Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԼԱՀԱՄԵՐԳ՝ ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ

Հունվար 15,2007 00:00

\"\"Այսօր Օպերային թատրոնի բեմում հանդես կգան միայն երիտասարդները

Մի քանի օր է, ինչ Օպերային թատրոնի շենքի հարեւանությամբ, տոնական ոչ առատ ազդագրերի շարքում, դասական երաժշտության երկրպագուների ուշադրությունը գրավում է «Գեղամ Գրիգորյանը ներկայացնում է նոր անունների ամանորյա շքերթ» խորագրով ազդագիրը:

Գալահամերգի ընթացքում կկատարվեն սիրված համարներ՝ հայ եւ արեւմտաեվրոպական օպերային, բալետային գրականությունից: Մասնակցում են երիտասարդ մեներգիչներ Հրանտ Պապյանը, Վազգեն Ղազարյանը, Վաղարշ Մարտիրոսյանը, Լուսինե Օրդուխանյանը եւ այլք, բալետի արտիստներ Մերի Հովհաննիսյանը, Սեւակ Ավետիսյանը, Ռուբեն Մուրադյանը եւ մյուսները, դիրիժորներ Գեւորգ Սարգսյանը, Աթանես Առաքելյանը, Հարություն Արզումանյանը եւ ուրիշներ, ինչպես նաեւ թատրոնի նվագախումբն ու երգչախումբը:

Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Գեղամ Գրիգորյանը իր պաշտոնավարման սկզբից (1999թ.) ավանդական է դարձրել այս միջոցառումը: Նախագիծը իրականացվել է նաեւ 2002թ.՝ Թբիլիսիում: Երեւանի օպերային թատրոնի բեմում միանգամից հանդիպելու ենք միայն երիտասարդ վոկալիստներին, բալետի արտիստներին եւ դիրիժորներին: Մի բան, որ հազվադեպ է պատահում հայաստանյան մշակութային կյանքում: Հասկանալի է, որ, օրինակ, 56 մեներգիչ ունեցող թատրոնը իր խաղացանկային՝ 9 օպերային եւ 6 բալետային ներկայացումներում միանգամից չի կարող ընդգրկել բոլորին, բավարարելով թե արտիստների, թե հանդիսատեսի պահանջները: Այդ պատճառով էլ Գ. Գրիգորյանը փորձել է հարցը յուրովի «կարգավորել»:

Նախօրեին ներկա էինք գալահամերգի գլխավոր փորձին, որտեղ այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի հետ: Մեր դիտարկմանը, թե 2005թ. մարտին կայացած մեներգիչների մրցույթից հետո, որի արդյունքում այսօր այդ խումբը բաղկացած է 56 հոգուց, կան անուններ, որոնք ծանոթ չեն անգամ օպերային արվեստի մոլի երկրպագուներին, պրն Գրիգորյանը պատասխանեց. «Երբ հանդիսատեսը գալիս է, օրինակ՝ «Անուշ» դիտելու, նրան առաջին հերթին հետաքրքրում են գլխավոր դերերգերի կատարողները: Ոչ մի մոլի երկրպագու, հավատացած եմ՝ բուկլետում չի կարդա, թե ովքեր են հանդես գալու Անուշի ընկերուհիների դերերգերով: Մեր թատրոնում արտիստները ընդգրկված են երեք՝ բարձր, առաջին ու երկրորդ կարգերում եւ համապատասխանաբար հանդես են գալիս գլխավոր եւ երկրորդական դերերում: Իհարկե, եղել են նաեւ դեպքեր, երբ, օրինակ, առաջին կարգի մեներգիչը հանդես է եկել առաջատար դերերգով: Մեր այս պրոյեկտում գլխավոր դերերգերով հանդես չեկողներն էլ հնարավորություն կունենան ներկայանալու առաջատար դերերգերով»: Նա ավելացրեց, որ հունվարի 19-ին էլ կկայանա Չայկովսկու «Իոլանտա» օպերայի համերգային կատարումը, սկսված են նաեւ Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայի փորձերը: Վերջինիս պրեմիերան նախատեսված է փետրվարի վերջին: «Դրանից հետո անմիջապես կանցնենք Տիգրանյանի «Դավիթ Բեկի» փորձերին»,- նշեց նա:

Երիտասարդ երգիչների հետ զրույցից էլ պարզվեց, որ նրանք կուզենային, որ վերեւներում ուշադրություն դարձվեր կոնկրետ օպերային արվեստը պետական հեռուստատեսությամբ պրոպագանդելու խնդրին: Մեր զրուցակիցները, անշուշտ, հասկանում են, որ, օրինակ, Վերդիի «Օթելլոն», որ տեւում է 3 ժամ, հասկանալի պատճառով հնարավոր չէ ցուցադրել Հ1-ով, բայց իրավացիորեն գտնում են, որ անհրաժեշտ է պետական հեռուստատեսությամբ ի վերջո սկսել մշակութային հաղորդաշար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել