Լրահոս
Օրվա լրահոսը

Մուրադխանյանի գործում հարցականները շատ են

Հունվար 15,2007 00:00

\"\"Գործ, որը մեկ անգամ արդեն Էրեբունի համայնքի առաջին ատյանի դատարանի կողմից վերադարձվել է լրացուցիչ նախաքննության:

2002 թվականի հունիսի 24-ին, ժամը 23-ի սահմաններում, Երեւանի Տ. Մեծ պողոտայի 3-րդ նրբանցքի 50 տան բակում տաքսի ավտոմեքենայից իջած ուղեւորը ինքնաձիգի կրակոցներով սպանում է բակում նստած Լյովա Մեհրաբյանին, նրա հորը, եղբորը, քեռուն: Երկու անձ էլ ստանում է մարմնական վնասվածքներ: Նախաքննության ընթացքում կենդանի մնացած տուժողները հայտնել էին, որ մթի պատճառով հնարավոր չի եղել տեսնել մարդասպանին: 2003թ. հունվարի 24-ին կալանքի է վերցվում Ուկրաինայում առեւտրական գործունեությամբ զբաղվող, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Արարատ Մուրադխանյանը: Վերջինիս մեղադրյալ էին ներգրավել ապօրինի «Վեպր» տեսակի ՏՍ 6687 համարի հրացանի եւ հայտնաբերված 385 հատ փամփուշտի համար: Սակայն հետագայում փոխվում է մեղադրանքի ծավալը ու նա մեղադրվում է Մեհրաբյանների ընտանիքի սպանության համար: Արարատ Մուրադխանյանը ներկայումս գտնվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում եւ 24 էջից բաղկացած նամակ էր ուղարկել «Առավոտին»: Մուրադխանյանի անունը առաջին անգամ Հայաստանում հայտնի է դարձել նրանով, որ Կոթիի ինքնապաշտպանության ժամանակ 30-ից ավելի ռմբապաստարաններ հիմնեց հայրենի գյուղում եւ մեծ մասնակցություն ունեցավ պատերազմին: Երբ անցյալ տարի դատական նիստը տեղափոխվեց Էրեբունի-Նուբարաշեն համայնքների դատարանից Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, 800-ից ավելի համագյուղացիներ ՀՀ նախագահին նամակ էին հղել: Բանն այն է, որ հոկտեմբերի 16-ից ընթանում էին դատական նիստեր եւ դրանք չէին տեսաձայնագրառվում: Այս գործն աղմկահարույց է նրանով, որ կալանքի ժամկետի խախտման վերաբերյալ հարցով Մուրադխանյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ըստ «Առավոտի» տեղեկությունների, Լյովա Մեհրաբյանը հաճախակի է գտնվել Կիեւում, Արարատի հետ առնչվել: Կապված իրենց գործունեության հետ, մասնավորապես, ըստ տարածված լուրերի, ուկրաինացիները փորձել էին Արարատին 720 հազար դոլարի (1400 տոննա շաքարավազի դիմաց) «քցել» եւ այդ տարաձայնությունների ժամանակ Կիեւում հեղինակություն հանդիսացող Լյովա Մեհրաբյանը փորձել էր հարցը կարգավորել: Ըստ Մուրադխանյանի, գումարը ստացել էր եւ չէր տվել իրեն: Արարատ Մուրադխանյանը մինչեւ այս գործում ներգրավվելը, կասկածվել է իր գործընկերոջ՝ Վիկտոր Պրյադկոյի սպանության մեջ, որին հրազենով սպանել էին իր տան մուտքի առաջ: Մեկ տարի 4 ամիս էլ հայ գործարարը մնում է Պոլտավայի մեկուսարանում, սակայն հետագայում գործը լրացուցիչ քննության է ուղարկվում եւ նրա նկատմամբ կասկածները չեն հաստատվում, ազատ է արձակվում:

Ա. Մուրադխանյանը «Առավոտին» է ուղարկել իր նկատմամբ հարուցված քրեական գործը: Ըստ Մուրադխանյանի, վերոնշյալ հրացանը հայտնաբերվել է իր հոր առանձնատանը, որտեղ խուզարկություն էին կատարել առանց դատարանի որոշման: «Քաջարի մայորը նույնիսկ կտտանքների օգնությամբ չի կարողացել ձեռնտու ցուցմունքներ կորզել հորիցս, ստիպելով նրան վկայել, թե իբր գտնված փամփուշտները պատկանում են ինձ»,- «Առավոտին» գրել էր Մուրադխանյանը: Ըստ վերջինիս, ինքը 2000-ից չի բնակվել Կոթիում, այնտեղ միայն հաշվառված է եղել: Հետեւաբար, ռազմամթերքը իր տնից չի հայտնաբերվել. «Քննիչը մինչ օրս չի պարզել իր նշած զենքի օրինականության, ռազմամթերքի պատկանելության հարցերը, հետեւաբար իրականության մեջ մեղադրանք է առաջադրվել օրինական կերպով ձեռք բերված հրազենի եւ ինձ երբեւէ չպատկանած, անթույլատրելի ապացույց ներկայացվող ռազմամթերքի համար»,- գրում է Ա. Մուրադխանյանը: «Առավոտին» է ուղարկվել ՀՀ ՆԳՆ կողմից տրված տեղեկանք, որտեղ գրված է, որ Մուրադխանյանը իրավունք է ունեցել ձեռք բերել, կրել եւ պահել «Վեպր», «Տիգր», «ԻԺ 39» տեսակի հրացաններ եւ դրանց համար նախատեսված փամփուշտներ, որոնք, ի դեպ, հայտնաբերվել էին նրա հոր տանը: Սակայն որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ արձանագրված է. «Մուրադխանյանն առանց համապատասխան թույլտվության ձեռք է բերել եւ պահել է հրազեն»:

Ուշադրության արժանի են վկա տաքսու վարորդի ցուցմունքները: Մուրադխանյանի ֆոտոնկարը ճանաչման ներկայացնելիս վարորդը չի ճանաչել: Ի դեպ, քրեական գործի նյութերում մի տեղ նշված էր, որ դեպքի օրը Ռուբեն եւ Վազգեն Մեհրաբյանները տեղում են մահացել, մեկ այլ տեղ էլ՝ որ նրանք տեղափոխվել են հիվանդանոց, ապա մի քանի օր անց մահացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել