Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ

Հունվար 15,2007 00:00

 ԱՄՆ կառավարությունը կշարունակի նպաստել հայ-թուրքական սահմանի բացման հարցին:

Այդ մասին, ըստ «Արմինֆոյի», հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնտոնի Գոդֆրին Երեւանում «Հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական եւ սոցիալական հետեւանքները» միջազգային խորհրդաժողովի անցկացմանը նվիրված միջոցառման ժամանակ: Նրա խոսքերով, սահմանի բացումը կնպաստի ոչ միայն սոցիալ-տնտեսական հարաբերությունների զարգացմանը, այլեւ՝ Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: Սահմանի ապաշրջափակումը շահավետ է ոչ միայն Հայաստանի, այլեւ Թուրքիայի համար, նշել է Է. Գոդֆրին: Անդրադառնալով միջազգային խորհրդաժողովի անցկացման նպատակներին՝ ամերիկյան առաքելության ղեկավարը հաղորդել է, որ խորհրդաժողովին կհրապարակվեն հետազոտություններ, որոնք ակնառու կերպով կներկայացնեն փակ սահմանների պայմաններում ստեղծված տնտեսական եւ սոցիալական իրավիճակը, ինչպես նաեւ կներկայացնեն սահմանի ապաշրջափակման առավելությունները: Միջազգային տնտեսագիտության գծով ամերիկացի փորձագետ Գերի Հուֆբաուերն, իր հերթին նշել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ կիրառվող քաղաքական պատժամիջոցները՝ ի դեմս սահմանների փակման, գործում են ի վնաս հենց իրենց: Նրա խոսքերով, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ոչ մի երկիր չի կարողացել ապահովել տնտեսական բարգավաճում առանց սահմանակից տարածաշրջանների հետ ապրանքաշրջանառության եւ միջազգային ներդրումների իրականացման, ամփոփել է փորձագետը: Բացի այդ, նա հաղորդել է, որ Հայաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումները ներկայումս կազմում են ՀՆԱ-ի 1,3 տոկոսը, միջազգային առեւտրի ծավալները՝ ՀՆԱ-ի 17 տոկոսը, իսկ հարաբերությունների բարելավման դեպքում իրավիճակը զգալիորեն կբարելավվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել