2005թ. հոկտեմբերի 28-ին «Արմենիա» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, առանց գիտակցության գալու, մահացավ Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի, 21-ամյա Նունե Բաղդասարյանը (երկու շաբաթ հետո նրա հարսանիքը պետք է լիներ):
Հոկտեմբերի 19-ին Նունեն կույր աղիի թեթեւակի բորբոքմամբ ընդունվել է «Արմենիայի» 2-րդ վիրաբուժական բաժանմունք, ուր երեկոյան կատարվել է վիրահատություն՝ վիրաբույժ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ: Մինչ «Արմենիա» դիմելը, Նունեն ցավեր զգալով դիմում է եւ հետազոտվում Միքայելյանի անվան բժշկական կենտրոնում: Սակայն Բաղդասարյանի ընտանիքը՝ 15 տարուց ավելի ճանաչելով հարեւան շենքում ապրող վիրաբույժ Արմեն Սարգսյանին, դիմում է նրան, որը հանձն է առնում կատարել վիրահատությունը: Ամեն ինչ կարծես բարեհաջող էր անցել, որովհետեւ վիրահատության հաջորդ օրը Նունեն քայլել է, գործել են նրա աղիները: Հոկտեմբերի 22-ին նա արդեն տանն էր, սակայն, ինչպես երեկ մեզ հետ զրույցում պատմեց Նունեի հայրը՝ տուժողի իրավահաջորդ Լյովա Բաղդասարյանը, նրա ջերմությունը բարձր էր: Նշենք, որ հիվանդին տուն տեղափոխելուց հետո բժիշկը հոկտեմբերի 22-ին, 23-ին եւ 24-ին ընդհանրապես չի այցելել Ն. Բաղդասարյանին, իսկ երբ հոկտեմբերի 25-ին Նունեն ինքն է բջջային հեռախոսով զանգում բժշկին եւ ասում, որ ջերմությունը բարձր է, բժիշկ Ա. Սարգսյանը այցելում է Բաղդասարյանին: Հիվանդին զննելուց հետո բժիշկը ասում է՝ աղիները չեն գործում, գազեր կան: Ծնողները հարկադրված Նունեին տեղափոխում են «Արմենիա», այնտեղ միացնում են սիստեմաներ, հոգնա անում, եւ աղիները գործում են: Բժիշկը որեւէ մեկի հետ չի խորհրդակցում եւ կրկին տուն է ուղարկում Ն. Բաղդասարյանին: 4 ժամ հետո հիվանդի վիճակը նորից վատանում է, ծնողները դարձյալ տեղափոխում են նրան «Արմենիա» հիվանդանոց, ուր կրկնում են հոգնան, սիստեման, կրկին տուն ուղարկում: Սարգսյանը խորհուրդ է տալիս ծնողներին՝ հիվանդին ցույց տալ թերապեւտին: Բաղդասարյանները տուն են հրավիրում իրենց հարեւանին, որը 8-րդ հիվանդանոցի թերապեւտիկ բաժանմունքի վարիչն է: Զննելուց հետո վերջինս ասում է, որ գործ ունեն վիրաբուժական խնդրի հետ: Տուժողի իրավահաջորդ Լյովա Բաղդասարյանը պատմում է, որ Սարգսյանն առաջարկում է այս անգամ աղջկան տանել «Արմենիկումի» ինֆեկցիոնիստի մոտ, քանի որ կասկած կար, թե նա վիրահատության ընթացքում ձեռք է բերել պերիտոնիտ: Այնտեղ էլ ասում են, որ իրենց հիվանդը չէ, տեղափոխել այնտեղ, ուր վիրահատել են: Երբ երկրորդ անգամ Նունեին տարան վիրահատության՝ ճնշումը 60/40 էր, թեեւ հիվանդության պատմության նկարագրում հետագայում գրվել է 90/60: Այս անգամ վիրահատությանը մասնակցում է պրոֆեսոր Ս. Հովհաննիսյանը: Վիրահատությունից հետո պրոֆեսորը հիվանդի հորը հայտնել է, թե ստիպված է եղել հեռացնել ձվարանը, փողերը, որպեսզի փրկվի աղջկա կյանքը: Այս հայտնելուց հետո ծնողներին ուղարկում են դեղատներ՝ պլազմա եւ այլ պարագաներ բերելու: Սակայն Նունեին փրկել չի հաջողվում:
Հայրը դիմում է Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների դատախազություն՝ քրեական գործ հարուցելու վիրաբույժ Արմեն Սարգսյանի նկատմամբ՝ մասնագիտական անփութության համար:
2006թ. մարտի 13-ին, հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների դատախազությունը քրեական գործի հարուցումը մերժում է: Սակայն ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը քննության առնելով տուժողի իրավահաջորդի բողոքը, վերացնում է վերոնշյալ որոշումը, գտնելով, որ առկա են հանցագործության հատկանիշներ: Գործի նախաքննությունը շարունակելու համար տուժողի իրավահաջորդը դիմում էր գրել գլխավոր դատախազություն, որպեսզի վարույթը տեղափոխվի Մալաթիա-Սեբաստիա համայնքների դատախազություն: Վերջինս քրեական գործ է հարուցում բժիշկ Ա. Սարգսյանի նկատմամբ, ընտրվում է նրա նկատմամբ խափանման միջոց ստորագրությունը՝ քաղաքից չբացակայելու պայմանով: Գործը օրերս ուղարկվել է համայնքի դատարան, տուժողի իրավահաջորդի փաստաբանն է փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանը:
Նախաքննության ընթացքում բժիշկը, իհարկե, արդարացել է, հայտնելով, թե Բաղդասարյանը ստացել է պատշաճ բուժօգնություն, մասնավորապես՝ դեղորայքային, «որեւէ կոնկրետ բացթողում չի եղել», սակայն տուժողի իրավահաջորդը մեզ տեղեկացրեց, որ վիրահատությունից հետո օրեր շարունակ իրենք փնտրել են բժշկին: Բժիշկը՝ Ա. Սարգսյանը, ցուցմունք էր տվել, որ Նունեին ներարկված «դեղորայքների ֆլակոնները վիրահատությունից հետո չեն պահպանվել՝ նետվել են աղբարկղ: Իմ համոզմամբ, հիվանդի հետագա վիճակը կապված չէ իմ կողմից կատարված վիրահատության հետ»,- ասել է Ա. Սարգսյանը: «Արմենիայի» վիրաբուժական բաժանմունքի վարիչ, վկա Վարազդատ Մխիթարյանն էլ իր ցուցմունքում հայտնել է, որ հիվանդի մոտ առկա է եղել դանդաղ ընթացող պերիտոնիտի զարգացում: Սակայն կա մի այլ հարց. բաժանմունքի վարիչը տեղյակ չի եղել իր վիրաբույժի գործողությունների եւ հիվանդի մասին: Չնայած Ա. Սարգսյանը լրացուցիչ հարցաքննության ժամանակ հայտնել էր, թե քանի որ վիրահատությունը կատարել է երեկոյան եւ բաժանմունքի վարիչն էլ աշխատավայրում չէր, ուստի Վ. Մխիթարյանը տեղյակ չի եղել: Քննիչի այն հարցին, թե հիվանդի՝ հիվանդանոցից դուրս գրվելու մասին էլ ինչու տեղյակ չի պահվել բաժանմունքի վարիչին, վիրաբույժը պատասխանել է. «Քանի որ օրը շաբաթ էր, բաժանմունքի վարիչն էլ այդ ժամին աշխատավայրում չէր, այդ մասին տեղեկացվել է երկուշաբթի օրը, համայցի ժամանակ»: Իսկ երբ հետեւել է քննիչի մեկ այլ հարցը, թե ինչո՞ւ առավոտյան համայցի ժամանակ հիվանդի վիճակի մասին տեղյակ չի պահվել բաժանմունքի վարիչին, բժիշկը պատասխանել է. «Բաժանմունքի վարիչը Նունե Բաղդասարյանի մասին ինձ չի հարցրել»: