Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵ՞Ս Է ԻՋԵՑՎՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԸ

Հունվար 15,2007 00:00

Սպասվում էր, որ գիտության բնագավառի բարեփոխումները կսկսվեին գիտական մեկ աստիճանի անցմամբ, որի հետեւանքով կվերացվեին ճորտատիրական հասարակարգին հատուկ, մեր ազգային արժանապատվությունը խաթարող եւ պետության բյուջեն պարազիտող ակադեմիկոսների ակումբը եւ բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ):

Սակայն այդ կառույցների երկարակեցությամբ խիստ շահագրգիռ են հենց իրենք՝ պաշտոնյաները, քանզի դրանից մեծ շահույթ են կորզում: Նրանց համար գիտական դոկտորի աստիճանը կամ ԳԱԱ թղթակից-անդամության ձեռքբերումը այսօր դարձել է իրենց պաշտոնական մեքենաների պետական համարանիշի նման տարբերակող մի կցորդ, որի համար եւ հավելյալ վարձատրություն են ստանում պետությունից՝ դրա դիմաց չկրելով ոչ մի պատասխանատվություն: Ուստի՝ սպասել, որ գիտության բնագավառում բարեփումների համար ՀՀ նախագահի կողմից պետական պաշտոնյաներից բաղկացած հանձնաժողովը կգնա որեւէ առաջադեմ քայլի՝ այդ կոռումպածին կառույցների վերացման ուղղությամբ, խիստ անհավանական է:

Խոսվում է քաղաքակիրթ աշխարհից ընդօրինակման մասին, բայց այն, որ այնտեղ արգելվում է պետական պաշտոնյային զբաղվել գիտությամբ, առավել եւս իր ենթակա կառույցում, այդ հանգամանքն անուշադրության է մատնվում: Ակնհայտ է՝ հնարավոր չէ, որ նույն մարդը պետական պաշտոն վարի եւ գիտության լիդեր լինի, էլ չենք խոսում այն մասին, որ նրանց մեծ մասը միայն պաշտոն ստանալուց հետո է դառնում «գիտնական» կամ հավակնում գիտության «տաղանդի» կարգավիճակի:

Բերեմ նման մի «տաղանդի» օրինակ իմ մասնագիտության՝ կենսաֆիզիկայի բնագավառից, որը մինչեւ 51 տարեկանների համար հատկացված տեղում վերջերս դարձավ ԳԱԱ թղթակից անդամ: Ի դեպ, նշեմ, որ Հայաստանի անկախացումից հետո՝ անցած 15 տարիների ընթացքում, հնարավորություն չկար որեւէ լուրջ փորձնական աշխատանք կատարել, հայտնաբերել գիտական «տաղանդներ», որոնց հաջողվել է մինչեւ 35 տարեկանը գիտության մեջ զգալի ներդրում անել, որպեսզի արժանանան ԳԱԱ թղթակից անդամի տիտղոսի: Իսկ մեր հերոսը՝ ԲՈՀ-ի ղեկավար պարոն Թռչունյանը, որը վերջին 5-6 տարիների ընթացքում զբաղեցրել է ՀՀ ԿԳ նախարարության համակարգում լուրջ պետական պաշտոններ, ակնհայտ է, որ չէր կարող լուրջ գիտությամբ զբաղվել: Իսկ նրա՝ մինչ այդ ունեցած գիտական կենսագրությունից հիշատակենք միայն որոշ դրվագներ:

ԵՊՀ-ն ավարտելուց հետո նա աշակերտել եւ պաշտպանել է թեկնածուական թեզը մանրէների վրա՝ Հայաստանում «Կրիշնա» աղանդի հիմնադիրներից մեկի՝ Սերգեյ Մարտիրոսովի ղեկավարությամբ: Վերջինիս՝ ամբիոնի վարիչի պաշտոնից հեռացնելուց հետո պարոն Թռչունյանը շարունակել եւ պաշտպանել է իր դոկտորական թեզը (նախկին խորհրդային երկրի որեւէ լուրջ գիտխորհուրդ հազիվ նրան շնորհեր կենսաֆիզիկայի դոկտորի կոչում): Որից հետո մայր բուհի ֆակուլտետում հայտնվել են երկու ամբիոնի վարիչի թափուր տեղեր՝ կենսաֆիզիկայի եւ մանրէաբանության: Եթե ֆակուլտետի գիտխորհուրդը այդ մանրէաբան-կենսաֆիզիկոս «տաղանդին» չի ընտրել նույնիսկ նշված ամբիոններից մեկի վարիչ եւ նա ընդամենը ղեկավարում էր մի փոքրաթիվ խումբ, այդ որտե՞ղ է իրագործել իր գիտական «հրաշքները», որի համար այժմ մեր ակադեմիկոսները նրան ընտրել են թղթակից անդամ:

Ակադեմիկոս Էդվարդ Ղազարյանի՝ ՀՀ ԿԳ նախարար ընտրվելու հետ բացվել է Թռչունյանի առաջխաղացումը. նա նշանակվել է բուհական ընդունելության քննությունների հանձնաժողովի նախագահ: Ընդունելության քննության ժամանակ դիմորդը մասնագիտական վեճի է բռնվում պարոն Թռչունյանի հետ եւ դատարանում ապացուցում վերջինիս մասնագիտական տգիտությունը: Իսկ դիմորդին, դատարանի որոշմամբ, ընդունում են համալսարան: Չնայած այս ամենին, նախարար Է. Ղազարյանը նշանակում է նրան ԿԳՆ գիտության եւ գիտական կադրերի վարչության պետ: Նրա բազմաթիվ անօրինականություններից հիշատակենք միայն մեկը: Իր պաշտոնավարման ընթացքում պարոն Թռչունյանը, թարգմանություն կատարելով օտարալեզու դասագրքերից, առանց նրանց վրա հղում կատարելու (գրագողություն), հայերեն լեզվով տպագրում եւ ձեւակերպում է դրանք՝ որպես համալսարանի ուսանողների դասագիրք, որի խմբագիրներ է նշանակում ակադեմիկոս Կոնստանտին Ղարագյոզյանին, որը այդ գրքի նյութին նույնիսկ սիրողական մակարդակով չի տիրապետում, եւ գիտակցությունը կորցրած, անկողնային վիճակում գտնվող ակադեմիկոս Սպարտակ Հովաննիսյանին: Չնայած դրան, գրքի լուրջ փորձագիտության դեպքում կարելի էր զրկել նրա հեղինակին իր բոլոր գիտական աստիճաններից, բայց նրան հաջողվել է այդ գրքով արժանանալ նաեւ ՀՀ նախագահի պարգեւին: Իսկ թե նրա ղեկավարության ընթացքում ԲՈՀ-ը ինչպիսի կրիմինալ կառույցի է վերածվել, դա քաջ հայտնի է մեր հասարակությանը: Եվ նման խղճուկ գիտական վարկանիշի տեր մարդը, որը համացանցից (Scopus Citation indection) վերցված տվյալների համաձայն, 1982թ. մինչեւ այժմ ունի իր աշխատանքների վրա ընդամենը 12 հղում (իսկ արված հղումները ունեցած վաստակի չափանիշ են), դարձել է ԳԱԱ թղթակից անդամ եւ շարունակում է համատեղել ԵՊՀ պրոֆեսորի պաշտոնը, գիտական թեմայի ղեկավարությունը, ատենախոսությունների պաշտպանության խորհրդի անդամությունը եւ այլն:

Կարծում եմ, որ պարոն Թռչունյանը միակ «ամենակարող» չկայացած գիտնական պաշտոնյան չէ, ում համար հասանելի են գիտության տեղական որակավորման բոլոր գիտական տիտղոսները: Ուստի, եթե ուզում ենք, որ Հայաստանը վերջնականապես չկորցնի իր քաղաքակիրթ դեմքը, մեկ օր շուտ պետք է հրաժարվել տոտալիտար համակարգից ժառանգված եւ տեղական վայրենի բնույթ ստացած գիտնականների որակավորման ներկայիս համակարգից:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բժշկակենսաբանական ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մի քանի օր առաջ «Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի» նախագահ Հարություն Կարապետյանը նույնպես, անդրադառնալով «տոտալիտար համակարգի մնացուկ հանդիսացող» այս կառույցին ու նրա հետագա գոյության նպատակահարմարությանը, ասաց, որ այն այսօր իր գործելակերպով ավելի քան նպաստում է գիտության արժեզրկմանը: «Միջազգային ընդունված չափանիշների տեսանկյունից մեր գիտաշխատողների «տիտղոսավորման» համար ԲՈՀ-ի կողմից ներկայացվող պահանջները պարզապես ծիծաղելի են: Ի՞նչ կերպ պետք է ընդունվի միջազգային գիտական հանրության կողմից այն հայ գիտաշխատողը, որն իր տիտղոսավորումն ապահովել է, ասենք՝ «Գարուն», «Նախաշավիղ», «Գիտություն եւ տեխնիկա», «Հայկական բանակ» պարբերականներում տպագրվելու միջոցով: Միանգամայն հասկանալի է, որ նման «խիստ» եւ «սկզբունքային» պահանջների դեպքում գիտական աստիճանաշնորհում հաստատող կազմակերպությունը վերածվում է որակն իջեցնող կազմակերպության»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել