1993-ից գործող Գավառի պետական համալսարանը (ԳՊՀ), որ ԵՊՀ մասնաճյուղերից է, տարբերվում է մայր բուհից նախ՝ վարձավճարի չափով, պետպատվերի տեղերի բացակայությամբ, ինչու չէ՝ նաեւ քննությունները հեշտությամբ ստանալու հնարավորությամբ:
ԳՊՀ-ում հիմնականում դասավանդում են մայրաքաղաքի բուհերի կադրերը, եւ քանի որ նրանք կարող են մեկնել Գավառ միայն հանգստյան օրերին, հետեւաբար Գավառի համալսարանում շաբաթ եւ կիրակի օրերն աշխատանքային են, փոխարենը երկուշաբթին եւ երեքշաբթին՝ ոչ աշխատանքային:
Գավառի պետական համալսարան գալիս են՝ հեշտությամբ պետական բուհի դիպլոմ ստանալու նպատակով, որպեսզի հետագայում գործատուների հետ խնդիրներ չծագեն, բացի այդ, բուհը տալիս է նաեւ բանակից տարկետման իրավունք: Սակայն, այսուհանդերձ, ԳՊՀ ընդունվում են ոչ բարձր միավորներով, բուհի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի տեղեկացմամբ՝ դեռ թափուր տեղեր էլ են մնում: Ռեկտորը ուրախալի փաստ համարեց այն, որ Գավառի համալսարան ընդունվելու համար բարձր դասարանցիները մասնավոր պարապմունքների են հաճախում, ինչը նշանակում է, որ դիմորդներն սկսել են ավելի լուրջ վերաբերվել ընդունելությանը: Ռ. Հակոբյանը նշեց, որ 2006-ի ընդունելության քննություններն այստեղ խիստ օբյեկտիվ են անցկացվել. ընդունող հանձնաժողովում չեն եղել բուհից մասնագետներ, որոնք արդեն քիչ թե շատ բարեկամացել են տեղացիների հետ եւ կարող էին օգնել տեղի դիմորդներին: Արդյունքում՝ 399 դիմորդից 138-ը քննությունից կտրվել է: Բայց, այսուհանդերձ, ինչպես փաստեց ռեկտորը, հայտնաբերվել են աշխատանքներ, որոնց վրա տարբերանշաններ են եղել, եւ նմանատիպ տետրերն առանձնահատուկ խստությամբ եւ կրկնակի են ստուգվել:
Գավառի համալսարանում ուսանողների թիվը երբեմն համալրվում է Երեւանի պետական համալսարան դիմած եւ ցածր բալերի պատճառով մրցույթից դուրս մնացած դիմորդներով: ԳՊՀ-ի ռեկտորը հայտնեց, որ 2006-ին նման 22 դեպք են գրանցել. «Այս ուսանողներից ընդամենը 3-ն են մարզերից, մյուսները Երեւանից են»:
Այս մասնաճյուղում սովորելու համար ուսանողը տարեկան 70-480 հազար դրամ է մուծում, սակայն նույնիսկ այդ դեպքում վարձավճարները դժվարությամբ են հավաքվում: Ռ. Հակոբյանը փաստեց, որ Գեղարքունիքն ու Տավուշը, որտեղից մեծ քանակությամբ դիմորդներ են ունենում, այսօր ՀՀ ամենաաղքատ մարզերն են: Հավանաբար հենց աղքատության համար էլ կյանքն այստեղ բավական էժան է, ինչը երբեմն նույնպես շահագրգռում է ուսանողներին: Ռ. Հակոբյանը նշեց, որ եթե մյուս պետական համալսարանների նման ԳՊՀ-ն էլ պետության կողմից որոշակի ֆինանսավորում ունենար՝ անվճար տեղեր նույնպես լինեին, ապա 2300 ուսանողների թիվն ավելի կաճեր, իսկ համալսարանի վիճակն էլ ավելի կբարելավվեր:
Գավառի համալսարանի ռեկտորը չժխտեց, որ կոռուպցիայի դեպքեր իրենց մոտ նույնպես գրանցվում են, բայց դրանք, իհարկե, երեւանյան բուհերի մակարդակին չեն հասնի: «Անցյալ տարի մեզ մոտ Երեւանից 3 դասախոսի եմ ազատել, քանի որ նրանք քննություն նշանակելու համար ծիծաղելի գումարներ են պահանջել՝ 1000-5000 դրամ»: