Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅՏՆԻ ԼԻՆԵԼՈՎ՝ ԳՐՊԱՆԸ ՉԻ ԼՑՎՈՒՄ»

Հունվար 15,2007 00:00

\"\"Հարցազրույց երգահան եւ գործիքավորող Արամ Ավագյանի հետ

Արդեն քանի տարի է՝ Արամ Ավագյանը ապրում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում: Հայ երգիչ-երգչուհիների համար երգեր գրելը նա զուգահեռում է երիտասարդ երգչուհի Սիլվա Հակոբյանի պրոդյուսերության հետ:

– Մանրամասնեք ձեր գործունեությունը ԱՄՆ-ում:

– Ես այնտեղ ավելի շատ զբաղված եմ երգեր գրելով ու գործիքավորելով, բայց հիմնական աշխատանքս Սիլվայի հետ է: Ամեն անգամ Հայաստան գնալ-գալիս՝ մարդիկ հետաքրքրվում են՝ ինչո՞ւ քիչ են նոր երգերս: Չնայած երբեք գլուխ չեմ պահում, մշտապես ստեղծագործական պրպտումների մեջ եմ: Ներկայումս համագործակցում եմ Նունե Եսայանի, Քրիստինե Պեպելյանի, Արմենչիկի ու մյուսների հետ: Համատեղ ծրագրեր ունենք նաեւ Թաթայի հետ:

– Ձեզ առաջին անգամ ասպարեզ է հանել Արթուր Գրիգորյանը, անգամ «Կռունկ» մրցանակաբաշխության ժամանակ իր մրցանակն է տվել, մինչդեռ ձեր կողմից հովանավորվող Սիլվա Հակոբյանը Գրիգորիչի կազմակերպած «Ընծայում» վերջին տեղը գրավեց: Ի՞նչ կասեիք այս առիթով:

– Արթուր Գրիգորյանը շոու-բիզնեսում շատ-շատերի կնքահայրն է եղել ու նաեւ իմ ճանապարհ բացողը: Այսօր էլ վատ հարաբերությունների մեջ չենք: Կարծում եմ, եթե երբեւէ ինչ-ինչ պրոբլեմներ լինեն, ինքը թեւ ու թիկունք կլինի ինձ համար, ես էլ՝ իր: Ինչ վերաբերում է Սիլվային, նրան մեծ ապագա է սպասվում:

– Հայաստանցի երգիչ-երգչուհիները գալիս են ԱՄՆ՝ որպես «խոպան», գումար աշխատելու: Հնարավո՞ր է Սիլվային էլ այնտեղ, այսպես ասած, «ռասկրուտկա» անեք:

– Խոպան ասվածը մի քիչ կոպիտ է, բայց ճիշտ է: Եթե մեր երգիչ-երգչուհիները մնան Հայաստանում, գուցե այստեղ հացի փող էլ չկարողանան աշխատել: Միայն ակումբներում ու ռեստորաններում աշխատելով չես կարող ապրել: Այնպես որ, ստիպված պիտի երգեն ԱՄՆ-ում, որ իմ նման մարդուց երգ առնեն, ձայնագրման համար դիմեն «Ասպարեզ» ստուդիա, գործիքավորման համար էլ՝ Մուրզիկին, իսկ էդ բոլորը փող արժե: Հայաստանցի երգիչները սփյուռքահայերին պիտի շնորհակալ լինեն, որ գնում են իրենց համերգներին ու օգնում: Իսկ Սիլվայի մասին էլ ասեմ, որ մի քանի առաջարկ ունենք, դեռ մտածում ենք՝ ում հետ համագործակցել:

– Սիլվային ո՞ր մրցույթում եք տեսնում:

– Ես դեմ եմ, որ ինքը մրցույթների մասնակցի, դա ավելորդ ծախսվող ժամանակ է: Մրցույթների են գնում այն մարդիկ, ովքեր ուզում են ինքնահաստատվել: Եթե Սիլվայի երգը բոլոր հեռախոսների մեջ կա, շուտով դռան զանգերի վրա էլ գուցե հայտնվի, ուրեմն ինչի՞ մասին է խոսքը: Շատ երիտասարդ կատարողներ կան, որոնց առջեւ արգելքներ են դրված, անուններ տալ չեմ ուզում, բայց բոլորն էլ գիտեն՝ ո՞ւմ կողմից եւ ի՞նչ արգելքների մասին է խոսքը: Ախր բավական է, հնարավոր չէ անընդհատ հներին լսել, սիրտդ նոր բան է ուզում: Օրինակ, մի խումբ կա՝ «Հայք»: Վստահ եմ 3 մլն հայերից 2 մլն-ը ամեն օր բամբասում է նրանց, որ աղջկա շորը կարճ է, կամ ասում են՝ Արմենչիկը վատ է, բայց լսում են, չէ՞, նրանց: Եթե, օրինակ, «ԱրմենՏելը» լինի 80 դրամ, «ՎիվաՍելլը»՝ 20, բոլորը «ՎիվաՍելլից» են օգտվելու, չէ՞: Նույնն էլ շոու-բիզնեսում է, ինչը հասանելի է ու մատչելի՝ մարդիկ դրան են ձգտում:

– Ժամանակին Հայաստանում երգում էիք, ինչո՞ւ դադարեցրիք:

– Նորից երգելու եմ, շուտով ձայնասկավառակս կթողարկվի: Հնարավոր է Հայաստանում համերգ ունենամ:

– Ինչո՞ւ մեկնեցիք հայրենիքից, չէ՞ որ ձեր երգերը ամենաշատ պահանջվածներից էին:

– Ցավոք, հայտնի լինելով՝ գրպանդ չի լցվում: Գնացի, որովհետեւ ավելի մեծ բաների եմ ուզում հասնել, որոնցից կշահեն նաեւ իմ ընկերները: Ակնկալիքներս ինչ-որ չափով արդարացան: Այժմ մեծ-մեծ մարդկանց հետ եմ շփվում, օրինակ՝ Ջոջո անունով երգչուհուն հայտնաբերողի, Թոնի Բրեքսթոնի պրոդյուսերներից Վինսենթ Հերբերթի եւ այլոց հետ: Նրանց հետ արդեն համագործակցության եզրեր կան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել