Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՐ ԵՆ ԳՆԱՑԵԼ USAID-Ի ՓՈՂԵՐԸ

Հունվար 15,2007 00:00

\"\"Ամերիկացիների տրամադրած նվերը, հավանաբար, տեղ չի հասել

Երեւանի քաղաքացիներից մեկը՝ Արթուր Կարապետյանը, արդեն քանի տարի է՝ իր նախաձեռնությամբ պայքարում է անշարժ գույքի գրանցման, սոցիալական ապահովության, առողջապահության եւ այլ ոլորտներում առկա կոռուպցիայի դեմ: Նա սեփական հետաքննություն է անցկացրել՝ պարզելու, թե այս կամ այն ծրագրի շրջանակներում տեղակամ կամ միջազգային կառույցների տրամադրած գումարներն ուր են գնում:

Հերթական ուսումնասիրություններից մեկի ժամանակ Էրեբունի համայնքում բնակվող երիտասարդ Ա. Կարապետյանը պարզել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID)՝ սոցիալական բարեփոխումների ծրագրերի փողերը տեղական իշխանությունները նպատակային չեն ծախսել:

Մասնավորապես, խոսքը սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրման շրջանակներում USAID-ի տրամադրած գումարների մասին է: Ա. Կարապետյանի հավաստմամբ՝ այդ ծրագրով նախատեսված է եղել 2000-2005 թվականների ընթացքում սոցիալական ծառայությունների յուրաքանչյուր տարածքային կենտրոններին մեկական համակարգիչ տրամադրել: Սակայն ծրագիրն ավարտվել է, գումարները ծախսվել են, բայց, ըստ Արթուր Կարապետյանի, Էրեբունի համայնքի սոցծառայության տարածքային կենտրոնն այդպես էլ իրեն հասանելիք համակարգիչը չի ստացել:

Մեր տեղեկություններով՝ USAID-ն այդ ծրագիրն իրականացրել է Համաշխարհային բանկի հետ համատեղ: Ինչպես երեկ ճշտեցինք ՀԲ-ի սոցծրագրերի բաժնից, USAID-ի հետ իրենք նման տեխնիկական աջակցության ծրագրեր շատ են իրականացրել: Համաշխարհային բանկը նման դեպքերում դրամաշնորհներ տրամադրողի դերում է, իսկ ծրագրի իրականացնողը USAID-ն է:

ԱՄՆ ՄԶԳ-ն մեր երկրի մի շարք ոլորտներում՝ սոցիալական, առողջապահության, կրթության, էներգետիկայի, 25-ից ավելի ծրագրեր է իրականացրել: Սոցբարեփոխումների ծրագիրը USAID-ի ամենախոշոր ծրագիրն է, որն իր մեջ ներառում է սոցքարտերի ներդրումից սկսած մինչեւ մանկատների, ծերանոցների, հիվանդանոցների վերանորոգում, հաշմանդամ երեխաներին մարդասիրական օգնություններ եւ այլն: Հասկանալի է, որ նման խոշոր ծրագրի իրականացման գործընթացում ընդամենը մեկ համակարգչի չտրամադրման խնդիրը կարող է փոքր թվալ, բայց տվյալ դեպքում հարցը գումարի փոքր կամ մեծ լինելը չէ: Մեկ համակարգիչը կարժենա 1000-1500 դոլար եւ ո՞ւր է կորել այդ համակարգիչը՝ անհասկանալի է:

Էրեբունի համայնքի սոցծառայութ յան տարածքային կենտրոնից «Առավոտին» պարզաբանեցին, որ ներկայումս իրենք 6-7 համակարգիչ ունեն: Կենտրոնի հաշվապահ Նարինե Մանուկյանի ներկայացմամբ՝ «Մենք USAID-ից օգնություն չենք ստացել: Մեկ համակարգիչ տվել է Կենսաթոշակային հիմնադրամը, այն էլ ոչ թե 2000-2005թթ. ժամանակահատվածում, այլ՝ 2006-ի մարտին: Չգիտեմ, գուցե դա է եղել USAID-ի նվերը»:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններին համակարգիչներ տրամադրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջնորդությամբ: Նախարարությունից մեզ ասացին, որ իրենք միայն ու միայն միջնորդի դեր են կատարել, իսկ թե ծրագիրն ինչպե՞ս է իրականացվել, բաժանե՞լ են համակարգիչները, թե ոչ՝ իրենք պատասխանատու չեն: Ծրագրին տեղյակ է եղել նախարարության սոցիալական ապահովագրության եւ կենսաթոշակային ապահովության վարչության նախկին պետ Արտեմ Ասատրյանը, որն այլեւս նախարարությունում չի աշխատում:

Համակարգիչներ բաժանելու գործում ներքաշված է եղել նաեւ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը: Հիմնադրամի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ռուբեն Մարկոսյանի պարզաբանմամբ՝ «USAID-ի ծրագրով մենք բոլոր տարածքային կենտրոններում, այդ թվում՝ Էրեբունիում, համակարգիչներ ունենք, ունենք սերվերներ, որոնք 20 համակարգչի գումար արժեն: USAID-ն մեզ փող չի տվել, նրանք համակարգիչն են տվել, ընդ որում՝ համակարգչի արժեքն էլ գաղտնի է պահվել»:

ԱՄՆ ՄԶԳ-ից երեկ չհաջողվեց խնդրի առնչությամբ պարզաբանումներ ստանալ: Հավանաբար՝ տոների պատճառով գործակալության հայաստանյան գրասենյակի հեռախոսահամարները չէին պատասխանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել