Լրահոս
Օրվա լրահոսը

«Արաբկիրից աղբը չի պակասում»

Հունվար 15,2007 00:00

\"\"Բողոքում են Արաբկիր համայնքի բնակիչները

Ի տարբերություն մյուս համայնքների, Արաբկիր համայնքի բնակիչները տարին կլոր աղբահանությունից դժգոհ են: «Արդեն շաբաթից ավելի է, մեր բակում աղբահանություն չի կատարվել: Աղբն այնքան է ավելացել, որ մարդկանց ճանապարհը փակել է, անցնելու տեղ չկա: Բախտներս բերել է, որ ձմեռ է, թե չէ հակահիգիենիկ վիճակից խոլերա կսկսվեր»,- երեկ «Առավոտին» բողոքեցին Գրիբոյեդովի 5ա եւ Կոմիտասի 50, 58 շենքերի բնակիչները: Այդ հասցեների բնակիչները աղբը թափում են բակի կենտրոնում՝ ավտոտնակներից մեկի հարեւանությամբ: Այնտեղ նույնիսկ աղբաման չկա տեղադրված: Երեկ մեր այցելության պահին բակում, իսկապես, սարսափելի տեսարան էր, աղբակույտն այնքան էր բարձրացել, որ հասել էր ավտոտնակի բարձրությանը:

Այդ տարածքով մեքենաներն այլեւս չեն կարողանում անցնել եւ բակ մտնելու համար ստիպված են այլ ճանապարհներ փնտրել: Եթե այս շենքերի բնակիչները բողոքում էին իրենց մի քանի օրվա աղբը չտանելու համար, ապա կահույքի գործարանի հարեւանությամբ՝ Փափազյան փողոցի սկզբնամասում ամիսներ շարունակ աղբահանություն չի կատարվում: Մերձակա շենքերի բնակիչների խոսքերով՝ «Այստեղի աղբը չտանելն արդեն սովորական է դարձել, ավելին՝ շատ աղբատար մեքենաներ հենց այստեղ են գալիս իրենց թափքի պարունակությունը դատարկելու, կարծես Նուբարաշենի աղբանոցն է»: Ինչո՞ւ Արաբկիրից աղբը չի պակասում՝ մեր այս հարցին Արաբկիրի թաղապետ Հովհաննես Շահինյանն այսպես պատասխանեց. «Համայնքի աղբահանությունը լիարժեք իրականացնելու համար անհրաժեշտ է մոտ 100 աղբատար, իսկ մեր ունեցած տեխնիկան դեռ նոր 50-ին է մոտենում: Բացի այդ՝ շարունակվող եղանակային ցուրտ պայմանները թույլ չեն տալիս, որ աղբահավաքները իրենց գործը լիարժեք անեն: Նրանք հիմնականում աշխատում են երեկոյան ժամը 18.30-ից 19-ը, իսկ այդ ժամերին անտանելի ցուրտ է, եւ աղբահավաքներն ուղղակի ի վիճակի չեն այդ պայմաններում աշխատել, քանի որ աշխատանքների մեծ մասը ձեռքով են անում: Ձյունն էլ է շատ, աղբատար մեծ մեքենաները չեն կարողանում մտնել նեղ բակեր, իսկ նեղ բակերի համար նախատեսված տեխնիկա դեռեւս չունենք: Մենք ավելացրել ենք աղբահանության աշխատանքային այցերի թիվը եւ հույս ունենք, որ վիճակը կկարգավորվի»: Թաղապետի համոզմամբ, աղբահանության համար մուծվող գումարը՝ յուրաքանչյուր անձի համար 100-ական դրամը, շատ քիչ է, պետք է գոնե 300 դրամ սահմանել՝ «որպեսզի այդ աշխատանքները լիարժեք կատարվեն»:

Արաբկիրի թաղապետարանից տրամադրեցին թաղապետարանում գործող թեժ գծի հեռախոսահամարը՝ 28.44.13, որպեսզի բնակիչը բողոք ունենալու դեպքում ահազանգի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել