Եվ չի հավանում հայաստանյան TV-ներով հաճախ հրամցվող անճաշակությունները
Ամերիկուհի Բեթ Ուիլյամսը այս Ամանորն անցկացրել է Հայաստանում: «Մեղավորը» նրա հայազգի ամուսինն է՝ կոմպոզիտոր Ջոն Հոդյանը: Մինչ այդ նա լսել էր, որ այստեղ տոնական օրերին գինարբուքներ են լինում, հարազատներն այցելում են միմյանց ու ճոխ սեղաններ են բացվում: Բեթը գիտեր նաեւ, որ Ամանորի խորհրդանիշը Հայաստանում ոչ թե Սանտա Կլաուսն է, այլ Ձմեռ պապը: Նա, սակայն, չէր կարողանում ընկալել Ձյունանուշի «կարգավիճակը»՝ ինչո՞ւ է նա Ձմեռ պապի թոռուհին եւ ոչ թե այլ հարազատը:
Բեթը օժտված է 4 օկտավա ընդգրկող ձայնածավալով: Երգչուհին հմայել է ոչ միայն ամերիկյան, այլեւ հայաստանյան հանդիսատեսին՝ համերգներ ունենալով «Նարեկացի» արվեստի միությունում: Նրա երգերը սիրում են վարակիչ եւ «օրիգինալ» ռիթմերի համար:
Ամերիկյան «Sing out» ամսագիրը նրա մասին գրել է. «Բեթը հանդիսատեսին զարմացնում է կոկորդի ակնհայտ գեղեցկությամբ եւ այն կրքով, որով նա երգում է»: «Առավոտին» Բեթ Ուիլյամսն ասաց, որ շատ երգիչներ փորձում են կրկնել ուրիշներին եւ դա բնական է. «Բոլորս ազդված ենք ինչ-որ մեկից, բայց դա սովորական նմանակում չէ: Այն պիտի անցնի հոգուդ պրիզմայով, բյուրեղանա ու փոխակերպվի մեկ այլ որակի: Ես, որպես երգահան եւ կատարող, վերցնում եմ, իմ կարծիքով, լավագույնը, զտում ու յուրովի մատուցում»: Նա անդրադարձավ հայկական հոգեւոր երաժշտությանը. «Գնահատում եմ հայկական հոգեւոր երաժշտությունը, ընդհանրապես հայկական ազգային երաժշտությունը բացառիկ է: Այն գալիս է ակունքներից, դրա համար էլ ազնիվ է»:
Բեթը նշեց, որ հայկական հեռուստաալիքներով տեսահոլովակներ դիտելիս հիասթափվել է. «Շինծու ու դրսից անճաշակորեն ներմուծված շատ բաներ եմ տեսնում, որոնք եթե ինձ են խորթ թվում, հայերիդ հաստատ դուր չեն գա»:
Հետաքրքրվեցինք, երգչուհին ինչո՞վ է զբաղվում Հայաստանում եղած ժամանակ, որովհետեւ ստեղծագործող մարդը երբեք չի կարող ձեռքերը ծալած նստել: «Ամուսնուս՝ Ջոնի հետ ձայնագրում ենք նոր ալբոմ, որտեղ տեղ կգտնեն նաեւ հայերեն երգեր, այդ թվում՝ Կոմիտաս: Ես ոչ միայն հայերեն երգել, այլեւ խոսել եմ սովորել: Ձեր երկիրը ոգեւորում է ինձ, ստեղծագործական նոր լիցքեր պարգեւում: Ամուսնուս հետ շատ ենք ճամփորդել Հայաստանով մեկ: Հիացած եմ եկեղեցիներով՝ Նորավանքով, Գառնի-Գեղարդով: Իսկ Արարատին նայելիս զգում եմ, որ չէի կարող գրել այն երաժշտությունը, որը ծնվել է Հայաստանում, եթե տեսած չլինեի սրբազան այդ լեռը»,- նշեց նա:
Բեթին միայն մի բան դուր չի գալիս մեր երկրում՝ երթեւեկությունը: Նա ժպտալով պատմեց, որ հայաստանյան մի համերգի ժամանակ, բեմ դուրս գալուց առաջ, նույնիսկ հատուկ «ուղերձով» դիմել է վարորդներին ու հորդորել՝ լինել զգույշ ու պակասեցնել ագրեսիվությունը՝ մեքենա վարելիս: «Ես Երեւանում վախենում եմ փողոցն անցնել: Դա եւ ծիծաղելի է, եւ վտանգավոր: Ձեր երթեւեկությունը նման է Նյու Յորքի կենտրոնի երթեւեկությանը: Բայց ԱՄՆ-ում գոնե հետեւում են լուսացույցին: Իհարկե, ամեն երկիր էլ ունի իր զվարճալի կողմերը: Օրինակ՝ նյույորքցիներն անընդհատ զբաղված են կամ այդպես են ձեւանում…»: