Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 15,2007 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք չորրորդ

Գլուխ երրորդ

ՆԱՐԴԻ ԵՎ «ՅԱՐԽՈՒՇՏԱ»

Չնայած Լեոնիդն այլ հարցերում չափազանց ընդունակ էր ու շատ հեշտ էր յուրացրել Սասնա բարբառը, բայց նարդու գծով չափազանց անընդունակ ու անհաջողակ էր, եւ չնայած էդ գծով անընդունակ ու անհաջողակ էր, այդուհանդերձ, շատ էր սիրում մեր էդ հինավուրց խաղն ու հեչ չէր սիրում պարտվել, եւ այդ էր պատճառը, որ երեք մարսերից հետո Լյոնյան ինձ առաջարկեց եւս մի թայլա խաղալ: Երբ Լեոնիդն ու ես նարդու խաղաքարերը վերստին շարում էինք, Ռոլանդն ինձ ասաց.

– Ա՛յ Արմեն, ձեզ թվում ա՝ նարդի խաղալու ե՞նք էկել:

– Բա ինչի՞ ենք էկել,- հարցրեց կարմրած Լյոնյան:

– Խորոված ուտելու,- ասաց Բախտիարը:

– Էս մարդկանց էրեխի հետ կապված հարցեր կան, Լեոնիդ ջան,- ասաց Ռոլանդը:

– Երեխայի հետ կապված որեւէ հարց չկա,- ասաց Լեոնիդը:

– Ո՞նց չկա, ա՛յ Լյոնյա,- զարմացավ Ռոլանդը:

– Ժամանակը կգա՝ երեխայի հետ կապված հարցերը ոնց որ պետքն է կլուծենք:

– Հարուր տոկոսով ե՞ս երաշխավորում,- հարցրեց Ռոլանդը:

– Համարյա,- ասաց Լեոնիդը:

– Այսինքն,- ասաց Ռոլանդը:

– Այսինքն, երեխային մի հատ պիտի լսենք. այսպես ասած՝ ձեւական կողմը պիտի ապահովվի,- զառերը գցելով՝ ասաց Լեոնիդը:

– Ռոլանդ ջան, թող մարդիկ իրանց նարդին խաղան,- աչքերը շողշողացնելով՝ ասաց Գուգոն:

– Լեոնիդ Միխայլիչ, երեխային ե՞րբ ենք լսելու,- ժպտաց Ռոլանդը:

– Արդեն գնո՞ւմ ենք, Ռոլանդ Դանիկիչ,- զարմացավ Լեոնիդը.- խորոված չենք ուտելո՞ւ:

– Խորովածից հետո եմ ասում,- ասաց Ռոլանդը:

– Խորովածից հետո անպայման կլսենք մեր մանուկ տաղանդին,- մեծահոգաբար ժպտաց Լեոնիդը:

– Թող մարդիկ հալալ իրանց նարդին խաղան,- գոհունակությամբ ժպտաց Գուգոն:

– Դուք չգիտեմ, բայց ես ոչ մի տեղ չեմ շտապում,- ժպտաց Լեոնիդը:

Լեոնիդն արդեն իր դերի մեջ էր մտել, որովհետեւ ճանապարհին Ռոլանդն ինձ ու իրեն մանրամասն նկարագրել ու բացատրել էր իրավիճակը, ու Լեոնիդն առաջին իսկ պահից հանձնաժողովի անդամի իր դերի մեջ էր, բայց մեր նարդին իրեն ակնհայտորեն խանգարում էր էդ դերի մեջ հիմնավորապես ու վերջնականապես մտնել, եւ երբ արդեն պարզից էլ պարզ էր, որ հերթական մարսն է լինում, Լեոնիդը շխկշխկալեն խառնելով խաղաքարերը՝ նայեց Ռոլանդին եւ ասաց.

– Դանիկիչը ճիշտ է ասում. նարդի խաղալու չենք եկել:

– Պրծա՞ք, Միխայլիչ,- հարցրեց Ռոլանդը:

– Էս խորովածի հոտը չի թողնում, որ Արմենի կաշին քերթեմ,- ասաց Լեոնիդը:

– Ուրիշ անգամ կքերթես, Միխայլիչ,- ժպտաց Ռոլանդը.- էսօր նարդի խաղալու օր չի:

– Էսօր իսկական խորոված ուտելու օր ա,- ասաց Բախտիարը:

– Այսօր պատանի տաղանդներ հայտնաբերելու օր է,- ժպտաց Լեոնիդը:

– Միխայլիչ, ասում ես՝ կարա՞նք համարենք, որ էրեխի հարցը լուծված ա,- հարցրեց Ռոլանդը:

– Երեխայի քննություններին քանի՞ տարի կա,- հարցրեց Լեոնիդը:

– Իրեք տարուց էլ քիչ,- ասաց Գուգոն:

– Ճիշտ ժամանակին եք սկսել հետաքրքրվել,- քթի տակ խնդաց Լեոնիդը:

– Հա՛, Միխայլովիչ ջան,- ասաց Գուգոն.- մի քանի անգամ աչքներս որ թարթենք, էդ իրեք տարին ծտի պես կթռնի:

– Միխա՛յլիչ, էրեխի գործը հարուր տոկոսով անելու ես, չէ՞,- հարցրեց Ռոլանդը:

– Չը՛մ գըրնա,- Սասնա բարբառին անցավ Լեոնիդը:

– Ո՞նց թե՝ չըս գըրնա,- զարմացավ Ռոլանդը:

– Երեխային գոնե մեկ անգամ լսելը պարտադիր է, Դանի՛կիչ,- ասաց Լեոնիդը:

– Էրեխին հենց հիմի կանչե՞մ, Միխայլովիչ ջան,- հարցրեց Գուգոն:

– Ա՛յ Գուգո, էս խեղճ մարդը սոված փորով ո՞նց պիտի լսի,- ասաց Ռոլանդը.- որ լսի էլ՝ էդ լսածից ի՞նչ պիտի հասկանա: Խորովածը կուտենք, հետո հանգիստ կլսենք:

– Այո,- ասաց Լեոնիդը:

– Ոնց որ ձեզ հարմար ա,- ասաց Գուգոն:

– Ոնց որ Միխայլիչին ա հարմար,- ճշտեց Ռոլանդը:

– Առանձնապես շտապելու տեղ չունենք, Ռոլանդ Դանիկիչ,- ժպտաց Լեոնիդը.- խորովածը կուտենք ու կանցնենք գործի:

– Հա՛, Միխայլիչ ջան. վռազելու ոչ մի տեղ չունենք,- ասաց Ռոլանդը:

– Երեխան ասմունքելո՞ւ է,- Գուգոյին հարցրեց Լեոնիդը:

– Ինչ ա հարցնո՞ւմ,- Ռոլանդի ականջին շշնջաց Գուգոն:

– Հարցնում ա՝ էրեխեն ոտանավոր ա՞ արտասանելու,- բացատրեց Ռոլանդը:

– Չէ,- Լեոնիդին նայեց Գուգոն.- երգ ա ասելու:

– Պարզ է,- գլուխը տմբտմբացրեց Լեոնիդը:

– Ի՞նչ երգ ա,- հարցրեց Ռոլանդը:

– Շատ ուժեղ երգ ա, Ռոլանդ ջան. իրա գրած երգն ա,- ոգեւորվեց Գուգոն:

– Երաժշտությունն ա՞ իրա գրածը,- հարցրեց Ռոլանդը:

– Համ եղանակն ա ինքը հնարել, համ էլ՝ խոսքերը,- հպարտ-հպարտ ասաց Գուգոն:

– Փաստորեն, հեղինակային երգի գծով ա, Միխա՛յլիչ,- ասաց Ռոլանդը:

– Հասկանում եմ, Դանիկիչ,- ասաց Լեոնիդը:- Փաստորեն, գործերը պիտի դերասանական բաժին տա:

– Ըտենց ա ստացվում,- ասաց Ռոլանդը:

– Բայց, երգելուց բացի, պետք է նաեւ ասմունքի,- ասաց Լեոնիդը:

– Ինչ ա ասո՞ւմ,- Ռոլանդի ականջին շշնջաց Գուգոն:

– Ասում ա՝ էրեխեն պիտի պարտադիր մի հատ էլ ոտանավոր արտասանի,- բացատրեց Ռոլանդը:

– Հիմի՞,- վախեցած գոռաց Գուգոն:

– Հիմի՞,- Լեոնիդին նայեց Ռոլանդը:

– Չէ,- ժպտաց Լեոնիդը.- քննության ժամանակ, այսինքն՝ երեք տարի հետո: Կարծում եմ՝ երեք տարում դժվար չէ մեկ հատ բանաստեղծություն անգիր սովորել:

– Մեր լակոտը շատ շնորհքով ա, Միխայլովիչ ջան,- հանգստացած շունչ քաշեց Գուգոն.- որ մի քիչ իրան զոռ տա՝ իրեք տարում նույնիսկ էրկու հատ կարա անգիր անի:

– Մեկ հատը լրիվ բավական է,- ժպտաց Լեոնիդը.- չարժե երեխային գերծանրաբեռնել:

– Ինչ ա ասո՞ւմ,- Ռոլանդին նայեց Գուգոն:

– Փաստորեն, խոստանում ա,- շշնջաց Ռոլանդը, հետո նայեց Լեոնիդին, հարցրեց.- փաստորեն, Միխայլիչ ջան, էրեխի գործը քո վրա ես վեկալում:

– Չը՛մ գըրնա,- գոռաց Լեոնիդը:

– Ինչի՞,- զարմացավ Ռոլանդը:

– Գոնե մի անգամ պետք է երեխային լսեմ,- հանգիստ ասաց Լեոնիդը:

– Խորովածն ուտենք պրծնենք՝ կլսենք,- ասաց Ռոլանդը:

– Դա արդեն միանգամայն պրոֆեսիոնալ մոտեցում է,- ժպտաց Լեոնիդը:

– Մի բան կարելի՞ ա հարցնեմ,- Լեոնիդին հարցրեց Գուգոն:

– Իհարկե կարելի է,- ասաց Լեոնիդը:

– Հարցրու, Գուգո ջան,- ասաց Ռոլանդը:

– Էրեխեն էդ քննության վախտ ի՞նչ ոտանավոր պիտի արտասանի,- հարցրեց Գուգոն:

– Իր նախասիրությամբ,- ասաց Լեոնիդը:

– Ի՞նչ,- Ռոլանդին նայեց Գուգոն:

– Էրեխի ցանկությունից ա կախված,- բացատրեց Ռոլանդը.- կուզի Սեւակ կարտասանի, կուզի՝ Շիրազ:

– Իրա հնարածներից չի կարա՞ արտասանի,- խեղճացավ Գուգոն:

– Իհարկե կարող է,- ասաց Լեոնիդը.- երեխան ստեղծագործո՞ւմ է:

– Էն էլ ո՜նց ա ստեղծագործում,- ասաց Գուգոն:

– Բա ինձ խի՞ չէիք ասում,- զարմացավ Ռոլանդը:

– Առիթ չի էղել, որ ասեինք, Ռոլանդ ջան,- ասաց Բախտիարը:

– Գրած բաներ ունի՞,- հարցրեց Ռոլանդը:

– Լիքը,- ասաց Գուգոն:

– Ոտանավորի գծով մասնագետն Արմոն ա,- ասաց Ռոլանդը.- խորովածն ուտենք պրծնենք՝ կկարդա:

– Իրեք հատ էլ երգ ունի գրած,- ասաց Գուգոն.- հա՛մ եղանակն ա իրանը, համ էլ՝ խոսքերը:

– Փաստորեն, տաղանդ է,- ասաց Լեոնիդը:

– Ըտենց ա ստացվում,- ասաց Գուգոն:

– Սամառո՛դըկ,- ասաց Լեոնիդը:

– Ի՞նչ,- Ռոլանդին նայեց Գուգոն:

– Ասում ա՝ իսկական բնական տաղանդ ա,- բացատրեց Ռոլանդը:

– Վռազ էրեւում ա, որ գործից հասկացող մարդ ա,- ասաց Գուգոն:

– Ո՞վ ա գործից հասկացող,- հարցրեց Ռոլանդը:

– Միխայլովիչը,- ասաց Գուգոն:

– Էդ գծով Միխայլիչից ուժեղ մասնագետ չկա,- ասաց Ռոլանդը:

– Ո՞ր գծով,- հարցրեց Գուգոն:

– Տաղանդների հայտնաբերման գծով,- ասաց Ռոլանդը:

– Զգացվում ա,- համաձայնվեց Գուգոն.- էրեւում ա, որ ինքը իրա գործի մասնագետն ա:

– Հա,- ասաց Ռոլանդը.- ոնց որ դու պատշարության ու սվաղի գծով ես գելուգազան, ինքն էլ տաղանդների հայտնաբերման ու գնահատման գծով իրա հավասարը չունի:

Մենք խոսում էինք, իսկ Գուգոյի կինը սեղանն էր գցում, եւ շուտով մեծ ափսեով խորովածն էլ բերին, եւ Գուգոյի բակի էդ մեծ սեղանին տնական ընտիր օղի եւ տնական ավելի ընտիր գինի կար, ու մենք հենց սկզբից նախապատվությունը գինուն տվինք, եւ երբ Ռոլանդը բաժակը բարձրացրեց ու ասաց՝ «բարով տեսանք», բոլորս խմեցինք, եւ Լեոնիդը Գուգոյին հարցրեց ու ասաց.

– Գինին քո քաշա՞ծն է, Գուրգեն:

– Իմ քաշածը չի, բայց տնական ընտիր գինի ա,- ասաց Գուգոն.- մեր էս բազարում մի հատ աշտարակցի բիձա կա՝ միշտ իրանից եմ առնում:

– Անմահական գինի է,- ասաց Լեոնիդը:

– Հա,- ասաց Գուգոն.- հատուկ էս ազիզ օրվա համար եմ առել: Բախտիարը որ ասեց գալու եք՝ էդ բիձուն գտա ու նախօրոք զակազ տվի:

– Մեր ոտը էս օջախում խերով ըլնի,- բաժակները նորից լցնելով եւ իր բաժակը բարձրացնելով՝ ասաց Ռոլանդը:

– Ոտներս խերով ըլնի,- ասացի ես, ու մենք մեր բաժակները չխկացրինք:

Երբ բոլորս խմեցինք, Ռոլանդն սկսեց երգել:

– Սուրբ Կարապետ վանքին մոտիկ կար մի զուլալ աղբըրիկ,- երգեց Ռոլանդը:

– Ով որ խմեր մի պուտիկ՝ կհովանար յուր սրտիկ,- շարունակեց Լեոնիդը:

Հետո Լեոնիդն սկսեց Գուգոյենց սեղանին դհոլի պես խփել, ու Ռոլանդի հետ անցան կրկներգին:

– Եկե՛ք, տղա՛ք, առվին բոլորիկ պար մը բռնենք կլորիկ,- երգեցին Ռոլանդն ու Լեոնիդը, եւ Լեոնիդն էնպես թափով էր սեղանին խփում, որ քիչ էր մնում բաժակները շուռ գային:

Երբ կրկներգն ավարտեցին, Ռոլանդը նոր քառատողն սկսեց.

– Օրոր-շորոր խատուտիկ՝ շողաց խորոտիկ Նուբարը:

– Մեկ պար գուքեր, մեկ՝ խունջիկ, կշողշողար խատուտիկ,- շարունակեց Լեոնիդը:

Հետո էլի անցան կրկներգին, ու Լեոնիդն էլի սկսեց սեղանին ռիթմիկ խփել, եւ երբ երգն ավարտեցին, Ռոլանդն անմիջապես սկսեց բերանով «Յարխուշտա» նվագել եւ տեղից կտրուկ վեր կենալով՝ աչքունքով պարի հրավիրեց Լեոնիդին, եւ Լեոնիդը դանդաղ ու կողքանց առաջանալով՝ ձեռքերը մի քանի անգամ հետ տարավ, բայց բաց ափերը դիտմամբ չզարկեց Ռոլանդի՝ արդեն բաց ու պատրաստ ափերին, եւ քանի որ Ռոլանդը շատ ցածր՝ համարյա մտքում էր երգում, ավելի ճիշտ՝ նվագում, Լեոնիդն իր բամբ ձայնը գումարելով Ռոլանդինին՝ նորից հետ-հետ գնաց ու եւս մի քանի անգամ ձեռքերը հետ տանելով ու եւս մի քանի անգամ դիտմամբ փուստ տալով՝ հետո արդեն առաջին անգամ իր վաղուց բաց ու պատրաստ ափերով խրոխտ զարկեց Ռոլանդի՝ վաղուց բաց ու պատրաստ ափերին ու էդ բանն էնպես հավեսով ու էնպես սրտանց արեց՝ ինչպես նույնիսկ պրոֆեսիոնալ պարողները չեն կարող անել, այլ միայն՝ սասունցիք ու առնվազն մշեցիք, եւ չնայած լսել էի, որ Լեոնիդը չտեսնված «Յարխուշտա» է պարում, բայց անձամբ առաջին անգամ էի տեսնում, ու չնայած Լեոնիդն էդ պարը Ռոլանդից էր սովորել, բայց Ռոլանդից ավելի սրտանց ու ավելի ներհուն էր պարում, ու իմ տեսած մարդկանցից միայն Ղուկասն էր էդ պարն էդքան սրտանց ու էդքան ներհուն Ուջանի իրենց տանը պարել, եւ երբ Լեոնիդը եւս մի քանի անգամ դիտմամբ ու սրտանց փուստ տալով՝ իր բաց ու խոշոր ափերով վերստին շատ ուժեղ զարկեց Ռոլանդի միշտ պատրաստ ափերին, Գուգոն թեքվեց իմ կողմն ու հարցրեց.

– Անունդ ինչ է՞ր:

– Արմեն,- իմ փոխարեն պատասխանեց Բախտիարը:

– Արմեն ջան, էս ի՞նչ են պարում,- հարցրեց Գուգոն:

– «Յարխուշտա»,- ասացի ես:

– Էդ ի՞նչ ա,- նորից հարցրեց Գուգոն:

-Սասունցիների պարն ա,- ասաց Բախտիարն ու ավելացրեց:- Մեր Ռոլանդը Սասունի կողմերից ա. ճիշտ չեմ ասո՞ւմ, Արմեն:

– Հա,- ասացի ես.- սասունցի ա:

– Միխայլովիչն էլ ա՞ սասունցի,- հարցրեց Գուգոն:

– Կարծեմ,- ասացի ես:

– Ինքն ավելի շուտ ռսի ա նման, քան՝ սասունցու,- ասաց Գուգոն:

– Էդ քանի՞ անգամ ես սասունցի տեսել, որ համեմատում ես,- եղբորը խեթ-խեթ նայեց Բախտիարը:

– Ամեն դեպքում՝ ռսի ավելի ա նման, քան՝ հայի,- ասաց Գուգոն.- չես տենո՞ւմ՝ ինչքան շեկ ա:

– Արմենն է՛լ ա շեկ, ուրեմն ռուս ա՞,- հարցրեց Բախտիարը:

– Արմենինը հայի՛ շեկություն ա,- ասաց Գուգոն.- ավելի ճիշտ՝ Արմենն ավելի շուտ կյաժ ա, քան՝ շեկ:

– Արդեն ավելնորդ բաներ ես խոսում, Գուգո՛ տղա,- ասաց Բախտիարը.- ընենց արա, որ էլի էս տունը մարդ բերենք:

– Էլ ծպտուն չեմ հանի,- բերանը ափով փակեց Գուգոն:

– Ինչքան ուզում ես խոսա, բայց մարդավարի ու շնորհքով բաներ խոսա,- ասաց Բախտիարը:

Ռոլանդն ու Լեոնիդն ինքնամոռաց շարունակում էին պարել, եւ այդ ընթացքում Գուգոն կնոջը ձայն տվեց, կնոջից թուղթ ու գրիչ ուզեց, եւ երբ կինն արդեն թուղթն ու գրիչը բերել էր, Գուգոն ինձ հարցրեց.

– Ասում ես՝ անունդ ինչ ա՞:

– Արմեն,- ասացի ես:

– Շնորհք ունեցի,- եղբորը դիտողություն արեց Բախտիարը.- մարդու անունը մի անգամ կհարցնեն:

– Էս վերջի անգամ եմ հարցնում,- ժպտաց Գուգոն.- էլ չեմ հարցնի:

– Քեզ շատ չկա,- փնթփնթաց Բախտիարը.- մի քանի րոպեից կարող ա էլի հարցնես:

– Չեմ հարցնի,- անունս թղթի վրա գրելով՝ ասաց Գուգոն:

– Մարդկանց անտեղի տեղը վիրավորում ես,- նեղսրտեց Բախտիարը:

– Ի՞նչ եմ արել՝ որ վիրավորել եմ,- զարմացավ Գուգոն:

– Ասում ես՝ ռուս ա,- փնթփնթաց Բախտիարը:

– Ռուսը վիրավորանք ա՞,- զարմացավ Գուգոն:

– Որ չեղած տեղն ես ասում՝ լավ էլ վիրավորանք ա,- ասաց Բախտիարը:- Ռուսը ո՞նց կարա ըսենց սասունցու պար պարի:

– Էդ սասունցու անունը Ռոլանդ ա, չէ՞,- հարցրեց Գուգոն:

– Էդ սասունցու հետ քանի անգամ սեղան ես նստել,- ասաց Բախտիարը.- ամոթ ա, որ անունը չես հիշում:

– Հաստատ Ռոլանդ ա, չէ՞,- ինձ հարցրեց Գուգոն:

– Հա,- ասացի ես, եւ Գուգոն իր թղթի վրա՝ անմիջապես իմ անվան տակ գրեց Ռոլան՝ առանց դ-ի:

– Էդ ռսի անունն էլ Միխայլովիչ ա, չէ՞,- ինձ հարցրեց Գուգոն:

– Էլի ռո՞ւս,- եղբորը թարս նայեց Բախտիարը:

– Ես ներեղություն,- մեղավոր ժպտաց Գուգոն ու նորից ինձ հարցրեց.- Արմեն ջան, ձեր էդ հայ սասունցու անունը Միխայլովիչ ա, չէ՞:

– Միխայլովիչը հայրանունն ա,- ասացի ես:

– Իզուր տեղը քեզ խայտառակ ես անում,- եղբորն ասաց Բախտիարը.- չգիտե՞ս, որ Միխայլովիչ անուն չի ըլնում:

– Ամեն տեսակ անուն էլ ըլնում ա,- ասաց Գուգոն.- աշխարհքում ու կյանքում ամեն տեսակ անուն էլ պատահում ա:

– Սաղ աշխարհը ոտնատակ ես տվել, չէ՞,- ասաց Բախտիարը:

– Ինչքան որ ինձի պետք ա էղել՝ ման եմ էկել,- ասաց Գուգոն, հետո ինձ նայեց ու հարցրեց.- Արմեն ջան, ասում ես՝ էդ Միխայլովիչի իսկական անունն ինչ ա՞:

– Իսկական անունը Լեոնիդ ա, բայց ընկերության մեջ Լյոնյա ենք ասում,- ասացի ես:

– Լոնյա,- քթի տակ խնդաց Գուգոն.- ռուսը պոզով-պոչով ա՞ ըլնում:

– Գուգո՛,- ասաց Բախտիարը,- հեչ սիրուն բան չի, որ մարդ իրա ղոնաղներից շուտ ա հարբում:

– Ընդամենը իրեք բաժակ բան եմ խմել,- արդարացավ Գուգոն:

– Ընդամենն իրեք բաժակ բան ես խմել, բայց քեֆդ արդեն շատ լավ ա,- ասաց Բախտիարը:

– Իմ քեֆը միշտ էլ լավ ա,- ասաց Գուգոն:

– Նայի՝ չվատանա,- բազմանշանակ ասաց Բախտիարը:

– Լոնյա,- քթի տակ խնդաց Գուգոն, հետո իմ ու Ռոլանդի անունների տակ ավելացրեց՝ Լոնյա:

– Էս մարդկանց անուններն ինչի՞ ես էդ թղթի վրեն գրում,- հարցրեց Բախտիարը:

– Բա ո՞ւր գրեմ,- զարմացավ Գուգոն:

– Ոչ մի տեղ,- ասաց Բախտիարը.- խի՞ ես իրանց անունները գրում:

– Իրավունք չունե՞մ գրեմ,- նորից զարմացավ Գուգոն:

– Բայց խի՞ ես գրում,- նորից հարցրեց Բախտիարը:

– Էդ էլ ի՛մ գաղտնիքն ա,- քթի տակ խորամանկ ժպտաց Գուգոն.- ամեն մարդ իրավունք ունի իրա գաղտնիքն ունենա:

– Կարող ա՞ վրեքը թուղթուգիր ես անում,- ժպտաց Բախտիարը:

– Գաղտնիք ա, ախպեր ջան,- ժպտաց Գուգոն.- մենակ է՛ն կարամ ասեմ, որ լավ իմաստով ա գաղտնիք:

– Ընենց արա, որ էս տուն մտնողը երկրոդ անգամ է՛լ էս տուն ոտ դնի,- գինու բաժակը եղբոր ձեռքից խլելով՝ ասաց Բախտիարն ու ավելացրեց.- պարեն պրծնեն՝ սաղս իրար հետ կխմենք:

– Հույս ունես, որ դրանց էդ պարը պրծնելու ա՞,- ծիծաղեց Գուգոն:

– Դո՛ւ չպիտի իրանց ասես՝ թե ինչքան պարեն,- ասաց Բախտիարը:

– Ինչքան ուզում են՝ թող պարեն,- ասաց Գուգոն.- իմ մեծ ախպոր ընգերներն իմ գլխի վրա միշտ էլ տեղ ունեն:

– Քանի՞ բաժակ ես խմել,- եղբորը հարցրեց Բախտիարը:

– Իրեք,- կմկմաց Գուգոն:

– Մինչեւ էս մարդկանց գալն էլ էիր վայ թե էդ գործի վրա,- ասաց Բախտիարը:

– Մինչեւ իրանց գալն ընդամենն էրկու բաժակ բան եմ խմել, էն էլ՝ ստուգելու համար,- կկմաց Գուգոն:- Ստուգում էի տենամ՝ բիձեն թո՞ւնդ գինուց ա տվել, թե՞ թուլից. ինքը էրկու տեսակն էլ ունենում ա:

– Էրեւում ա՝ ամենաթունդից ա տվել,- ասաց Բախտիարը:

– Էդքան հարբած ե՞մ,- եղբոր ակնարկը հասկացավ Գուգոն:

– Համենայն դեպս, զգացվում ա, որ քիչ չես խմել,- ասաց Բախտիարը:

– Ինչքան էլ հարբած ըլնեմ, իմ մեծ ախպոր ղոնաղներն իմ գլխի վրա տեղ ունեն,- ասաց Գուգոն:

– Էս տունը քո՛ւ տունն ա, էս մարդիկ էլ ոչ թե ի՛մ ղոնաղներն են, այլ՝ քու,- եղբորը բացատրեց Բախտիարը:

– Իմ ղոնաղներն են, ճիշտ ա, բայց քո՛ւ ընգերներն են,- ասաց Գուգոն:

– Իրանք ինձ ի՞նչ ընգեր,- ասաց Բախտիարը:

– Բա ո՞ւմ ընգերներն են,- զարմացավ Գուգոն:

– Իրանք էս ազգի ինտիլիգենցիան են,- բացատրեց Գոգոն.- էս ժողովրդի հույսը, փաստորեն, իրանք են:

– Չուզողը ե՛ս թող ըլնեմ,- ասաց Գուգոն:

– Մի ամիս էր՝ կպել էիր յախիցս, որ էս մարդկանց կանչեմ,- նեղացած ասաց Բախտիարը.- հիմի որ էկել են՝ ըսենց ե՞ս իրանց ընդունում:

– Վատ ե՞մ ընդունում,- ափսեով լիքը խորովածին նայելով՝ ասաց Գուգոն:

– Շատ շուտ ես հարբել,- ասաց Բախտիարը:

– Արխային,- ասաց Գուգոն.- տասը հատ ըսենց շտոֆով լիքը գինի ըլնի՝ էլի քու ախպեր Գուգոն հարբողը չի:

Ռոլանդն ու Լեոնիդն արդեն հոգնել ու քրտնել էին, ու պարն արդեն կամաց-կամաց մարում էր, որովհետեւ երաժշտություն չկար, ու իրենք բերանով էին իրենց նվագակցում, ու Ռոլանդի ձայնն արդեն լրիվ խամրել էր, եւ արդեն Լեոնիդի ձայնն է՛լ էր հնչեղությունը կորցրել, եւ էդ բանը զգալով ու հասկանալով՝ իրենք դադարեցրին պարն ու եկան նստեցին իրենց տեղերը:

– Գուրգեն ջան, էս մեծ բաժակով ու մեծ սրտով ուզում եմ խմել օջախիդ կենացը,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Լեոնիդը:

Բոլորս բաժակներս բարձրացրինք, չխկացրինք ու խմեցինք օջախի կենացը, եւ Գուգոն Լեոնիդին ասաց.

– Միխայլովիչ ջան, էս խորովածին հըլը մատով չեք կպել. կարող ա՞ օտարի տուն ա:

– Շտապո՞ւմ ես, Գուրգեն,- հարցրեց Լեոնիդը.- կարող ա՞ գործ-մործ ունես:

– Ի՞նչ գործ,- զարմացավ Գուգոն.- իմ էսօրվա գործն էս ա, Միխայլովիչ ջան:

– Մեր էսօրվա գործն է՛լ ա էս,- ասաց Ռոլանդը.- մենք է՛լ վռազելու տեղ չունենք: Հա, էրեխեն ո՞ւր ա, կանչի՝ էրեխին լսենք:

– Էրեխեն չի փախնի,- ասաց Գուգոն.- մի-մի հատ էս խորովածից փորձեք:

– Խորովածն է՛լ չի փախչի,- մի կտոր խորոված վերցնելով՝ ասաց Լեոնիդը:

Էդ ամբողջ ընթացքում սեղանի հակառակ ծայրին նստած երկու երիտասարդները, որ երեւի իմ տարիքին կլինեին, իրենց արած խորովածն էին անուշ անում ու գինին էին ըմբոշխնում՝ երբեմն-երբեմն Ռոլանդի ու Լեոնիդի պարի առթիվ քթների տակ խնդմնդալով եւ Գուգոյի ասածներին ուրախությամբ արձագանքելով ու ակնհայտ հավանություն տալով, եւ իրենց ինքնավստահ, բայցեւ մեկուսի ներկայությունը վկայում էր, որ էդ թաղի լավ տղերքից են եւ ընդամենը Գուգոյի խաթեր են մեր խորովածն անելու գործը հանձն առել, ու Գուգոյի ասածներին իրենց ակնհայտ դրական վերաբերմունքից զգացվում էր, որ պատրաստ են կատարել Գուգոյի այլ հրահանգները եւս, եւ երբ Լեոնիդն ասաց՝ «խորովածն է՛լ չի փախչի», ջահելներից սեւն ու կոլոտը սեղանի իրենց ծայրից Գուգոյին ձայն տվեց ու ասաց՝ «էրեխին կանչե՞մ, ուստա Գուգո», եւ Գուգոն կարծես հենց էդ երկրորդ առաջարկին էր սպասում ու էդ երկրորդ առաջարկը ճիշտ ժամանակին ստանալով՝ կոլոտ սեւին պատասխանեց ու ասաց. «Հա, Համիկ ջան, տես ուր ա՝ ասա գա: Էն ակարդյոնն էլ բերեք՝ տենանք ինչ ենք անում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել