Քանաքեռ-Զեյթունի աղբահավաքության համար անաշխատունակ դարձած մարդուն ոչ փոխհատուցում են տվել, ոչ էլ հաշմանդամության գրքույկ:
Գրիգոր Կնյազյանն արդեն երեք տարի է՝ կնոջ եւ երկու անչափահաս երեխաների հետ ապրում է Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մի խղճուկ հյուղակում: Նախկինում Կնյազյաններն ապրել են մայրաքաղաքում: Գրիգորը՝ տան միակ աշխատող ուժը, եղել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի աղբահավաք մեքենավարը, բայց աշխատանքի ընթացքում ընկնելով մեքենայի վրայից եւ կոտրելով ձեռքը՝ դարձել է անաշխատունակ հաշմանդամ: Ներկայումս նրա ձեռքի ոսկորի փոխարեն դրված է երկաթ: Սակայն Գրիգորն այդպես էլ հաշմանդամության գրքույկ չի ստացել: «Շատ փող էին ուզում՝ չկարողացա տալ, թեեւ երկրորդ կարգի հաշմանդամ եմ, բայց գրքույկ չունեմ, դրա համար էլ զրկված եմ նաեւ հաշմանդամության թոշակից: Որպեսզի գրքույկ ստանամ՝ ուր ասես, որ չեմ դիմել՝ քաղաքապետարան, թաղապետարան, ի վերջո, բերանս փակելու համար 15 հազար դրամ նպաստ նշանակեցին, որով էլ ապրում ենք»,- պատմեց Գ. Կնյազյանը:
Ձմռան այս ցուրտ օրերին Կնյազյանների տունը չի ջեռուցվում, վառելափայտ չունեն, ոչ էլ փող՝ կոմունալ վարձերի համար: Երբ երեխաները շատ են սառչում, գյուղի խանութներից թղթե արկղեր են հավաքում-վառում, որ տաքանան:
Տանտիկնոջ՝ Անուշ Մկրտումյանի խոսքերով, իրենք բազմիցս օգնության համար դիմել են Բյուրականի գյուղապետ Հրաչյա Ավագյանին, սակայն նրանից ոչ մի նյութական աջակցություն չեն ստացել: Կնյազյանների ընտանիքը գոյատեւում է հարեւանների տված սննդով. «Մեկը հաց է տալիս, մյուսը՝ կարտոֆիլ, դրանով օրերը լուսացնում ենք, երբ դիմում ենք գյուղապետին՝ չի մերժում, ասում է հնարավորություն չունեմ, երբ ունեցա՝ կտամ: Այդպես էլ նրա տվածը չենք տեսնում»,- դժգոհեց Անուշ Մկրտումյանը:
Որպեսզի ընտանեկան հոգսը փոքր-ինչ թոթափեն, Կնյազյաններն իրենց երկու տղաներին՝ Լեւոնին եւ Գագիկին ուղարկել են Աշտարակ քաղաքի գիշերօթիկ դպրոց, որ գոնե երեխաներն այնտեղ սնվեն ու գիշերեն: Ի տարբերություն հանրակրթական դպրոցների, որտեղ աշակերտները գրքերի, ֆոնդերի եւ այլ վճարումներ են կատարում, գիշերօթիկում գրենական պիտույքներն անվճար են հատկացվում աշակերտներին: Այդուհանդերձ, եթե նրանց հոր՝ Գրիգոր Կնյազյանի ձեռքը չվնասվեր եւ նա աշխատունակ լիներ՝ երեխաներին ոչ մի գնով թույլ չէր տա գիշերօթիկ հաճախել: