Լրահոս
Օրվա լրահոսը

«ՃՇՄԱՐԻՏԸ ԴՈԿՈՒՄԵՆՏԱԼ ԿԻՆՈՆ Է»

Հունվար 15,2007 00:00

\"\"Հարցազրույց կինոռեժիսոր Հրանտ Հակոբյանի հետ

– Ձեր «Մոռացված կղզիների բնակիչները» դոկումենտալ աշխատանքը լավագույնն էր ճանաչվել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում: Այժմ դուք փորձում եք դրանով նաեւ միջազգային ասպարեզ դուրս գալ…

– «Մոռացված կղզիների բնակիչները» հնարավորություն ունեցա նկարահանել, որովհետեւ սցենարս շվեյցարական «Ավանտի» ծրագրի շրջանակներում 2004 թ. կայացած մրցույթում հաղթող ճանաչվեց ու $20000 տրամադրվեց: «Մոռացված կղզիների բնակիչները» պատմում է Երեւանի ծայրամասերում մի կերպ գոյատեւող մարդկանց մասին: Ի սկզբանե որդեգրել էի այն նպատակը, որ ֆիլմի միջոցով, եթե անգամ չկարողանամ օգնել ծանր պայմաններում ապրող այդ մարդկանց, ապա գոնե այդ կերպ իմ սրտի ցավը կհայտնեմ: Լավ էր, որ ֆիլմից հետո գտնվեց մեկ-երկու կազմակերպություն, որ պատրաստակամություն հայտնեց օգնել: «Ոսկե ծիրանից» հետո հրավեր ստացա Անապայի «Կինոշոկից», ուր նույն ֆիլմը հաղթեց «Կինո՝ առանց ժապավենի» նոմինացիայում: Այս օրերին մի շարք միջազգային կինոփառատոներում՝ Հելսինկիի, Թեհրանի, Մադրիդի, Հռոմի, ֆիլմը մասնակցում է մրցութային ծրագրում ընդգրկվելու համար ընթացող ընտրական փուլին: Առայժմ սպասում եմ արձագանքներին, որովհետեւ փառատոները «տարօրինակություններ» ունեն, կարող է որեւէ ֆիլմ ունենալ բարձր տիտղոսներ, բայց այդպես էլ չհայտնվել մրցութային ծրագրում: Շարունակվում են նաեւ «Հայրենիքս՝ Հայաստան» ֆիլմաշարի նկարահանման աշխատանքները, որոնք իրականացվում են «Հայք» ստուդիայում: Արդեն պատրաստ է 3 ֆիլմ՝ «Սյունիքը», «Վայոց ձորը» եւ «Տավուշը», պատրաստվում եմ իրականացնել Լոռին եւ Շիրակը: Ի դեպ, իմ «Սյունիքը» վերջերս Ռումինիայում մրցանակ է շահել: Չգիտեմ էլ՝ ինչ մրցանակ: Այն դիվանագիտական ճանապարհներով հասել է մշակույթի նախարարություն եւ գտնվում է նախարարի մոտ: Նա որոշել է առաջիկայում Ծաղկաձորում կայանալիք հանդիպման ժամանակ պաշտոնապես հանձնել մրցանակս:

– Ինչո՞ւ հայ դոկումենտալիստներն ավելի աշխույժ են ու հաջողակ, քան կինոյի մյուս ժանրերի ներկայացուցիչները:

– Դա նախ պայմանավորված է հայկական դոկումենտալ կինոյի դպրոցով: Այն հզոր է եղել, մեծ վարպետներ ենք ունեցել: Բացի դրանից, ֆինանսավորման խնդիրն էլ նշանակություն ունի: Եթե, օրինակ, «Հայք» ստուդիայում նկարահանվում է 10 դոկումենտալ ֆիլմ՝ 20- 30 րոպե տեւողությամբ, ապա նույնը չի կարող իրեն թույլ տալ խաղարկային կինոն, քանի որ այն ավելի ծախսատար է:

– Կինոյի դաշտի շատ մարդիկ պնդում են, որ քիչ փողով էլ կարելի է լավ ֆիլմ նկարել…

– Հնարավոր չէ, գուցե բացառիկ մի դեպք լինի: Գրեթե անհնար է առանց նորմալ բյուջեի՝ լավ խաղարկային ֆիլմ նկարելը: Եթե նախկինում 400 հազար ռուբլով հնարավոր էր ժամանակակից թեմաներով մեկ սովորական խաղարկային ֆիլմ նկարել, ապա այսօր $400000-ը քիչ է: Էժանությունը միշտ երեւում է էկրանից, անգամ՝ եթե ամեն ինչ արել ես ուժերիդ լարման գնով: Աղքատության մասին էկրանը «բամբասում» է հանդիսատեսին: Կինոյին փող է պետք, կինոն փողասեր է, գումարներ է կլանում:

– Եթե խաղարկային կինոն շահույթ է ենթադրում, դոկումենտալի պարագայում նույնը ոչ միշտ կարելի է ասել: Այս դեպքում ո՞րն է ռեժիսոր-դոկումենտալիստի «շահը»:

– Դոկումենտալ կինոն էլ իր սիրահարներն ունի, խոսքս եւ ռեժիսորի, եւ հանդիսատեսի մասին է: Խաղարկային ֆիլմերի ռեժիսորները հաճախ իրենց փորձում են դոկումենտալ կինոյում: Անմենավառ օրինակը Միխայիլ Ռոմմն է: Նա իր աղմուկ հանած խաղարկային ֆիլմերից հետո դոկումենտալ «Սովորական ֆաշիզմը» նկարեց, որը նրա ամենահզոր ֆիլմն է: Ինչ վերաբերում է շահին կամ առեւտրին, իհարկե՝ ֆիլմը ապրանքի տեսակ է, որը պիտի գրագետ իրացնել: Ցավոք, Հայաստանում, անգամ Ռուսաստանում չի կայացել պրոդյուսերական եւ դիստրիբյուտորական դպրոցը, որը կարեւոր է ֆիլմերը իրացնելու համար: Բերեմ մի օրինակ, որ Վրաստանում շվեյցարացիների կազմակերպած սեմինարների ժամանակ մեզ պատմել են պրոդյուսինգի արտերկրի մասնագետները: Խոսքը Ջեյմս Կամերոնի հանրահայտ «Տիտանիկ» ֆիլմի մասին է: Ֆիլմի պրոդյուսերը աշխարհի խոշոր երկրներում, իր գործակալների միջոցով, հատկապես երիտասարդության շրջանում նախապես հարցումներ է անցկացրել՝ կուզենայի՞ն «Տիտանիկը» նկարահանվեր, թեեւ արդեն 3 նույնանուն ֆիլմ կար: Հարցումներից հետո միայն, իսկ դրանք պոտենցիալ հանդիսատեսների կարծիքներն էին, հրավիրվել է Կամերոնը: Նույն կերպ ընտրվել են նաեւ գլխավոր դերակատարները: Գուցե ռեժիսորը համաձայն չի եղել այս կամ այն թեկնածությանը, բայց հաշվի է նստել հանրային կարծիքի հետ: Հետո սկսվել է ֆինանսների հայթայթումը, որը ֆիլմի ցուցադրությունից հետո վերադարձվում է բազմապատկված: Անգամ մինչեւ ֆիլմի նկարահանման ավարտը՝ տարբեր քաղաքներում համաշխարհային պրեմիերաների օրերն են որոշված լինում: Ահա թե որն է պրոդյուսերի աշխատանքը: Վերադառնալով կինոյին, նշեմ, որ այն նախ ստեղծվել է դոկումենտալ ժանրով, ուրեմն ճշմարիտը դոկումենտալ կինոն է: Ինչպիսի՜ գեղարվեստական ընդհանրացումների պիտի հասնի խաղարկայինի ռեժիսորը, որ կարողանա հանդիսատեսին հավատացնել, թե ամեն ինչ իրական է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել