մինուս 25 աստիճան: Հիդրոմետի կլիմայական հետազոտությունների կենտրոնի պետ Համլետ Մելքոնյանի խոսքերով՝ այդպիսի ցրտի պայմաններում շատ հնարավոր է, որ ծիրանենիներն ու դեղձենիները ցրտահարվեին: Ամեն անգամ, երբ գյուղացու բերքը երաշտից, առատ տեղումներից կամ ցրտից տուժում է՝ գյուղնախարարությունը փորձում է հերքել, որ գյուղացին վնաս է կրել՝ պատճառաբանելով, որ «մարզպետարանները ստից լացում են, որ պետությունից փոխհատուցում ստանան»: Սակայն այս դեպքում նման հայտարարությամբ հանդես է եկել Ագրարա-գյուղատնտեսական միությունը, որը լացելու կամ պետությունից փոխհատուցում ստանալու շահ չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել