Օրերս Երեւանի մամուլի ակումբը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ լրատվամիջոցների եւ լրագրողների հետ համատեղ մշակել Հայաստանի որակյալ լրատվամիջոցներին միավորող պրոֆեսիոնալ էթիկայի հիմնարար նորմեր:
Արեւմուտքի լրագրողական կազմակերպությունները վաղուց ունեն նման կանոնագրքեր: Օրինակ, ըստ ամերիկյան SPJ-ի՝ «Պրոֆեսիոնալ լրագրողների հասարակության» էթիկայի կանոնագրքի, լրագրողները պատասխանատու են ընթերցողների, ունկնդիրների, հեռուստադիտողների եւ միմյանց առաջ: Նույն կանոնագիրքը արգելում է զբաղվել գրագողությամբ, պահանջում է գործել անկախ՝ բոլոր պարտականություններից, բացառությամբ հանրությանը տեղեկացնելը, նրբանկատ լինել ողբերգություն կամ վիշտ տեսած մարդկանց հետ հարցազրույցներ վարելիս եւ այլն: Փաստեմ, որ «Առավոտն» էլ ունի էթիկայի կանոններ իր լրագրողների համար, ըստ որոնց՝ սեփական մեկնաբանություններում պարտավոր ենք զերծ մնալ վիրավորանքներից, պիտակավորումներից, չհրապարակել մարդկանց մասնավոր կյանքի մասին տեղեկություններ, եթե դրանք չեն առնչվում պաշտոնյաների եկամուտների եւ կոռուպցիոն երեւույթների հետ: «Առավոտի» լրագրողները դեմ են լրատվամիջոցների միջեւ «հարաբերություններ պարզելուն», թերթի էջերում չեն քննադատում այլ լրատվամիջոցների կամ լրագրողների:
Երբ վերջերս գործընկերներիս հետ ԱՄՆ-ում էի, տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչներից հետաքրքրվեցի՝ ինչպե՞ս են վերաբերվում այն երեւույթին, երբ լրագրողը գրում է լրագրողի դեմ: Ինձ՝ որպես «Առավոտի» լրագրողի, զարմացրեց, երբ մեզ հետ հանդիպած ամերիկացի լրագրողները միաբերան պնդում էին, որ միմյանց «սեւացնելը» իրենց երկրում նորմալ երեւույթ է, եւ մի 100 տարի առաջ նույնիսկ պարտադիր էր լրագրողի կողմից այլ լրագրողի քննադատությունը:
Նշեցին նաեւ, որ նման դեպքերը ԱՄՆ-ում ավելի հաճախ են պատահում հատկապես ընտրությունների ժամանակ, երբ լրագրողները համախմբված են լինում այս կամ այն քաղաքական ուժի շուրջ: Իսկ, օրինակ, Քենթ համալսարանի դասախոսներից մեկը, որ լրագրողական էթիկա էր դասավանդում, ահագին զարմացավ իմ հարցից: «Նախ ամերիկացիներին ավելի շատ հետաքրքրում է աստղերի, քան սովորական մարդկանց մասնավոր կյանքի մանրամասները: Ինչ վերաբերում է մամուլին, այն հանրության սեփականությունն է: Եվ եթե մարդը, թեկուզ լրագրողը, իրեն լավ չի պահում՝ մամուլը պարտավոր է պատժել նրան»: Երբ ասացի, որ մեր թերթում այդպես չեն վարվում, ամերիկացի դասախոսը հարցրեց. «Եթե լրագրողը բռնաբարել է մեկին, ինչո՞ւ չգրել նրա մասին»: Հաջորդ մտքիս, որ մեր երկրում բռնաբարող լրագրողներ չկան, նա ժպտալով պատասխանեց. «Ուրեմն՝ բարի գալուստ Ամերիկա»:
Ի դեպ, զրուցակիցս, որ մի քանի ամիս դասավանդել էր Երեւանի պետական համալսարանում, փաստեց, որ հայ լրագրողները հաճախ ավելի էքստրեմալ պայմաններում են ստիպված աշխատել, քան ամերիկացիները: Նա նաեւ հավելեց. «Ձեր երկրում լրագրության վրա բացասաբար են անդրադառնում ցածր աշխատավարձերը, վատորակ ինտերնետային ենթակառուցվածքները, մինչդեռ Հայաստանը կարող է ինտելեկտուալ ապրանք արտահանող երկիր դառնալ»:
Հ. Գ. Գոնե ինձ համար անսովոր ու խորթ են թվում ամերիկյան լրագրության որոշ «նրբություններ», ինչպես նաեւ այն կարգախոսը, թե իրենց երկրում եսասիրությունը դիտվում է որպես ծայրագույն անհատականության արտահայտություն: