«Սիսիանցի» գայլը կամ շատ սոված էր, կամ՝ կատաղած, կամ էլ շան տեղ էին պահել
Թե ինչու էր Սյունիքի անտառներից գայլը իջել-հասել մարդկանց բնակավայր եւ հարձակվել Սիսիանի Բռնակոթ եւ Ույծ գյուղերի յոթ բնակչի վրա ու նրանց կծել՝ մասնագետները մի շարք պատճառներ են նշում: Հիշեցնենք, որ հունվարի 10-ին գայլի կծոցներից մարմնական վնասվածքներով Սիսիանի հիվանդանոց է տեղափոխվել յոթ բնակիչ: Գայլը հարձակվել էր մարդկանց վրա հենց տանը: Այս դեպքը Որսորդների եւ ձկնորսների միության նախագահ Սայաթ Դավթյանը, որը նաեւ որսորդ է, ավելի շատ պայմանավորեց մարդկային գործոնով: «Առավոտի» հետ զրույցում Ս. Դավթյանն ասաց. «Սա բացառիկ դեպք է, որ գայլը մտնի տուն եւ մարդկանց կծի, իմ պրակտիկայում առաջին անգամ է նման բան հանդիպում:
Ճիշտ է, ձմռանը գայլերը կերի պակաս ունենում են եւ սոված են լինում, բայց իմ համոզմամբ, այդ գայլի հարձակման պատճառը սովը չի եղել: Կան մարդիկ, որ վայրի գիշատիչներին, հատկապես գայլերին շան տեղ են պահում, նրանց շների պես գազազեցնում են, շների հետ կռվեցնում են, սովորեցնում են մարդկանց վրա հարձակվել եւ այլն, հետո, երբ այդ գայլերին ազատ են արձակում կամ հենց գայլերն իրենք են փախչում, նման դժբախտ դեպքեր են լինում: Այդ պայմաններում մեծացած գայլերը շատ վտանգավոր են: Ես միայն այդպես կարող եմ բացատրել այդ երեւույթը, քանի որ, եթե սոված գայլը անտառից իջնում-հասնում է մարդկանց բնակավայր, ապա ոչ թե տուն է մտնում, այլ գոմերին է մոտենում, որ անասուն գողանա: Ինչ վերաբերում է մարդ որսալուն, դա մի քիչ տարօրինակ է: Բացի այդ, գայլերը արջերի նման վրիժառու չեն, ասենք՝ եթե վիրավորված լինեն եւ գան մարդուց վրեժ լուծելու, ընդհակառակը՝ նրանք, եթե մի տեղից անասուն են գողանում, ապա երկար ժամանակ այդ կողմերում էլ չեն երեւում: Անցած տարի էլ Մեծամորում գայլը ոչխարների մի ամբողջ հոտ էր վնասել, հետո պարզվեց, որ այդ գայլին փոքր ժամանակվանից մարդը պահել է եւ նրան միշտ գառի մսով է կերակրել, հետո որոշել է բաց թողնել»:
Միության նախագահը չբացառեց նաեւ, որ գայլը սոված է եղել: Մեր հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ անօրինական որսի պատճառով անտառներում գայլի կերը պակասած լինի եւ կենդանին սնունդ հայթայթի մարդկանց բնակավայրերում, պարոն Դավթյանը պատասխանեց. «Գայլերը հիմնականում նապաստակներով, վայրի վարազների ձագերով ու ուլիկներով են սնվում, իսկ վերջին շրջանում այդ կենդանիները, հատկապես նապաստակները զգալիորեն պակասել են. դա նրանից է, որ մարդիկ կիլոմետրերով թակարդներ են լարում ու մեծ քանակությամբ նապաստակ են որսում»:
Այս կարծիքին էր նաեւ Երեւանի կենդանաբանական ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի վարիչ Մամիկ Ղասաբյանը: Մեզ հետ զրույցում պարոն Ղասաբյանը նկատեց, որ վերջին տարիներին գայլերը հաճախ են հայտնվում գյուղերի մոտ, եւ դրա պատճառը մեկն է. «Զանգվածային որսի հետեւանքով բնության մեջ նրանց կերը շատ պակասել, է եւ նրանք իջնում են բնակավայրեր: Բացի այդ, հիմա կոլխոզ-սովխոզ չէ եւ մարդիկ ավելի լավ են տիրություն անում իրենց ընտանի կենդանիներին, իսկ այն ժամանակ բնակավայրերից հեռու գտնվող ֆերմաներից գայլերը կարողանում էին անասուններ գողանալ եւ սնվել»: Ըստ նրա, գայլերը հիմնականում աշնանն են ագրեսիվ դառնում, երբ ձագերին դուրս են բերում որս անել սովորեցնելու: Կենսաբանը գայլի՝ մարդկանց վրա հարձակման հնարավոր պատճառներից համարեց նաեւ կատաղությամբ հիվանդ լինելը, ինչը պարզ կդառնա գայլի մարմինը լաբորատոր հետազոտության ենթարկելուց հետո միայն:
Մեր տեղեկություններով, երբ գայլի կծած յոթ տուժածներին տեղափոխել են Սիսիանի հիվանդանոց, բուժհիմնարկում կատաղության դեմ պատվաստանյութ չի եղել, եւ հիվանդանոցի տնօրինությունը այն բերել է Երեւանից: Դեղամիջոցը հիվանդներին ներարկվել է դեպքից մեկ օր հետո միայն: Հակահամաճարակային տեսչության պետի տեղակալ Ղազարոս Հակոբյանի խոսքերով, չնայած կատաղության դեմ պատվաստանյութը շատ թանկ արժե՝ մեկ սրվակը մոտ 60-70 հազար դրամ, հիվանդանոցները պարտավոր են իրենց միջոցներով դա ձեռք բերել եւ նման արտակարգ դեպքերի համար նախապես ձեռքի տակ ունենալ. «Մենք, հաշվի առնելով, որ մարզերում նման դեպքեր հաճախ կարող են պատահել, որոշակի քանակությամբ հակակատաղության պատվաստանյութ տրամադրում ենք, բայց իրենք էլ իրենց զապասը պետք է ունենան»: Հիվանդանոցից հայտնեցին, որ երեկվա դրությամբ երեք տուժած դեռեւս հիվանդանոցում էր, իսկ մնացածը տեղափոխվել էին տուն՝ բուժումը տանը շարունակելու: