Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՔԱՅԼԵՐԻ ՊԱՇԱՐԸ ԴԵՌ ՍՊԱՌՎԱԾ ՉԷ

Հունվար 15,2007 00:00

2000-ից սառեցված են Տրանսկասպյան գազամուղի աշխատանքները, թեպետ Եվրամիությունը որոշակի դրամաշնորհներ է հատկացրել նախագծի բնապահպանական եւ ֆինանսատեխնիկական փորձաքննությունների համար:

Այս հանգամանքը մատնանշելով՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն ասաց. «Տրանսկասպյան գազամուղը պետք է միացնի Թուրքմենստանն Ադրբեջանին Կասպից ծովի հատակով, այնուհետեւ միացվի Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղին, որը հետո պետք է Նաբուկո կառուցվելիք գազամուղով շարունակվի դեպի Հարավային եւ Կենտրոնական Եվրոպա: Այսպիսով Եվրոպան պիտի ստանա Ռուսաստանը շրջանցող գազատար, որով կարող է բավարարել իր էներգետիկ պահանջների 20-25 տոկոսը: Այստեղ խաղաթղթերն, իհարկե, խառնեց Թուրքմենբաշիի մահը, որով հարցականի տակ դրվեց Թուրքմենստանի ապագա քաղաքականությունը, եւ այնտեղից ՌԴ-ին դուրս մղելու խնդիրը դեռեւս քննարկման առարկա է:

Հայաստանի ներգրավվածությունը տարածաշրջանային ու մանավանդ նման խոշոր նախագծերում կարելի է միայն ողջունել: Սակայն կարծում եմ, որ ինչպես նախկինում էլ հայտարարվել է՝ մեր մասնակցության գինը չի լինելու ղարաբաղյան հարցը: Եվ եթե հաջողվի մի օր կառուցել Տրանսկասպյան գազամուղը եւ ապահովել Հայաստանի ներգրավվածությունը ոչ ի հաշիվ ԼՂ հարցում լրացուցիչ փոխզիջումների, իհարկե, պետք է ողջունել սա: Դիտարկման է արժանի նաեւ այն հանգամանքը, որ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մատուցել է այս խնդիրը էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացիայի կարեւորության համատեքստում, այսինքն՝ Իրան-Հայաստան գազամուղը փաստորեն չի դիտարկվում որպես դիվերսիֆիկացիոն հնարավորություն, եւ մենք էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից դեռ որոշակի քայլեր ունենք ձեռնարկելու: Այնուհանդերձ՝ Օսկանյանի հայտարարությանը հետեւած աղմուկը նաեւ քարոզչական է: Եվ Ռուսաստանի որոշ օղակներ այն դիտել են որպես Հայաստանի կողմից հակառուսական անդրանիկ դեմարշ այս տարում: Կարծում եմ՝ այս առումով դեռ կլինեն որոշակի շահարկումներ: Իսկ իրականում՝ տարիների խնդիր է այդ նախագիծը կյանքի կոչելը, հետեւաբար՝ գործնական որեւէ հետեւանքներ մեզ համար դեռ չեն լինի, բացի լրատվական աղմուկից ու քարոզչական պատերազմներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել